Հայաստանը՝ բուռն փոփոխությունների շեմին…

221

Հայաստանում շարունակում են բուռն իրադարձություններ ընթանալ՝ կապված առաջ եկած նոր իրողությունների հետ, որ խոստանում են բավական հետաքրքրական լինել, անակնկալներով լի: Այս առումով հատկապես կարևորվում է առաջիկայում՝ ընդամենը մեկ ամսից տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը, որը, ըստ որոշ գնահատականների, խոստանում է մի շարք անակնկալներ մատուցել բոլորին՝ հասարակներիցս մինչև վերնախավայիններ:

Փաստը, որ ՀՀԿ համագումարը սովորաբար կայացվում է երկրում տեղի ունեցած կամ տեղի ունենալիք փոփոխությունների շեմին, ինքնին խոսում է այն մասին, որ դրա նշանակությունը Հայաստանի կյանքում հսկայական է, իսկ դրա ընթացքում, մասնավորապես, նախագահի հնչեցրած ուղերձներն՝ իրենց բովանդակության մեջ խորքային, բազմաշերտ մեսիջներով, որպես կանոն, կարևորագույն նշանակություն են ունենում անխտիր բոլորի համար՝ ուրվագծելով այն հիմնական տրամաբանությունը, որի ծիրից ներս պետք է ընթանան հետագա զարգացումները: Եվ ուրեմն՝ հարց է ծագում՝ որո՞նք են լինելու այն հիմնական շեշտադրումները, որ հոկտեմբերի վերջին կարող են հնչել այս բարձր ամբիոնից:

Որպեսզի հնարավոր լինի կանխատեսել այս ամենը, պետք է հաշվի առնել մեկ բան՝ երկրում իրավիճակ է փոխվել: Ընդ որում՝ փոփոխությունը վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպեկտներին, որոնք, բնականաբար, չեն կարող չարտացոլվել Սարգսյանի կողմից հնչեցվելիք խոսքում: Բայց հիմնական շեշտը, որ կդրվի ուղերձում, ըստ էության, ներքին փոփոխություններին պատրաստ լինելն է՝ ուղերձ, որ վերաբերելու է նախևառաջ կուսակցական վերնախավին: Հաշվի առնելով, որ Կարապետյանը, բնականաբար, ոչ առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի», ջանում է համակարգային փոփոխություններ մտցնել երկրում՝ տնտեսությունը ճահճացած վիճակից դուրս բերելու, ներքին ուժային վերադասավորումներ կատարելու, ներքին քաղաքականությունն արտաքին մարտահրավերներին ու ռեալներին համապատասխանեցնելու, պետք է ակնկալել, որ Սարգսյանի հիմնական խնդիրն է լինելու այդ ամենը սրբագրելն ու արդարացնելը՝ հասկացնելով ազդեցիկ կուսակիցներին, որ երկիրը թևակոխել է մի փուլ, երբ այլևս հին մեթոդներով ու բանաձևերով հնարավոր չէ առաջ շարժվել. պետք է, այսպես ասած, վերաբեռնավորում կատարել:

Բայց հարցը, թե որքանով ընկալելի կամ ընդունելի կլինեն Սարգսյանի նմանօրինակ շեշտադրումները, դեռևս, իհարկե, հարցականի տակ է, քանի որ ակնհայտ է՝ ոչ բոլորի շահերից կարող են բխել խաղի նոր կանոնները, մանավանդ, որ այն, ըստ էության, ենթադրելու է նաև ալան-թալանի հստակ զսպում, բիզնեսի վարման նոր կանոնների հաստատում, տնտեսական քաղաքականության մեջ առկա շեշտադրումների փոփոխություն. բաներ, որոնք, հավանաբար, այնքան էլ հաճելի չեն լինի հեշտ ապրուստի սովոր, քրեա-օլիգարխիկ համակարգին ընտելացած անձանց քիմքին:

Կգտնի՞, արդյոք, Հայաստանի ղեկավարությունն իր մեջ ուժ՝ տեկտոնական տեղաշարժերի ենթարկելու երկրի լճացած համակարգն ու վերաթարմացնելու պետական կառավարման ողջ տրամաբանությունն ու գործիքակազմերը, անխոս, կարող է ցույց տալ լոկ ժամանակը, քանի որ, եթե ենթադրենք էլ, որ այս ամենը մաքուր սրտից բխած անկեղծ ցանկություններ են, ապա պարզից էլ պարզ է, որ դրանց իրականացումն ամենևին էլ զերծ չի լինելու դժվարություններից ու ներքին դիմադրությունից. որևիցե փոփոխություն՝ էվոլյուցիոն, թե հեղափոխական, զերծ չի կարող լինել ամենատարբեր ռիսկերից ու ձախողումներից…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *