Հայաստանի նոր հնարավորությունը

timthumb (1)

ԵԱՏՄ-ում Հայաստանի ունեցած տեղի ու դերի մասին, թերևս, շատ է խոսվում: Այսօր մեր երկրի առջև ծառացած հիմնական գերխնդիրներից մեկն էլ սույն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական միավորի շրջանակներում սեփական տեղի ու դերի վերաարժևորումն է ու այն կարևորագույն հարցը, թե ինչ դերակատարություն կարող է վերապահված լինել մեզ մի պարագայում, երբ առաջին հայացքից թվում է, թե մեր ունեցած հնարավորություններն այնքան էլ անսահմանափակ չեն: Ակնհայտ է, որ այսօր մենք խնդիր ունենք առավելագույնս ինքնադրսևորվելու ու ինքնառեալիզացվելու մեկ ընդհանուր աշխարհատնտեսական այն տարածքի շրջանակում, ինչպիսին Եվրասիական տնտեսական միությունն է:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում կայացել է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի կազմակերպիչն ու նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է:

Պետք է նկատել, որ սույն իրադարձությունը Հայաստանի համար գերկարևոր է հատկապես այն առումով, որ աննախադեպ հնարավորություն է ընձեռվում մեզ՝ ոչ միայն ԵԱՏՄ, այլև համաշխարհային մասշտաբներով ճանաչելի դարձնելու Հայաստանը, երկիրը դուրս բերելու համաշխարհային տնտեսական արենա, վերածելու Արևմուտքն Արևելքին կապող օղակի, ներդրումներ ներգրավելու, շրջափակման պայմաններում երկիրը, իրոք, վերածելու աշխարհամասեր շաղկապող երկրի: Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն այս իմաստով, իրոք, կարող է բեկումնային լինել՝ հատկապես, եթե հաշվի առնենք աշխարհում ներկայումս ստեղծված ոչ այնքան սովորական իրավիճակը, երբ Արևմուտքն ու Արևելքը միմյանց հետ տնտեսական հարաբերություններ կառուցելիս ակնհայտորեն զգում են միջնորդ երկրների կարիքը:

Հայաստանը, անկասկած, կարող է ու պետք է հանդես գա այդ միջնորդի դերում, քանի որ մեր երկրի աշխարհագրական դիրքը դա թույլ է տալիս: Միայն այն, որ Մեղրիում ստեղծված տնտեսական ազատ գոտուց մինչև իրանական երկաթուղի ընկած տարածությունը կազմում է ընդամենը 40կմ, արդեն իսկ ստեղծում է բացառիկ հնարավորություններ ոչ միայն Հայաստանի, այլև այլ շահագրգիռ այլ երկրների համար՝ հենց այստեղ կազմակերպելու արտադրություն ու հեշտորեն արտահանելու երրրորդ երկրների շուկա:

Պետք է նկատենք, որ նման շահագրգռվածություն է նկատվում հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից, որն, ինչպես հայտնի է, այժմ էքստրաօրդինար իրավիճակում է՝ պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով: Փոխադարձաբար արևմտյան կապիտալն իր հերթին ևս պակաս շահագրգռված կարող է չլինել այս հարցում, քանի որ, ինչպես հայտնի է, ՌԴ-ն իր կողմից փոխադարձ պատժամիջոցներ է սահմանել համապատասխան երկրների դեմ: Եվ ահա այստեղ է, որ Հայատանի համար իրական հնարավորություն է ստեղծվում՝ կամրջելու ներկայումս միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող երկրների տնտեսություններն ու հանդես գալու յուրատեսակ միջնորդի դերում: Այսպիսով՝ ի՞նչ են առաջարկում համաժողովի կազմակերպիչները:

Շատ պարզ բան. փորձ է արվելու Հայաստանը դարձնել բիզնես հարթակ ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների համար, ստեղծելու երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների յուրատեսակ հարթակ:

Ասել կուզի՝ Հայաստանն ինտեգրել աշխարհին, վերջ տալ մեկուսացվածությանն ու մեր երկրի տնտեսությունը դարձնել համաշխարհային տնտեսության անքակտելի մասնիկը՝ մեզ համար դրանից բխող բոլոր դրական հետևանքներով հանդերձ: Իհարկե, մեկ կարևոր հանգամանք ևս ոչ մի կերպ չի կարելի աչքաթող անել. դա պետության ունեցած դերակատարությունն է այս ամենում:

Պետք է բոլորին պարզ լինի մեկ բան՝ այս ամենը հնարավոր կարող է դառնալ միայն այն պարագայում, եթե պետությունն իր կողմից կարողանա հստակ երաշխիքներ ներկայացնել նույն բիզնես շրջանակներին ու իր կողմից անել ամեն ինչ՝ համապատասխան նպատակներն ի կատար ածելու համար: Կլինի այդ կամքն ու վճռականությունը, ուրեմն՝ համաժողովը կծառայի իր բուն նպատակին, չի լինի նման վճռականություն, այդ պարագայում որևիցե էական ձեռքբերում չի կարող գրանցվել: Առաջընթացն ու զարգացումը վաստակում են, այլ ոչ երբեք որպես շնորհ ստանում: Սա պետք է պարզ լինի բոլորին:

Էռնեստ Ջանփոլադյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *