Հաղթելու ենք, այլ ելք չկա. Գագիկ Ծառուկյան

timthumb«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզչության այսօրվա կանգառը Երևան քաղաքն էր: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքված հազարավոր հյուրերին ողջույնի խոսքով դիմեց Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով հանրությանն՝ իրեն վստահելու համար:

«Աշխարհի տարբեր երկրներից հյուրեր եկան Հայաստան, ծանոթացան իմ թիմին և հիացմունքով հեռացան Հայաստանից՝ իրենց աջակցությունը հայտնելով «Ծառուկյան» դաշինքին: Ոչ միայն հայաստանցիներն, այլև ամբողջ աշխարհը տեսավ ձեր հավատն ու վստահությունը, ուստի, ինձ համար հստակ է մի բան՝ մենք հաղթելու ենք, այլ ելք չկա»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ նշեց ԲՀԿ առաջնորդը՝ նորից շեշտելով, որ անելու է ամեն բան՝ ժողովրդի կողմից իրեն տրված քվեն, վստահությունը չփոշիացնելու համար:

«Տեսնելով այս անվերապահ վստահությունը և տեսնելով, որ հաղթելու ենք, իմ գործընկերները զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ պատրաստ են «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերի լուծման համար ներդրումներ կատարել: Ես դեռ չեմ դիմել իրենց, բայց իրենք պատրաստակամ են 15 մլրդ դոլար ներդրում կատարելու երկրում: Ես իրոք փշաքաղվել եմ: Դա գալիս է այն ճիշտ պահվածքից ու հարգանքից, որ ես ունեմ ու նաև այն վստահությունից, որ տեսել են ժողովրդի կողմից մեր հանդեպ»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

«Ամբողջ քարոզարշավի ժամանակ չի եղել որևիցե մի բան, որ ես սուտ ասեմ, ինչ կարողացել եմ անել, ինչ խնդիր լուծել, միայն դրա մասին եմ խոսել, իմ ժողովրդի առաջ ես արդար եմ եղել»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ իր կողմից տրված որևէ խոստում անկատար չի մնալու:

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդը նաև անդրադարձավ իր թիմի հասցեին հնչող տարատեսակ քննադատություններին՝ շեշտելով, որ իր թիմին տեղյակ է պահել՝ ցեխ չշպրտել իրենց  մրցակիցների վրա, քանի որ  ուժեղ մարդն այդպես պետք է լինի, որովհետև ուժեղ մարդը պետք է միայն իրեն ներկայացնի:

Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ են բարեփոխումներ, ինքն առկա յուրաքանչյուր խնդրի տիրապետում է և իր թիմը պատրաստ է ոլորտ առ ոլորտ դրանց լուծումներ տալու:

«Մեր ուզածը թշնամանքը չէ, մեր ուզածը համակարգ, օրենք փոխելն է: Պետք է աշխարհի տարբեր երկրներից հրավիրել ոլորտների լավագույն մասնագետներին, ներկայացնել իրավիճակը և խնդիրներին լուծում տալ, քանի որ չպետք է կառավարման համակարգում վատ աշխատողներ լինեն, պետք է արդյունավետը խրախուսվի, վատը հեռացվի: Ահա այս ամենում է տեսնում Գագիկ Ծառուկյանը մեր երկրի հզորացման ուղին:

Ինչ որ ասում եմ, իմ ասածների համար պատասխանատու եմ: Անհնարին ոչինչ չկա, քանի որ ժողովուրդն ունի վստահություն և հավատ, ու մեր կողքին է»:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց իր թիմին, որ բոլորը մեկ մարդու պես այս քարոզարշավի ընթացքում գիշեր-ցերեկ չեն քնել և կազմակերպել են, իրենց ծրագրերը ներկայացրել են հանրությանը: Ամենակարևորը գործն է, քանի որ գործն է գնահատվում:


Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *