Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը կանցկացվի սեպտեմբերին Երեւանում

timthumb (6)ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին`ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հայ-իրաքյան հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը՝ հատկապես կրթության և գիտության ոլորտներում: Հանդիպման ընթացքում ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը: Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը Բոլոնյան գործընթացի ակտիվ մասնակից է և այժմ այն պատրաստվում է անցնել եվրոպական չափանիշներին համապատասխան ծրագրային հավատարմագրման: Այդ առումով ԿԳ նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ Իրաքի հետ համագործակցության՝ կրթաթոշակների տրամադրման, ուսանողների փոխանակման գործընթացը ապահովվի երկու պետությունների կրթության նախարարությունների երաշխավորագրերի առկայությամբ: Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը «Հորիզոն 2020» եվրոպական գիտական ծրագրի լիիրավ անդամ է, որը հնարավորություններ է ստեղծում համատեղ գիտական նախագծերի իրականացման համար: ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-իրաքյան կրթական և գիտական հարաբերությունները, որոնք կարձանագրվեն համագործակցության հուշագրով:

Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսան, շնորհակալություն հայտնելով նախարար Մկրտչյանին ջերմ ընդունելության համար, հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է կրթական ոլորտում լայն համագործակցության հնարավորությունը: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես բարձրագույն կրթության ոլորտում՝ բժշկական և ինժեներական մասնագիտությունների նկատմամբ, շեշտել համագործակցության հնարավորությունները բնական գիտությունների մասով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-26-ը, Երևանում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *