Արթուր Ալեքսանյանի սխրանքը, մարտիրոսված հերոսի լուսանկարը

Արթուր

Քսան տարի Հայաստանի մարզիկները ոսկե մեդալ չէին նվաճել Օլիմպիական խաղերում: Երեկ ուշ երեկոյան այս տխուր ավանդույթը խախտեց գյումրեցի մարզական լեգենդ Արթուր Ալեքսանյանը:

Իր հաղթանակը հունահռոմեկան ըմբիշը նվիրեց սահմանին կանգնած զինվորին ու պատերազամում նահատակվածներին, ոսկե մեդալի ստացման արարողությանը ներկայանալով շապիկով, որի վրա դաջված էր քառօրյա պատերազմի լուսահոգի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:

Արթուրի հաղթանակն, առաջին հերթին մարզական էր, նրա աշխատասիրության և տաղանդրի դրսևորումն էր: Մյուս կողմից դժվար է թերագնահատել նրա բարոյական հոգեբանական ազդեցությունը:

Երկիրը գտնվում է արտաքին, ներքին ձախողումների վտանգավոր շրջապտույտում և մեզ բոլորիս լույս էր պետք, խավարը պատռող լույս:

Պատահական չէ, որ անցնող գիշերը Գյումրիում ոչ ոք չքնեց: Ինքնաբուխ տոն էր, ազգային արժանապատվության վերագտնում: Այդ հաղթանակի մեջ յուրաքանչյուրը փորձում էր գտնել իրեն և գուցե Արթուրի սխրանքը մեկին հետ պահի արտագաղթից, մյուսին ստիպի հավատալ սեփական ուժերին, երրոդը սկսի հավատալ արդարությանը, հաղթանակի հասնելու հեռանկարին:

Մեր երկփեղկված ներքին թշնամանքով ապրող հասարակությունը երեկ ուշ գիշերին համախմբվել էր ու դրա առիթը Արթուր Ալեքսանյանի հաղթանակն էր:

Այդպիսի համախմբում էր նաև քառօրյա պատերազմի օրերին ու պատահական չէ այն ոգեղեն կապը, որն առկա է մարտիրոսված հերոսների ու Արթուրի հաղթանակի միջև:

Պատահական չէ, որ Օլիմպիադայի և աշխարհի չեմպիոնը մեծարվում է քառօրյա պատերազմի հերոսի լուսանկարն իր շապիկի վրա կրելով:

Իրականում քառօրյա պատերազմում ընկածների մարտիրոսությունը սկիզբ դրեց մի չերևացող ու հարատև պայքարի:

Սա հոգևորի, բարոյականի պայքարն է մեզ համակած սպառողական հոգեբանության դեմ:

Սա արարող ստեղծագործ մարդու պայքարն է զոռբայի և թալանչիի դեմ:

Արթուր Ալեքսանյանն այն Հայաստանի հերոսն է, հանուն որի, արցախյան երկու պատերազմում նահատակվեցին հազարավոր հայրոդիներ:

Մեր մյուս ըմբիշը՝ Միհրան Հարութունյանը, ևս կարող էր Օլիմպիական չեմպիոն դառնալ, եթե չլիներ մրցավարական կողմնակալությունը: Նրա, ինչպես նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի արծաթե մեդալներն արժևորված ու գնահատված են:

Ի դեպ, օլիմպիադային ընդառաջ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հավակնոտ, սակայն արժանապատիվ բանաձև էր առաջ քաշել. «Մեր նշաձողը պետք է բարձր լինի ու ձևակերպված խնդիրը ոչ թե գերազանցությունն է ադրբեջանցի կամ թուրք մարզիկների հանդեպ, այլ աշխարհում առաջինը լինելու ձգտումը»:

Օլիմպիադան դեռ ընթացքի մեջ է, սակայն արդեն ունենք մեծ նվաճում՝ ոսկե մեդալ՝ քսանամյա ընդմիջումից հետ: Իսկապես պետք չէր համեմատվել Ադրբեջանի և Թուրքիայի հավաքականների հետ, որոնց մարզիկները դեռ անմասն են ոսկե մեդալներից:

Վրացիները մեկ ոսկի նվաճել են, բայց մերոնց զիջում են արծաթե մեդալների քանակով:

Ու միայն հարևան իրանցիներն են, ովքեր այսօր արդեն կարող են հպարտանալ Օլիմպիական երկու չեմպիոնով:

Բաց վերադառնանք Հայաստան, որն այս օրերին ապրում է օլիմպիական հաղթությամբ ու խինդով և մի փոքր այն լուսավոր հավատով, որ շուտով գալու է մշտական հաղթանակի հետ նույնացող Հայաստանը:

Սարգիս Հակոբյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *