Խորենացի փողոցը կդառնա՞ հեղափոխության օջախ

Պ

Երբևէ մտքովս չի անցել, որ մի օր Խորենացի փողոցի Սարի թաղի հատվածը կարող է դառնալ դրամատիկ զարգացումների էպիկենտրոն: Ոմանք նույնիսկ առաջ են գնում և բարձրաձայնում են, թե հենց այս փողոցից է սկսվելու զինված ապստամբությունը, հեղափոխությունը: ՊՊԾ գնդում էլ. էներգիան ու կապն անջատված են, սակայն Ոստիկանությունը պնդում է, որհարձակման փորձ չի արել, ինչի մասին ահազանգել էր «Հիմնադիր խորհրդարանը»: Պատկան մարմինները գոնե այս պահին հարձակման մտադրություն չունեն ու շարունակում են բանակցությունները, նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ զինյալները գնդի տարածքում մեքենա են այրել:

Երեկ ուշ երեկոյան «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում ասել է, թե ներսում գտնվող տղաները զիջման չեն գնալու և պայքարելու են մինչև վերջ, ասել է թե իրականացված են ուզում տեսնել զինված ապստամբությունը: Սա արդեն մի փոքր այլ պահանջ է, քան Ժիրայր Սէֆիլեանին ազատության մեջ տեսնելու ցանկությունը: Ազատամարտիկ Վարդան Մալխասյանն, ով ժամանակին նույն գործով ազատազրկված է եղել Ժիրայր Սէֆիլեանի հետ, ակամայից բացահայտել է զինված խմբի նպատակը: Ես չգիտեմ Վարդանը կապի մեջ է զինյալների հետ, թե իր դատողություններն է բարձրաձայնել, բայց ձևակերպել է իր կարծիքով, հաղթանակի բանաձևը` Խորենացի փողոցում պետք է հավաքվի 50.000 մարդ: Պարզունակ թեզ է՝ բովանդակության ու ձևի մեջ:

Նախ տեսանելի չեն այն մեխանիզմները, խարիզմատիկ առաջնորդը, ձևակերպված օրակարգը, որոնք հասարակական համաձայնություն պետք է կայացնեն զինված խմբի ու նրա գործողությունների շուրջ: Երկրորդը` նույնիսկ 50.000 մարդու առկայությունը հասարակական համաձայնության արգասիք չէ, մանավանդ անհայտ է, թե կոնկրետ ինչ է անելու այդ 50.000 մարդը:

Իսկ իրականությունն այն է, որ գրեթե ամեն օր Խորենացի փողոցի հայտնի հատվածում հավաքվում է 400-600 մարդ: Ներկաններին պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խումբըզինյալների կողմնակիցներն են, ովքեր արդեն իսկ գտել են իրենց հերոսին՝ պարբերաբար «Պավլիկ» վանկարկելով: Խոսքն արցախյան ազատամարտի մասնակից Պավլիկ Մանուկյանի մասին է, ով ղեկավարել է ՊՊԾ գնդի գրավման գործողությունը: Հավաքվածների երկրորդ խմբին կարելի է հանդիպել Երևանի բոլոր հանրահավաքներում: Նրանք պատրաստ են գնալ ընդդիմադիր ուզածդ ուժի հետևից, միայն թե երկրում իշխանափոխություն լինի: Եվ վերջապես պարբերական հավաքներում կա ակտիվ քաղաքացիների խումբ, որը ներկա է, սակայն չի գնա կտրուկ գործողության:

Սակայն ավելի մեծ կոնտրաստ է Խորենացի փողոցում առաջացած հանրահավաքային հարթակում: Այնտեղ հավաքված գործիչներին մեկ բան է միավորում` անվստահությունը գործող իշխանության և զզվանքը խորհրդարանական ընդդիմության հանդեպ: Մնացած հարցերում կատարյալ շիլաշփոթ է: Եթե զինված խումբը հերոսացվում է Ալեք Ենիգոմշյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչների կողմից, ապա նույն Նիկոլ Փաշինյանը հաստատ այլ գնահատական տվեց:  Նիկոլի ու զինված խմբի առաջնորդների հակասությունները նույնիսկ հրապարակային դրսևորում են ստացել, որովհետև, եթե «Հիմնադիր խորհրդարանը» պատրաստվում է զինված ապստամբության, ապա Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինստիտուցիոնալ ընդդիմության թեզի միջոցովփորձում են հաջողության հասնել խորհրդարանական առաջիկա ընտրություններում:

Զինված խումբը ՊՊԾ գնդի գրավումը, Խորենացի փողոցի հանրահավաքները քաղաքական համակարգի ճգնաժամի հետևանք են: Մյուս կողմից` այստեղ, թե’ գնդի ներսում, թե’ գնդից դուրս մարդիկ գործիչներ են, ովքեր քշված են քաղաքական համակարգից, այլ խոսքով` լուսանցքային են: Հիմա այս մարդիկ ուզում են 400-600 մարդկանց հավաքները վերածել 50.000-ի՝ դուրս գալով քաղաքական լուսանցքից: Ամեն բան նույնիսկ հետաքրքիր ու ինտրիգային կլիներ, եթե զինված խմբի մոտ առկա մեծաքանակ զենքն ու զինամթերքը չսպառնար երկրի անվտանգությանը:

Սարգիս Հակոբյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *