Կեղտի մեջ կորած…

Արամայիս (1)

Ամեն տարի, երբ բացվում է տուրիստական սեզոնը, երբ ազգաբնակչության մի զգալի հատված շտապում է իր հանգիստը վայելել Սևանա լճի ափին ու ըմբոշխնել հայրենի եզերքի լազուրը, որպես այդ ամենի հետևանք խնդիր է առաջանում՝ կապված տարածքի մաքրության հետ, երբ ընդամենը մի քանի օրում կուտակվում է այնպիսի ծավալի աղբ, որ թվում է՝ Սովետաշենի աղբանոցում ես գտնվում. այս տարին ևս բացառություն չդարձավ:

Սանիտարահիգիենիկ իրավիճակը հատկապես անտանելի է հանրային լողափերին կից հատվածներում, ուր ստեղծվել է մարդու առողջությանը սպառնացող մի իրավիճակ՝ ուղեկցվող անտանելի գարշահոտությամբ ու տհաճ տեսարանով.աղբահանություն, առհասարակ, չի կատարվում: Ի դեպ, նշենք, որ աղտահարված տարածքներն այս գտնվում են «Սևան» ազգային պարկի իրավասության ներքո, որն էլ, իր հերթին, գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության վերահսկողության տակ, ինչը, սակայն, ինչպես հասկանալի է, ոչ մի կերպ չի օգնում՝ պարկի սանիտարահիգիենիկ վիճակը կարգավորելուն:

Ինչպես հայտնի է, Արամայիս Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարը, վերջերս հրամանագիր էր ստորագրել հանրապետության որոշ շրջաններում որս անելու թույլատրության վերաբերյալ՝ այդպիսով արտոնելով որսի սիրահարներին, որոնք, գաղտնիք չէ, հիմնականում էլիտայի ներկայացուցիչներ են, զբաղվել իրենց սիրելի հոբբիով:

Ակամա հարց է ծագում՝ ավելի լավ չէ՞ր լինի, արդյոք, եթե Գրիգորյանը նախևառաջ վերահսկեր սեփական ենթականերին, որպեսզի վերջիններս մի փոքր ավելի փութաջան գտնվեին ու թույլ չտային ազգային պարկի նման աղավաղում ու տեղանքում այսօրինակ անթույլատրելի իրավիճակի առաջացում:

Հետո էլ ոմանք խոսում են Հայաստանում տուրիզմի զարգացման, Հայաստանը զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն դարձնելու ու էլի նմանատիվ վերամբարձ բաներից: Հետաքրքրիր է, հատկապես ինչպե՞ս ենք պատրաստվում կապուտակ Սևանը, ասենք, նույն եվրոպացիների համար Սև ծովից ավելի գրավիչ դարձնել, երբ մի տարրական խնդրի լուծում երկար տարիներով չենք կարողանում գտնել. երևում է՝ աղբ հավաքելու մեջ ոմանք «քյար» չունեն, այդ իսկ պատճառով էլ թքած ունեն տարածքի վրա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *