Առանց ավելորդ անակնկալների…

%d5%b0%d5%a2%d5%b5%d5%b6%d5%af

Այսպիսով՝ արդեն իսկ հայտնի է Կարեն Կարապետյանի Կառավարության հիմնական անդամների կազմը՝ բացառությամբ, թերևս, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, ու հիմա արդեն իսկ վստահաբար կարելի է ասել, որ Կարապետյանի՝ բոլորին մատուցած անակնկալները չունեցան այն մասշտաբները, որ ակնկալվում էր նախքան նախարարների կոնկրետ նշանակումներն ու վերանշանակումները: Տեղեկատվության կարգով նշենք, որ, օրինակ, նույն Արտեմ Ասատրյանը, Արմեն Երիցյանը, Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Հրանուշ Հակոբյանը, Արփինե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում, իսկ մշակույթի, առողջապահության, էկոնոմիկայի, բնապահպանության, սպորտի և երիտասարդության նախարարները փոխվել են. Արմեն Ամիրյանը, Լևոն Ալթունյանը, Սուրեն Կարայանը, Արծվիկ Մինասյանը, Հրաչյա Ռոստոմյանը այսուհետ համապատասխանաբար կզբաղեցնեն իրենց պաշտոնները:

Հիմա՝ եթե փորձենք հասկանալ, թե հատկապես որն է այն հիմնական տրամաբանությունը, որով Կարապետյանը փորձել է առաջնորդվել սեփական կառավարության կազմը որոշելիս, պետք է հաստատենք այն տեսակետը, որ նորանշանակ վարչապետն իր առաջ ոչ մի այլ խնդիր չի դրել, քան հասնել երկրի տնտեսության իրական առաջընթացին՝ այդ գործը վստահելով մարդկանց, ում ինքն անձամբ է ճանաչում: Այլ ձևակերպմամբ՝ Կարապետյանը չի պատրաստվում առանձնակի քաղաքական հավակնություններ ներկայացնել ու իշխանության ներսում ծպտյալ պայքար սկսել ընդդեմ Սերժ Սարգսյանի ու նրա կողմից ստեղծած համակարգի (գոնե այս փուլում), այլ փորձելու է գնալ, այսպես ասած, էվոլյուցիոն ճանապարհով՝ եղածի վրա ավելացնելու, քարը քարին դնելու ուղիով՝ մի բան, որը, բնականաբար, չի կարող Սերժ Սարգսյանի սրտով չլինել: Ուստի՝ այս ամենը հուշում է, որ իրավiճակի տերը կրկին ու կրկին մնալու է նախագահը, իսկ Կարապետյանը, չնայած իր անկախ կեցվածքին, համարձակ մտքերին, իրականում այնքան էլ մեծ լիազորություններ չի ունենալու ու աշխատելու է սեփական ծրագրերն ու տեսլականը կյանքի կոչել ամենևին էլ ոչ ի հաշիվ մյուսների՝ պարտադրված լինելով դրսևորել առավելագույն զգուշավորություն:

Իսկ թե որքանով կհաջողվի Կարեն Կարապետյանին արդարացնել այն սպասումները, որ հասարակությունն ունի նրանից, ցույց կտա միան ապագան, բայց, որ այդ նրան անելն այնքան էլ հեշտ չի լինելու, անկասկած է. եթե չի փոխվում համակարգն՝ առհասարակ, անձերի փոփոխություններն ու այս կամ այն տեղափոխումները չեն կարող ապահովել սպասված արդյունքներ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *