90.9 %. Գորիսինն ընտրություն չէր

timthumb (14)

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, հանրապետության 69 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցեցին ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ամփոփելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, նշեց, որ թեև այս ընտրություններում ունեցանք հաղթած և պարտված հանրապետականներ, սակայն դա չի նշանակում, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ, իսկ երկիրն էլ ժողովրդավարության մակարդակով աճ է գրանցել. «Ոչ մի նշանակություն չունի այն, որ որոշ տեղերում, օրինակ, ՀՀԿ-ականները պարտվել են: Այս ընտրություններում քաղաքական մոտիվացիան այլ էր և այն ընդգծված կերպով արտահայտվեց հատկապես գյուղերում, որտեղ ոչ մի նշանակություն չուներ՝ թեկնածուն ՀՀԿ-ական է, ԲՀԿ-ական կամ այլ կուսակցության անդամ: Այս ընտրություններն, ինչպես նաև նախորդները, կայացել են փողի, բարակամ-ծանոթ սկզբունքի և որոշ դեպքերում էլ՝ ուժի կիրառման: Եթե մեկ բառով ասենք, կարող ենք փաստել՝ նոյեմբերին 5-ին տեղի ունեցավ  ոչ թե ընտրություն, այլ միջոցառում ընդամենը»:

Առաջիկա ընտրություններում անվավեր քվեաթերթիկները շատ են լինելու. Արմեն Բադալյան

Ստացվում է՝ այդ միջոցառումը լավ էր կազմակերպել Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ո՞վ ստացավ ձայների մեծամասնությունը, հարցին ի պատասխան՝ քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Այո՛, այն, ինչ կատարվեց Գորիսում, ընտրություն չէր, և դրա ապացույցը Առուշանյանի հավաքած ձայների քանակն էր: Ընտրության պարագայում նա չէր կարող հավաքել 90 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ՝ Գորիսում կատարվածը ինձ հիշեցնում է բրեժնևյան ժամանակները, երբ ԳԽ պատգամավորները հավաքում էին 90.9 տոկոս ձայն: Գորիսում ընտրություն չկար և մարդիկ քվեարկում էին փողի, ծանոթների, 10-20 հոգանոց խմբերի ազդեցությամբ, որոնք կցվում էին ընտողին և կիրառված այլ գործոնների ազդեցությամբ: Այդպես էր նաև ողջ հանրապատությունում: Ամբողջ երկրում գործի դրվեցին բոլոր մեթոդները, բացի ազատ և արդար ընտրությունների կազմակերպումից»:

 

Ըստ քաղտեխնոլոգի՝ խնդիրը հասարակության մեջ է, որն արդեն այնքան է հիասթափվել, որ պարզապես չի ցանկանում պայքարել և նախընտրում է արտագաղթը.

«Դու կարող ես դեմ լինել թեկնածուին, բայց, քանի որ փոքր քաղաք է, հետագայում կարող ես խնդիր ունենալ այդ քաղաքապետի հետ, խնդիրներ կստեղծվեն նաև քո հարազատների հետ, ուստի այդ ամենից խուսափելու համար, պարզապես, քվեարկում ես այդ թեկնածուի օգտին: Մեր երկրում կա՛մ չեն պայքարում, կա՛մ պայքարում են և արտագաղթում, հակառակ պարագայում, եթե հասարակությունը պայքարեր, Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ չէր տանի: Գորիսեցիներն ընտրեցին այն մարդուն, ում մասին մամուլը բազմաթիվ հրապարակումներ էր արել, ընտրեցին, որովհետև չցանկացան դեմ քվեարկել և կանգնել խնդիրների առաջ»: 

Հիշեցնենք, որ ընտրելու իրավունք ունեցող13 164 քաղաքացուց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի օգտին  կողմ է քվեարկել 12 945-ը:

 

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *