Ինչո՞ւ էր այսօր առավոտյան ցածրից թռչող ուղղաթիռը հայտվել «Սասնա ծռեր» խմբավորման գլխավերևում (տեսանյութ)

պպծգ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մոտ 2 ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում, ինչպես արդեն հայտնի է, ներկայացել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը և շինությունները գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ուղղված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոչը, որը վերջինիս հրապարակած հայտարարության համաձայն, հասցվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին:

«Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաև բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը և հանձվելու երթուղին»,-նշված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Վերոնշյալ պարզաբանումները պարունակող 1 էջանոց կոչը տարբեր լրատվամիջոցներ անվանեցին թռուցիկ, թեև ինչպես Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում, այնպես էլ ԱԱԾ-ն իր հայտարարությունում դրա թռուցիկ լինելու վերաբերյալ բառ անգամ չեն նշել: Դատելով ամենից՝ արդեն հայտնի բովանդակությամբ գրություններն իսկապես թռուցիկ են: Թեև ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ նշված գրավոր պարզաբանումները բաժանվել են զինյալներին (թե ինչպես են բաժանվել, հայտարարությունում որևէ տեղեկություն չկա), սակայն պարզ է, որ նրանց առձեռն չեն հանձնվել:

Զինված խմբի կողմից պատանդառված ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին ազատ արձակելուց հետո ստեղծված նոր իրավիճակում ՊՊԾ գնդի տարածքում Ոստիկանության կամ ԱԱԾ-ի որևէ աշխատակից չէր կարող հայտնվել’ զգուշանալով, որ հիմա ինքը կարող է պատանդ վերցվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից, հայտնվել նույն կարգավիճակում, ինչ Օսիպյանն էր, որոնց ազատ արձակելու համար հիշյալ խմբի անդամները հավանաբար արդեն փոշմանել են…

Կարելի է կարծել, թե զինված խմբի անդամներին ԱԱԾ-ի կոչը հասցվել է այդ խմբի հետ բանակցող, որպես միջնորդ հանդես եկող ինչ-որ մեկի կողմից, սակայն հենց ԱԱԾ-ի քիչ առաջվա հայտարարության առաջին պարբերության մեջ նշված է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զավթած խմբի կողմից բանակցային գործընթացը 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված է, և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել նշված գործընթացը վերականգնելու համար:

Բացառված չէ, որ վերոնշյալ կոչը զինված խմբի անդամներին փոխանցվել է հեռախոսային կապի միջոցով, շարադրանքի ծավալը նկատի ունենալով, մի քանի SMS հաղորդագրություններով, սակայն դա քիչ հավանական է: Ինչո՞ւ…

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հուլիսի 25-ի առավոտյան տեղեկացրել է, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներն այսօր զրկված են կապի բոլոր միջոցներից, այն հեռախոսահամարները, որոնց միջոցով հնարավոր էր կապ հաստատել վերջիններիս հետ, չեն սպասարկվում: Ոչ մի երաշխիք չէր կարող լինել, որ SMS հաղորդագրություններ ուղարկելու համար հեռախոսակապի թեկուզ կարճատև վերականգնման դեպքում խմբի անդամները չէին օգտվի կապի նույն միջոցից’ արտաքին աշխարհին ինչ-որ կարևոր բան հաղորդելու համար, ինչը թույլ չտալու համար նրանք կապից զրկվել են (եթե, իհարկե, ճիշտ է կապի բոլոր միջոցներից «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների զրկված լինելու վերաբերյալ Ենիգոմշյանի հայտարարությունը):

Վերը շարադրվածը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ գրավոր պարզաբանումներ պարունակող ԱԱԾ-ի հիշյալ կոչն իսկապես թռուցիկ է եղել, որը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին հասցվել է, այսպես ասած, դասական ճանապարհով’ երկնքից: Այսօր առավոտյան ՊՊԾ գնդի գրավյալ տարածքի վերևով ցածրից թռիչք կատարած ռազմական ուղղաթիռը, ամենայն հավանականությամբ, հենց այդ առաքելությամբ էր այնտեղ հայտնվել:

Արթուր Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *