Արթուր Պետրոսյան. Բոլոր ֆուտբոլիստները հիանալի տրամադրություն ունեն և դա պատրաստ են ապացուցել խաղադաշտում

artur_petrosyanԱշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպմանը լավատեսորեն է տրամադրված մեր ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսում հայ մասնագետն արժանին մատուցեց մրցակցին, սակայն նշեց, որ Հայաստանի ընտրանին ևս պատրաստ է խաղադաշտ դուրս գալու և, առաջին հերթին, փորձելու է 3 միավոր վաստակել:

«Թիմի հիմնական կազմին ճանաչում եմ դեռ 2 տարի առաջվանից, երբ աշխատում էի հավաքականում: Հիմա հիանալի տպավորություններ ունեմ: Իհարկե, պատասխանատվության մեծ զգացողություն կա, սակայն կփորձենք դրական արդյունքի հասնել: Հավաքականի բոլոր տղաները` այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, բարձր տրամադրվածությամբ և դրական լիցքերով պատրաստվում են վաղը կայանալիք հանդիպմանը»,- ասաց մարզիչը:

Արթուր Պետրոսյանը հաստատեց, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի Դավիթ Մանոյանը, իսկ Արթուր Եդիգարյանը, թեև այս խաղին մասնակցելու հրավերք չի ստացել, սակայն տեսադաշտում է, պարզապես այս դիմակայությանը մարզիչը չի ցանկացել կտրուկ քայլերի դիմել:

Խոսելով մրցակցի մասին, գլխավոր մարզիչը մարտավարության հետ կապված, իրավամբ, չցանկացավ բացել փակագծերը:

«Չեռնոգորիայի հավաքականը, իհարկե, այս խաղի ֆավորիտն է, բայց շանսերը գնահատում եմ հավասար: Մենք ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար: Մրցակցի հարձակման գիծը բավական ուժեղ է: Թիմը շատ կազմակերպված և գրագետ ֆուտբոլ է խաղում: Մենք էլ, մեր հերթին, կփորձենք գեղեցիկ խաղ ցուցադրել ու հաղթել, բայց ելնելով վերջին հանդիպումների արդյունքից` ոչ-ոքին ևս կհամարեմ դրական արդյունք, թեև տնային խաղում ցանկալի է հաղթել»,- ասաց նա:

Արթուր Պետրոսյանը վերստին նշեց, որ հավաքականի խնդիրները բազմաթիվ են, սակայն պետք է դրանք լուծել աստիճանաբար: Դրանցից գլխավոր խնդիրը մարզիչը համարում է ֆուտբոլիստների հոգեբանական ճնշվածությունը, սակայն հավաստիացրեց, որ այդ առումով կարծես թե վաղը խնդիրներ չենք ունենա:

«Հոգեբանական առումով թիմը պատրաստ է ոչ միայն վաղը կայանալիք հանդիպմանը, այլև հետագա խաղերին: Դա կտեսնենք արդեն խաղաշտում: Բոլոր ֆուտբոլիստները հիանալի տրամադրություն ունեն և դա պատրաստ են ապացուցել խաղադաշտում: Իհարկե, զգացվում է այն ճնշումը, որ Հայաստանի հավաքականը վերջին հաղթանակը տոնել է ուղիղ 3 տարի առաջ: Հիմա հարկավոր է լավ խաղով երկրպագուներին հետ բերել մարզադաշտ, որպեսզի նրանք կրկին հավատան մեզ ու մեր հնարավորություններին»,- ավելացրեց Արթուր Պետրոսյանը:

Վերջում մարզիչը տեղեկացրեց, որ հանդիպմանը կարող է չմասնակցել Պետրոս Ավետիսյանը, իսկ մյուս բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են: Գյումրեցու հումորով և լավատեսությամբ էլ Արթուր Պետրոսյանն ավարտեց ասուլիսը` վստահեցնելով, որ վաղը թիմը միանշանակ 21:00-ին կլինի մարզադաշտում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *