ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Հալեպում դիտորդների տեղաբաշխման բանաձևի նախագիծը

timthumb-38ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դեկտեմբերի 19-ին կքննարկի Սիրիայի Հալեպ քաղաքում միջազգային դիտորդների տեղաբաշխման բանաձեւի նախագիծը՝ քաղաքի՝ հակամարտության հետեւանքով տուժած արեւելյան շրջաններից խաղաղ բնակիչների տարահանման գործընթացի համակարգման համար:

Դեկտեմբերի 18-ին երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում կազմվել է փաստաթղթի տեքստ երկու սեւագիր տեքստերի հիման վրա, որոնք առաջարկել էին Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Ինչպես հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, Անվտանգության խորհրդի անդամներին հաջողվել է պատրաստել «լավ տեքստ»: «Մենք համաձայնեցինք քվեարկել վաղն առավոտյան ժամը 9-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին)»,- հայտնել է դիվանագետը:

Բանաձեւի նախագծում անհանգստություն է արտահայտվում Հալեպի հումանիտար իրադրության վատթարացման եւ այն պատճառով, որ շտապ տարահանման եւ օգնության կարիք ունեն Սիրիայի այդ քաղաքի մեծ թվով բնակիչներ:

Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ին եւ այլ հումանիտար կազմակերպությունների կհանձնարարվի «անմիջական հսկողություն» իրականացնել «Հալեպի արեւելյան թաղամասերից եւ քաղաքի մյուս մասերից» մարդկանց տարահանման նկատմամբ, ինչպես նաեւ համակարգել այդ գործընթացը: Փաստաթուղթը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունից պահանջում է ամեն ինչ պատրաստել դիտորդների աշխատանքն սկսելու համար եւ այդ մասին զեկուցել Անվտանգության խորհրդին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *