Եվ սա կոչվում է մեծ սպո՞րտ…

սպորտ

Աշխարհի ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Ռիո դե Ժանեյրոյում ընթացող համաշխարհային օլիմպիական խաղերի վրա, որը, սակայն, դատելով ամենայնից, արդեն իսկ կարելի է համարել ամենաանարդարներից մեկը օլիմպիական խաղերի անցկացման ողջ պատմության մեջ:

Համաձայնե՛ք, այն, ինչ տեղի ունեցավ 31-րդ ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում, այլ կերպ, քան այլանդակություն, չես կարող անվանել. 66 կգ քաշային կարգի վճռորոշ գոտեմարտում հանդիպում էին հայաստանցի Միհրան Հարությունյանը եւ սերբ Դավոր Շտեֆանեկը՝ Ըմբշամարտի միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչի հայրենակիցը (հենց այս հանգամանքն էր, որ պետք է վճռորոշ ազդեցություն ունենար սերբի «հաղթանակի» ապահովման գործում):

Ու չնայած դեռևս մենամարտը չսկսած’ արդեն իսկ որոշ չափով պարզ էր, որ այն ամենևին էլ ամենանաչառներից չէր լինելու, բայց որ այս աստիճան լկտի ընթացք ու ավարտ կունենար, քչերը կարող էին երևակայել. գորգի մրցավարի համակրանքը հենց մարտի ամենասկզբից էր նկատելի:

Ակնհայտ էր, որ մենամարտից առաջ շատ որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել մրացավարների հետ’ այն ցանկացած գնով հօգուտ սերբի ավարտելու. չնայած վերջինիս կողմից թույլ տրված բազում խախտումներին ու անթույլատրելի հնարքներին’ այդպես էլ մրցավարը ի վնաս սեփական հայրենակցի ոչ մի որոշում չկայացրեց’ թույլ տալով Շտեֆանեկին անգամ գլխով սանձարձակ հարված հասցնել մեր մարզիկին, որից հետո էլ, բացառապես շնորհիվ մրցավարի ծախվածության, սերբը կարողացավ մի կերպ իրենով անել օլիմպիական ոսկին:

Ամեն անգամ, երբ գալիս է օլիմպիական խաղերի ժամանակը, ակամա փորձում ես ինքդ քեզ ինչ-որ կերպ համոզել, որ այն բոլոր անարդարություններից ու բռնություններից, որ բնորոշ են մարդկային գործունեության հիմնական բնագավառներին, գոնե սպորտում հնարավոր կլինի խուսափել’ փորձելով գոնե այս մի ոլորտը մաքուր պահել աղտեղություններից: Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, այս անգամ ևս հույսն այս չարդարացվեց:

Այն, որ գրեթե բոլոր ժամանակներում էլ մեծ սպորտն ու մեծ քաղաքականությունը միմյանց հետ գրկախառնված են հանդես եկել, նորություն չէ. բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ այս կամ այն երկրին զրկել են սպորտային մրցումներին մասնակցելու իրավունքից’ ելնելով քաղաքական նեղ շահերի սպասարկման մղումից. չնայած թվացյալ թափանցիկությանը, մեծ մրցաշարերը միշտ էլ աչքի են ընկել իրենց կոռումպացվածության բարձր մակարդակով ու այլազան խաբեություններով, որոնց հիմնական զոհ, որպես կանոն, դառնում են այն երկրները, որոնք չունեն համապատասխան կապեր ու ազդեցության գործակալներ համաշխարհային սպորտի վերին էշելոններում ու փորձում են սեփական պատիվը աշխարհի առաջ բարձր պահել բացառապես սեփական մարզիկների բազգի ուժով. նմանատիպ երկրներից է նաև Հայաստանը, որի փառահեղ մարզիկները բազմիցս են աշխարհին ապացուցել’ արժանի ենք հարգանքի:

Անխո՛ս, այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 16-ին, իսկական անարգանք էր ոչ միայն ուղղված մեզ, այլև’ մեծ սպորտին’ առհասարակ:

Համաշխարհային սպորտի կոռումպացված շեֆերը, որ վաղուց իսկական պատուհասի են վերածվել աշխարհի գլխին, իրենց լռությամբ ևս մեկ անգամ ապացուցեցին ու աներկբայորեն փաստեցին, որ ներկայումս սպորտում օբյեկտիվության մասին խոսելը դեռևս շատ վաղ է. այստեղ խոսում են ինչպես ԽԾԲ-ական, այնպես էլ պարզ փողի լեզվով, ուր մարդկային արժանիքներն ու պատիվը տեղ չունեն. կարևորն այն է, թե դու ում հորեղբոր տղան ես կամ զոքանչի թոռը, իսկ մնացածը հընթացս լուծվող հարցեր են…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *