Երբ չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս…

28304

Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող լուրերը, թե առաջիկայում սպավում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, արդարացվեցին.սեպտեմբերի 8-ին՝ այսօր, կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ ընդգծելով, թե ինքը որոշել է նախագահ Սարգսյանին հնարավորություն տալ՝ նոր կառավարություն ձևավորելու:

Անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ Հովիկ Աբրահամյանի այս «առատաձեռն» քայլի՝ հրաժարականի կարիքը երկիրը զգում էր բավական երկար: Իսկ այն, որ դա այդպես է, կարծում ենք՝ որևէ մեկի մոտ առանձնակի կասկածներ չի կարող հարուցել և ահա թե ինչու:

Երբ փորձում ես հասկանալ, թե որոնք էին Հայաստանի՝ վերջին երկուսուկես տարիների հիմնական տնտեսական ձեռքբերումները, որոնք կարող էին ինչ-որ տեղ պարզերես անել սեփական քաղաքական կարիերայի մայրամուտն ապրող գործչին, ակամա հասկանում ես՝ կանգնած ես լրջագույն խնդրի առաջ ու որքան էլ քեզ ստիպես լավով հիշել մեկին, ով, արդարև, կարող է համարվել Հայաստանի վարչապետերից ամենաշատ քննադատվածը, ոչինչ չի ստացվի. տնտեսական արդյունքներն ավելի քան ժլատ են, ձեռքբերումներն էլ, եթե այդպիսիք ընդհանրապես կան, աննշան:

Ասվածը փաստելու համար, պարզապես, մեջբերենք մի քանի թիվ:

Ինչպես հայտնի է, ցանկացած երկրի բարեկեցության ու տնտեսական ընդհանուր զարգացվածության թիվ մեկ ցուցիչը ներքին համախառն արդյունքի ցուցանիշն է: Եվ ահա, երբ փորձում ես պարզել, թե Աբրահամյանի վարչապետության օրոք մեր երկրի ՀՆԱ-ն ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել, հասկանում ես, որ թվերն ամենևին էլ հուսադրող չեն. այսպես՝ 2014 թվականին մեր երկրի ՀՆԱ-ն կազմել էր 11.6 միլիարդ դոլար, իսկ ահա 2015-ին ՝ արդեն 10.5 միլիարդ։ Ասել կուզի՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանը հաջողացրել է աղքատանալ մի ամբողջ 10%-ով: Ավելին՝ թվերն առանձնապես մխիթարիչ չեն նաև բյուջեի մասով. 2014 թվականին դոլարով արտահայտած մեր բյուջեի եկամուտները կազմել են 2.7 միլիարդ դոլար, իսկ 2015-ին՝ արդեն 2.4 միլիարդ։ Այսինքն՝ բյուջեի եկամուտները 300 միլիոն դոլարով կամ 11%-ով անկում են ապրել։

Հետևություն այս ամենից՝ Հայաստանի պատմության մեջ Հովիկ Աբրահամյանը կմտնի որպես երկրի համար ամենավատ տնտեսական ցուցանիշներ ապահոված վարչապետ, մեկն, ում պաշտոնավարման օրոք Հայաստանում եթե գրանցվել էլ է ինչ-որ աճ, ապա դա եղել է բացառապես պետական պարտքի մասով, երբ Հայաստանն ամիս առ ամիս ռեկորդներ էր սահմանում՝ գերազանցելով ինքն իրեն ու աշխարհի շատ երկրների: Իսկ այս ամենը նշանակում է, որ Աբրահամյանն իր հաջորդին թողնում է խիստ ծանր ժառանգություն, որի բեռի տակից դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինելու.տնտեսությունում արմատական փոփոխություններն անխուսափելի են լինելու, փոփոխություններ, որոնք, հնարավոր է, շատերի սրտով չլինեն ու ոտնահարեն ոմանց գրպանային շահերը, չէ՞ որ Աբրահամյանի օրոք Հայաստանում հիմնական չափման միավորը դարձել էր ոմանց գրպանի խորությունն ու պարունակությունը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *