Երեւան-Սոչի մեկնող ուղեւորներն 8 ժամ «պատանդառված» են մնացել

f1fe562e87833984dd90deea298357d1«Utair aviation» ընկերության կողմից երեկ, ժամը 14։30-ին տեղի ունենալիք Երեւան-Սոչի ավիաթռիչքը ժամը 21։45-ի դրությամբ դեռեւս չէր կայացել: Պատճառը, ըստ ընկերության պաշտոնական ներկայացուցչի, ինքնաթիռի անսարքությունն էր, որն ի հայտ էր եկել դեռեւս Սոչիից Երեւան վերադառնալու ընթացքում: Այս հանգամանքը չէր խանգարել, որ ընկերությունը սահմանված ընթացակարգով ապահովի ուղեւորների գրանցման գործընթացը եւ մարդկանց ժամերով «պատանդ պահի» ինքնաթիռում` ամենեւին չանհանգստանալով, որ նրանց մեջ կանայք, երեխաներ եւ, վերջապես, առողջական լուրջ խնդիրներ ունեցողներ կան, որոնց անորոշ ժամանակով պատանդառությունը, մեղմ ասած, անօրինական էր: Մի քանի ժամ անց, այնուամենայնիվ, ուղեւորներին իջեցրել են ինքնաթիռից, սակայն չվերթի չկայանալու կամ որոշակի ժամանակով հետաձգվելու մասին ոչինչ չեն հայտարարել: Ուղեւորները չեն կարողացել հետ վերադարձնել իրենց տոմսերը եւ ստանալ ուղեբեռները: Այն, որ ընկերության ներկայացուցիչը չէր կարողանում պատասխանել, թե եւս որքան ժամանակ կպահանջվի ինքնաթիռի տեխնիկական անսարքության վերացման համար, գուցեեւ հասկանալի է: Սակայն ինչպե՞ս հասկանալ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության, մեղմ ասած, անհոգի եւ միանգամայն պատժելի արարքը, որը, ի սկզբանե իմանալով, որ ինքնաթիռի հետ տեխնիկական խնդիրներ կան, ուղեւորներին հանգիստ խղճով «պատանդառում» է ինքնաթիռում, ապա միայն մտածում դրա տեխնիկական անսարքության վերացման մասին, որն էլ կարող է տասնյակ ժամեր տեւել: Չի բացառվում, որ առաջիկա տասը կամ քսան ժամերի ընթացքում դարձյալ հնարավոր չլիներ ինքնաթիռը թռիչքի պատրաստել, եւ, այնուամենայնիվ, ընկերությունն ուղեւորներին գոնե ազատ ընտրության հնարավորություն չի ընձեռել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ խաբեություն, որի առաջին քայլն սկսվում է ուղեւորների` տեղեկացված լինելու իրավունքի ոտնահարմամբ, ապաեւ՝ ազատության ամբողջական սահմանափակմամբ: Խաբեությամբ «գերեվարված» ուղեւորին ոչինչ չի մնում, եթե ոչ` ենթարկվել թռիչքն սպասարկող ընկերության խաղի կանոններին` հիմնված բացառապես սեփական բիզնես-շահերի պարզագույն հաշվարկի վրա` անգամ մեկ ուղեւոր չկորցնելու ամոթալի տրամաբանությամբ: Այսպես լինելու է միշտ, քանի դեռ պատկան մարմիններն զբաղված են ամեն ինչով, բացի իրենց բուն գործառույթներից: Եվ ինչո՞ւ հար եւ նման լրջագույն խնդիրներին մատների արանքով է նայում Քաղաքացիական ավիացիայի վարչությունը: Չէ՞ որ սա սեփական երկրի քաղաքացիների իրավունքների ամենակոպիտ ոտնահարում է, որը տվյալ դեպքում ուղեկցվել է պարզ խաբեությամբ, քանի որ ի սկզբանե ընկերությանը հայտնի է եղել ինքնաթիռի անսարքության մասին: Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *