Վարչապետը խաղ է սկսում դաշնակցականների հետ…

big_1473328221_8806606

Նրանք, ովքեր ուշադիր են Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսների նկատմամբ ու տեղեկացված, չեն կարող նկատած չլինել, որ նորանշանակ վարչապետը կառավարության նիստերին, իր պաշտոնավարման հենց ամենասկզբից բավական քննադատաբար է մոտենում հատկապես Դաշնակցությունը ներկայացնող նախարարներին, որոնց ամեն պատեհ և ոչ պատեհ առիթով կշտամբում է, դիտողություն անում ու թերություններ մատնանշում: Ուզած-չուզած տպավորություն է ստեղծվում, թե Կարապետյանը միանգամայն միտումնավոր է այս ամենն անում՝ ինչ-որ մեկին կամ մի քանիսին որոշակի ու շատ կոնկրետ «մեսիջ» հղելու: Ու չնայած Կարապետյան-Դաշնակցություն հարաբերությունների վերաբերյալ վերլուծական նյութերի պակաս չկա, բայց այդպես էլ մինչև վերջ անհնար է պարզել, թե սա ինչ ֆենոմեն կարող է լինել:

Թեպետ կարծիքներ կան, թե այս ամենը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգմամբ ու վերահսկմամբ՝ նպատակ հետապնդելով Դաշնակցությանն, այսպես ասած, ծնկի բերել, բայց պետք է նշել, որ նման կերպ կարծելու համար, որքան էլ ասենք նույն Արմեն Ռուստամյանը փորձի նեղացած մարդու ձայնի տոնայնությամբ պատիվ պահանջել Կարապետյանից Արծվիկ Մինասյանին «անտեղի» քննադատելու համար, բավարար հիմքեր, այնուամենայնիվ չկան. պետք չէ մոռանալ, որ նախ՝ Կարապետյանի քննադատությունը բացարձակապես կենտրոնացած չէ միայն Դաշնակցության ուղղությամբ, այլ ավելի շատ թիրախավորում է ՀՀԿ-ն, երկրորդ՝ իրականում Կարապետյանն իր տեսակով ավելի շատ մոտ է դաշնակցականներին, քան՝ նույն ՀՀԿ-ին, հետևապես՝ շատ ավելի մեծ ընդհանրություններ ունի նրանց, քան նույն ՀՀԿ-ի հետ:

Պարզապես, ըստ էության, այս ամենը լավ բեմադրված խաղ է, կոնկրետ նպատակով կազմակերպված շոու, որ նպատակ ունի Կարապետյանից կոնկրետ ռեֆորմիստի, բարեփոխիչի կերպար կերտել հանրության շրջանում, իսկ այդ ճանապարհին դաշնակցականների քննադատությանն արժանանալը միայն կարող է օգնել գործին: Ավելին՝ ամենևին էլ չի բացառվում, որ Կարապետյան-Դաշնակցություն «հակամարտությունը» ժամանակի ընթացքում միայն խորանա՝ ստեղծելով տպավորություն, թե «հակամարտ» կողմերը միմյանց այլևս տանել չեն կարողանում և այլն, բայց դա ընդամենը լինելու է քաղաքական խաղ, քանի որ Քոչարյանի հետ սերտագույն կապեր ունեցող կուսակցությունը չի կարող դառնալ իրական ընդդիմություն մեկին, ով, այսպես ասենք, խիստ սերտ կապերի մեջ է երկրորդ նախագահի հետ…

Այնպես որ՝ խորհուրդ ամեն ինչում խորքային երևույթներ փնտրողներին՝ սթա՛փ գնահատեք երկրում ստեղծված վիճակը. այս հարցում գույներն ավելորդ անգամ խտացնելն իզուր է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *