«Մենք ոչ մեկից իր բիզնեսը չենք խլի». Կարեն Կարապետյան

14331059_1116953538383297_817911818_n

Քիչ առաջ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը մոտեցավ լրագրողներին և մի քանի հարցերի պատասխանեց:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Կարեն Կարապետյանին լրագրողները հարցրին, թե ինչպես որոշեց գալ Հայաստան և որպես վարչապետ աշխատել, քանի որ ժամանակին հայտարարել էր, որ չի ցանկանում Հայաստանում որևէ պաշտոն զբաղեցնել.

«Եթե չեմ սխալվում հայտարարել եմ 2013 թվականին, հիմա որոշակի պայմաններ են փոխվել: Ճիշտն ասած, ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար»:

Հարցին, թե ճիշտ են այն խոսակցությունները, որ ինքը հատկապես չի ցանկանում աշխատել դաշնակցական պատգամավորների հետ ասաց. «Ոչ, ճիշտ չէ և ինձ համար, այս պահին, ավելի կարևոր է, թե  ինքն ինչ տեսլական ունի իր ճյուղի հետ կապված, քան թե ինչ կուսակցության է պատկանում»:

Կարեն Կարապետյանը չցանկացավ անուններ նշել, թե որ նախարարները պաշտոնը կլքեն:

Հարցին, թե արդյոք մենաշնորհների դեմ պայքարում խաղի այլ կանոններ կլինեն, ասաց. «Այո, կլինեն հավասար կանոններ: Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետևյալ կերպ՝ երկրի փոքրությունը միշտ բերելու է նրան, որ որևիցե ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է այդ խոշոր խաղացողը արդարացի մրցունակ պայմաններում է առաջանում, թե ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ, եթե լինելու է հաջողակ բիզնես, մենք ոչ մեկից այդ բիզնեսը չենք խլի»:

Խոսելով նախկին վարչապետի մասին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանն իր գործնընկերն է, իր ընկերն է: Կարծում է՝ Աբրահամյանը բավականին ծանր իրավիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա և այն աշխատանքը, որ արել է, ինքը չէ, որ պետք է գնահատի:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն խոսակցություններին, որ Կրեմլից ուղարկված կադր է, ասաց՝ ժպիտով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *