Ինչ է տվել նախագահը նորանշանակ վարչապետին` ըստ Գառնիկ Իսագուլյանի

timthumb-1

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանիհետ:

Ձեր կարծիքով, ի՞նչ նախադրյալներ պատճառ հանդիսացան Հայաստանի Հանրապետության վարչապետի ու կառավարության հրաժարականի համար:

— Կարծում եմ, ամեն ինչ սկսվեց, նախ, մեզ համար բավականին ծանր երևույթով՝ ապրիլյան պատերազմով, որը որոշակի թերացումների բացահայտման սկզբնաղբյուր հանդիսացավ: Այս պարագայում պետք է մեղադրել ոչ միայն կոնկրետ կառույցի՝ պաշտպանության նախարարությանը, որը, բնականաբար, իր թերացումների չափաբաժինն ունի, այլ նաև ամբողջ կառավարությանը, որովհետև մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանունակությունը ոչ միայն պաշտպանության նախարարության խնդիրն է, այլ նաև այլ նախարարությունների, պետական ինստիտուտների, ամբողջ պետական համակարգի: Փաստորեն ապրիլյան առաջին օրերին տեղի ունեցածը բացահայտեց այդ բոլոր բացթողումները:

Երկրորդ կարևորագույն ազդակը, որ եղավ, հուլիսին ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդի տարածքի ու շինությունների գրավումն էր զինված խմբի կողմից, որը նույնպես բացահայտեց բավական լուրջ բացթողումներ տարբեր համակարգերում: Ուղղակի պետք է մատնանշել, որ այդ օրերին հատկապես հանրապետության նախագահի գլխավորությամբ ձևավորվեց օպերատիվ աշխատանքները կարգավորող «շտաբ», որն իր աշխատանքի ոճով և իր, կարելի է ասել, աշխարհում նման երևույթների պարագայում աննախադեպ նորամուծությունների շնորհիվ, կարողացավ առաջացած հիմնախնդիրը ոչ միայն հանգուցալուծել, այլև հանգուցալուծել մի տարբերակով, որը նույնպես իր նախադեպը չունի: Այսինքն’ ամեն ինչ արվեց, որպեսզի հիշյալ գնդի տարածքն ու շինությունները գրաված զինված խմբի որևէ անդամ չզոհվի: Ցավոք, այդ գործողությունները կատարվեցին ոստիկանության երեք աշխատակիցների կյանքի գնով:

Նշածս երկու իրադարձությունները վեր հանեցին բավական լուրջ բացթողումներ, և նախագահը իր հայտնի ելույթում երբ ասաց, որ արդեն իսկ պետք է գնալ ազգային համաձայնության կառավարության ձևավորման, դա, կարծում եմ, սկիզբն էր այն ամենի, ինչ այսօր արդեն իսկ տեղի է ունենում: Նախագահը միաժամանակ հայտարարեց, որ այդ փոփոխությունները որևէ պետական համակարգի, ինստիտուտի չեն շրջանցելու, սկսած՝ նախագահի աշխատակազմից, մինչ ամենափոքր օղակները: Այս առումով առաջին ծիծեռնակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականն էր, կառավարության ղեկավարի փոխարեն, նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը:

Սա վարչապետի և կառավարության հերթական փոփոխությունը չէ՞, չէ՞ որ մինչ այժմ էլ կառավարության ղեկավարներ ու կառավարություններ են փոխվել Հայաստանում, սակայն դրանից դրական առումով բան չի փոխվել կամ, որոշ ժամանակահատվածներում, քիչ բան է փոխվել:

— Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող համակարգը, որը կար մինչև Կարեն Կարապետյանի նշանակումը, ըստ էության, իր բացթողումներն ի ցույց դրեց, երևացին դրանք, և եթե նայում ենք, թե մինչև այդ ինչպես են տեղի ունեցել փոփոխությունները, մեզ համար ակնհայտ է դառնում, որ բոլոր փոփոխությունները եղել են այդ համակարգի ներսում տեղափոխությունների տեսքով:

Այսինքն՝ մեկ պաշտոնյային ինչ-որ պաշտոնում փոխարինել է մեկ այլ պաշտոնյա մեկ ուրիշ բնագավառից, փոփոխությունները կրել են տեղափոխությունների տեսք, ու որևէ ձևով չի բացատրվել, թե տվյալ մարդն իր պաշտոնում ինչո՞ւմ է թերացել, որ նրան ազատում են, կամ այն մյուս պաշտոնյան իր պաշտոնում ինչ դրական աճ է ապահովել, կամ ի՞նչ հիմքեր, նախադրյալներ կան, որ նրան նախորդ պաշտոնից տեղափոխում են այս նոր պաշտոնին:

Հիմա, որպեսզի կարողանա այս համակարգն աշխատել, պետք է անպայման դրսից նոր արյուն ներարկվի համակարգ, այսինքն՝ նոր մարդիկ լինեն: Մարդիկ, որոնք այս համակարգի հետ որևէ առնչություն չունեն, ոչ քավոր- սանիկական, ոչ բիզնես, տնտեսական կապեր, որովհետև այս համակարգի ներսում եղած, ըստ էության, բոլորն ինչ-որ ձևով միմյանց հետ փոխկապակցված են: Այդ փոխկապակցվածությունը թույլ չէր տալիս, որ նրանք ոչ միայն նորմալ աշխատեին իրենց պաշտոնում, այլ նաև պաշտոն զբաղեցնող մյուսների համար հանդիսանային որպես վերահսկողներ, որովհետև փոխադարձ որոշակի գործառույթների պարագայում, բնականաբար, երևում էր պետական մյուս ինստիտուտի, կառույցի բացթողումները, բայց քանի որ նրանք իրար հետ փոխկապակցված էին ինչ-որ խնդիրներով, այդ բացահայտումները չէին արվում:

Ինչո՞ւ չփոխել ամբողջ համակարգը միաժամանակ, ամբողջությամբ:

— Սա բավականին լուրջ ռիսկ է իր մեջ պարունակում՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մնացել է ընդամենը 7-8 ամիս և թափավազքի ժամկետը շատ կարճ է: Այսինքն՝ ամբողջ համակարգի հիմնարար փոփոխության գնալը կարող էր ունենալ այնպիսի հետևանքներ, որոնք թույլ չտային, որ իշխող քաղաքական ուժը կամ այսօրվա իշխանությունները կարողանային գալիք ընտրություններում արձանագրել լուրջ հաջողություն:

Հիմա եթե պահպանվի համակարգի որոշ մասը, հատկապես այն մարդկանցով, ովքեր արհեստավարժ են, ովքեր գոնե անցած ժամանակաընթացքում այն բնագավառներում, որոնք վստահվել են իրենց, բացասական արդյունք չեն գրանցել, և համակարգ բերվեն, հատկապես կարևորագույն պաշտոններում, մարդիկ, ովքեր այս համակարգից դուրս են, արհեստավարժ են, և ամենակարևորը՝ հայրենասեր են և իրենց անձնական շահը ստորադասում են պետական ու ազգային շահերին, կարծում եմ, դրական առումով պետք է իրավիճակ փոխվի: Դրսից այդ մարդկանց գալը զսպաշապիկ կդառնա համակարգում մնացող նախկինների համար, և նաև’ խթան, որպեսզի նրանք նույնպես շատ զգաստ իրենց պահեն և գիտակցեն, որ ցանկացած վրիպում այլևս անտեսանելի չի մնա և իրենք շատ արագ կարող է կորցնեն իրենց զբաղեցրած պաշտոնները: Այսինքն’ համակարգը պետք է նորացվի ինչ-որ մասով, և այդ նորացված մարդիկ պետք է հանդիսանան այն խթանը, որը ստիպելու է գործող համակարգին աշխատել ավելի լավ կամ լավ, և միայն դրական հաշվեկշիռ լինի:

Եթե նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարողանա այս խնդիրը լուծել, նշանակում է՝ գալիք ընտրություններում նրանք կարող են արձանագրել լուրջ հաջողություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ իրականության մեջ մեր ժողովուրդը, անկախ մինչև ինչ-որ պահ եղած բոլոր բացասական խնդիրներից, իրողություններից, եթե տեսնում է դրական զարգացում, շատ արագ հին թերացումները մոռանում է: Կա այս երևույթը, սա և լավ հատկություն է, և վատ հատկություն է, բայց այս հատկությունը, հատկանիշը հատուկ է հայ ժողովրդին: Ուրեմն եթե նոր կառավարությունը կարողանա ինչ-որ պահից սկսած, արձանագրել դրական փոփոխություններ սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրներում և հասարակության անդամներից, մեր ժողովրդից ամեն մեկը տեսնի այդ փոփոխությունները (այսինքն՝ դրանք պետք է լինեն տեսանելի), նշանակում է ներկայիս իշխանությունները դրանով հնարավորություն կստանան գալիք ընտրություններում արձանագրել լուրջ հաջողություն: Սա պայմանավորված է նաև նրանով, որ ընդդիմադիր դաշտում էլ չկա այն քաղաքական ուժը, որը մինչ այսօր կարողացած լինի լուրջ ծրագիր ներկայացնել կամ ցույց տալ, որ ինքն ունի այն կադրային բազան, որ փոխարինելով ներկա կադրերին, կարող է նրանցից շատ ավելի լավ աշխատել:

Եթե նախագահի միտումն այն է, ինչի մասին արդեն նշեցի, ապա, նշանակում է, նա նորանշանակ վարչապետին տվել է բավական լուրջ լիազորություններ, և, իհարկե, փոխադարձ համաձայնությունների արդյունքում հնարավոր կլինի լուծել այն կնճռոտ խնդիրները, որոնք ծառացած են մեր պետության ու ժողովրդի առաջ, ավելին՝ նույնիսկ թափավազքի այս կարճ ժամանակահատվածում գալիք ընտրությունների համար ապահովել որոշակի հաջողություններ:

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *