Ալիևը մեր զինված ուժերի «Իսկանդերն» անձամբ իր աչքերով տեսնելուց հետո, կարող է գիշերները չքնել ու մտածել

14446472_334492156897550_1954358058_o14446472_334492156897550_1954358058_o

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված այսօրվա զորահանդեսն արդեն պատմություն է: Երևանի Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսը ցույց տվեց, թե ինչ ձեռքբերումներ ու հնարավորություններ ունենք ռազմական առումով, ինչի կարիք ունենք, որ դեռ պետք է ձեռք բերենք, միաժամանակ այն ունեցավ քաղաքական նշանակություն և յուրօրինակ հաղորդագրություն եղավ՝ ուղղված Ադրբեջանին:

Եթե նույնիսկ մի կողմ թողնենք ՀՀ զինված ուժերի սպառազինության կազմում վերջերս հայտնված, այսօրվա զորահանդեսին ցուցադրված և արտակարգ հնարավորություններ ունեցող «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, եթե նույնիսկ մի կողմ թողնենք մեր հրթիռա-հրետանային զորքերի տրամադրության տակ գտնվող այն բոլոր զենքերն ու ռազմական տեխնիկան, որոնք ցուցադրվեցին այսօր, ապա մնացյալի գերակշիռ մասը ոչ միայն մեր անկախության արշալույսին, այլև դրանից բազմաթիվ տարիներ հետո էլ ուղղակի երազանքի պես մի բան կարող էր թվալ Հայոց բանակին:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների տրամադրության տակ գտնվող բարձր ճշգրտության հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներ, հայրենական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց մարտավարա-տեխնիկական տվյալներով չեն զիջում օտարերկրյա արտադրության ժամանակակից նմուշներին և հնարավորություն են ընձեռում օպերատիվ խորության վրա նկարահանել և ռեալ ժամանակում հրետանային, հրթիռային, հատուկ նշանակության և հետախուզական ստորաբաժանումներին փոխանցել գերճշգրիտ տվյալներ, ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից մարտական կայաններ, որոնք նախատեսված են չեզոքացնելու հակառակորդի զորքերի ու զենքերի ղեկավարման համակարգերի գործունեությունը, հրետանային հետախուզության և կրակի կառավարման ավտոմատացված ժամանակակից «Շումից» և հայրենական արտադրության 2- Կ-0.2 համակարգեր, որոնք թույլ են տալիս մինչև 20 կմ հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդին, որոշել տեխնիկայի և սպառազինության տեսակը:

Համալրված լինելով ժամանակակից թվային սարքավորումներով, այդ համակարգերն ունակ են ցանկացած պայմաններում ճշգրիտ որոշել հրաձգության տվյալները և արդյունավետորեն ուղղորդել հրետանու կրակը, հակատանկային հրետանու ստորաբաժանումների զինանոցում գտնվող «Կոնկուրս» համալիրներ, որոնք նորագույն կառավարվող հրթիռներով կարող են մինչև 4 կմ հեռավորությունից խոցել հակառակորդի նույնիսկ արդիականացված զրահատեխնիկան, «Շտորմ-6» հակատանկային արդիականացված համալիրներ, որոնք կառավարվող հրթիռներով կարող են մինչև 6կմ հեռավորությամբ խոցել հակառակորդի զրահատեխնիկան, ավերել առանձին ինժեներական կառույցներ, ավելի հեռահար հակատանկային զենքեր, արդիականացված զենիթա-հրթիռային համալիրներ, այդ թվում նաև՝ արդիականացված «Бук» զենիթա-հրթիռային համալիրներ, որոնք կարող են խոցել հակառակորդի բոլոր տեսակի օդային թիրախները՝ ապահովելով հակաօդային պաշտպանությունը մեծ բարձրություններում, ռուսական «С-300» հռչակավոր զենիթա-հրթիռային համակարգերը, որոնց աշխարհում գերազանցում են միայն նույն երկրի արտադրած «С-400» համակարգերը և դեռևս փորձարկման փուլն ամբողջությամբ չավարտած «С-500» համակարգերը… Ընդ որում, այս ամենը սոսկ փոքր մասն է ոչ միայն մեր ԶՈՒ սպառազինության կազմում գտնվող և այսօրվա զորահանդեսում սոսկ մասնակիորեն ցուցադրված զինատեսակների ու զինտեխնիկայի (ամեն ինչ չէ, որ պետք է և կարելի է ցուցադրել), այլև հենց զորահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվածի, քանի որ բոլորը թվարկելն իմաստ չունի:

Այնուամենայնիվ, համազարկային կրակի ռեակտիվ և հրթիռային համակարգերի ստորաբաժանումների սպառազինության կազմում գտնվող ու զորահանդեսին ներկայացված զինատեսակներին արժե առանձնակի ուշադրություն դարձնել: Դե, բոլորս գիտենք մեր ունեցած «Գրադ» համակարգերի մասին, դրանք նորություն չեն, թեև կարևոր է, թե ում ձեռքին են գտնվում, օգտագործողներն ինչ մարտական պատրաստվածություն, հմտություններ ունեն: Ի տարբերություն ադրբեջանցիների, մեր զինվորականները դրանք շատ ավելի արդյունավետորեն են կիրառել արցախյան երկու պատերազմների ընթացքում: Այսօր Հայաստանի զորահանդեսների պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք, ինչպես հայտարարվեց, մինչև 90 կմ հեռավորության վրա կարող են ոչնչացնել հակառակորդի տարբեր թիրախներ՝ կենդանի ուժն ու տեխնիկան, պետական և ռազմական օբյեկտները: Ընդ որում, դրանց մեկ արձակման կայանքից արձակված 12 հրթիռներն ունակ են խոցել 67 հեկտար մակերես: Այդ զինատեսակը հենց այս տարի է ստացվել Ռուսաստանից և համալրել մեր զինված ուժերի սպառազինությունը: Ցուցադրվեցին նաև դեռ 1999 թվականից մեր բանակի սպառազինության կազմում գտնվող չինական արտադրության WM-80 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք թեև «Սմերչի» ավերիչ ուժը չունեն, սակայն ի զորու են ոչնչացնել հակառակորդի ցամաքային թիրախներն ավելի մեծ’ մինչև 110 կմ հեռավորության վրա: Դրանցից բարեկամ Չինաստանը վաճառել է միայն Հայաստանին, և միայն այս տարի տվել կամ դեռ նոր է մատակարարելու Հորդանանին:

Չանդրադառնալ զորահանդեսին ներկայացված մեր զինված ուժերի հրթիռային ստորաբաժանումներին, կնշանակի գրեթե ոչինչ չգրել զորահանդեսի մասին: Ներկայացվեցին մարտավարական նշանակության մինչև 70կմ հեռահարության «Տոչկա» հրթիռային համալիրները, որոնք կարող են գերճշգրիտ, արագ և արդյունավետ հարվածներ հասցնել հակառակորդի կարևորագույն նշանակության օբյեկտներին, «9К-72» («Скад») օպերատիվ-մարտավարական նշանակության հրթիռային համալիրները, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող և 1կմ շառավղով ռազմավարական նշանակության օբյեկտներ: Զորահանդեսում ներկայացված զինատեսակների թագն ու պսակը հանդիսացավ արդիական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, որը վերջերս է ձեռք բերվել Ռուսաստանից և ունակ է հակառակորդի հակահրթիռային պաշտպանության համակարգերը հաղթահարելով, մինչև 300 կմ հեռավորության վրա գերճշգրիտ, կետային հարվածներ հասցնելով ոչնչացնել նրա ռազմավարական նշանակության օբյեկտները:

Ինչ չունենք մենք… Ինչպես արդեն հայտնի է, չունենք հարվածային անօդաչու թռչող սարքեր, Т-72-ի համեմատ ավելի արդիական ու հզոր Т-90 տանկեր: Պարզվեց նաև, որ չնայած վերջին օրերին ռուսական որոշ ԶԼՄ-ների հրապարակումների՝ այսօրվա զորահանդեսին ցուցադրվելիք զինատեսակների ու զինտեխնիկայի վերաբերյալ, չունենք նաև «Солнцепек» հրանետային համակարգեր, որոնցից Ադրբեջանն Արցախում մեր դեմ կիրառեց ապրիլյան պատերազմի օրերին: Ամենայն հավանականությամբ, չունենք նաև անհրաժեշտ այլ զենքեր և ռազմական տեխնիկա, որոնք կարելի է ձեռք բերել, միայն թե գումար է անհրաժեշտ, իսկ գումար ունենալու համար՝ խելացի, տնտեսվար, հայրենասեր և արդյունավետորեն աշխատող կառավարություն: Հուսանք, որ նորանշանակ վարչապետը և կառավարությունը կարդարացնեն այս առումով մեր ժողովրդի սպասելիքները կամ ցանկությունները:

Անդրադառնալով զորահանդեսի քաղաքական նշանակությանը, պետք է արձանագրեմ, որ միայն «Սմերչի» և «Իսկանդերի» ցուցադրումը Ադրբեջանի համար կարող են բավական լուրջ զսպիչ գործոն հանդիսանալ մեծամասշտաբ պատերազմ սանձազերծելու առումով, քանի որ այդ դեպքում երաշխավորված կերպով կոչնչացվեն նրա նավթահորերը, նավթի և գազի կոմունիկացիաները, որոնց վրա խարսխված է Ադրբեջանի գրեթե ողջ տնտեսությունը: Ավելին՝ շնորհիվ «Իսկանդերի», այլևս նույնիսկ Բաքվում ապահովության երաշխիք չունեն այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարները և անձամբ Իլհամ Ալիևը:

Արթուր Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *