Իշխանության վախի հիմքը

serj-sargsyan-pn-um-480x319Դատելով ներքաղաքական դաշտում ծավալվող նախընտրական վերակազմավորումներից, 2017 թվականի ընտրական շրջանն աչքի է ընկնելու նախընտրական շրջանում սահմանների «չեղարկումով»: Համենայն դեպս ուրվագծվում են այնպիսի միավորումներ, տեղի են ունենում այնպիսի քննարկումներ, որտեղ հարաբերվող կողմերը թվում է թե տրամագծորեն տարբեր դիրքերում էին և ընդամենը մի քանի ամիս առաջ որևէ կերպ չէին պատկերանում մեկ ճամբարում: Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կամ քաղաքականությունից Սերժ Սարգսյանի վիրավորական հայտարարությունների ներքո հեռացված Գագիկ Ծառուկյանը, որը այժմ վերադառնում է Սերժ Սարգսյանի հետ ջերմ հարաբերություններով: Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ այդ անսպասելի թվացող զարգացումները ծավալվում են այսպես ասած՝ իշխանական ընդհանուր համակարգում, որի դերակատարները ինչ որ պահի միասին եղել են միևնույն իշխանության մեջ, ընդ որում՝ ակունքներում: Այսինքն՝ այդ իմաստով տեղի ունեցող գործընթացը ներհամակարգային վերակազմակերպում է, և այդ տեսանկյունից արդեն ամեն ինչ այդքան էլ անտրամաբանական և անսպասելի չէ:

Բանն այն է, որ այդ վերակազմակերպումը ընթանում է արդեն մեկ տասնամյակից ավելի, բուռն թափով սկսվել է 2006 թվականին և շարունակվում է առ այսօր: Արդեն մեկ տասնամյակ իշխանությունը, իշխող համակարգը գտնվում է ինտենսիվ որոնումների փուլում, որոնք իրականացվում են ժամանակ առ ժամանակ ակտիվացող տրոհումների տեսքով: Ինչքանով է այդ գործընթացը կազմակերպված և մշակված, ու ինչքանով է այն տարերային, երբ իշխանության համակարգին այս կամ այն կերպ առնչվող ուժերը պարզապես ստիպված են փնտրել ուղիներ ընդհանուր համակարգային ճգնաժամի պայմաններում: Դա իհարկե բավական բարդ է հասկանալ, չգտնվելով այդ համակարգի ներսում և անմիջականորեն չկրելով այն շարժառիթները, որոնք թելադրում են համակարգում ընթացող զարգացումները: Սակայն փաստ է, որ տրոհումները, բաժանումները, վերակազմավորումը շարունակվում են: Բայց, այդ ամենի առանցքային, շարժիչ ուժն իհարկե կապված է սեփականության հետ: Հայաստանի իշխող համակարգը խոշոր սեփականատերերի կոնգլոմերատ է և նրանց բոլոր գործողությունները թելադրվում են հենց այդ ելակետով: Այդ տեսանկյունից, մոտ մեկ տասնամյակից ավելի ծավալվող և շարունակվող զարգացումները, որոնց թափը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ ավելացել է, պայմանավորված են սեփականության անձեռնամխելիության խնդիրներով, սեփականության հետ կապված մտավախություններով, սեփականության իրավունքի չերաշխավորվածությամբ: Հայաստանում ընդունված է համարել, որ երաշխավորված չէ միայն իշխանությունից դուրս գտնվողների սեփականության իրավունքը, իսկ ով իշխանության մեջ է` չունի այդպիսի խնդիր: Իրականում դա իհարկե այդպես չէ, բացարձակապես այդպես չէ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *