Մոսկվան մեծ հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ. Վադիմ Դուբնով

0QdX1hfMvjNa6VXTGpt3IIyxpeՊրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ մամուլում հրապարակված տեղեկությանը, թե Ռուսաստանը այս տարվա ընթացքում կարող է մոտ 300 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ անել Հայաստանում, որի քաղաքական նպատակը վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը իշխանության ներսում ամրապնդելն է: Փորձագետը այս համատեքստում խոսեց նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի դասավորության մասին:

— Պարոն Դուբնով, նմանատիպ ներդրումներ հնարավո՞ր է՝ արվեն Հայաստանում:

— Համոզված չեմ, որ դա կլինի մաքուր ներդրում, այսինքն՝ ներդրում բառի բուն իմաստով: Ոչ թե, ասենք, ռուսաստանցի գործարարը փող կներդնի հայկական շուկայում, տնտեսության մեջ, այլ դրանք կլինեն ներդրումներ այն օբյեկտներում, որոնցով հետաքրքրված է Ռուսաստանը: Դրանք նման են վարկերին: Կարծես թե, վարկեր են, բայց մյուս կողմից՝ տրվում են, որպեսզի պայմանականորեն ասած՝ գնես Ռուսաստանից: Իմ կարծիքով՝ նմանատիպ ներդրումներ են լինելու, և դրանք արվելու են առաջին հերթին էներգետիկայի այն հատվածում, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունի Ռուսաստանը, կամ էլ տնտեսության այն հատվածներում, որտեղ Ռուսաստանը իր շահերն ունի: Ֆորմալ առումով դա Հայաստանի տնտեսությունն է, բայց իրականում դրանք ներդրումներ են Հայաստանի տնտեսության այն հատվածում, որտեղ աշխատում է ինքը՝ Ռուսաստանը:

— Այդ ներդրումների հեռանկարը որքանո՞վ է կապված Հայաստանի ներկայիս ներքաղաքական և ներիշխանական զարգացումների, պայմանականորեն ասած՝ Կարապետյան-Սարգսյան-Մոսկվա եռանկյունու հետ:

— Հասկանալի է: Օրինակ՝ ներդրումներ կկատարվեն «ՀայՌուսգազարդի» ուղղությամբ, այսինքն՝ ներդրվում են գումարներ, և այդպիսով, բնականաբար, ամրապնդվում են Կարապետյանի ոչ թե ընտրական, այլ ապարատային, ներիշխանական դիրքերը: Կարծում եմ՝ հարցն այստեղ ոչ թե ինքը Կարապետյանն է, որին աջակցելու է Ռուսաստանը, այլ որոշակի ներքաղաքական և արտաքին քաղաքական մոդելը, որի սկզբունքային մասն է հանդիսանում Կարեն Կարապետյանը, ուստի ուժեղացվելու է ոչ թե անձամբ վարչապետը, թեև այդ դեպքում նա կստանա իր բոնուսը, այլ քաղաքական մոդելը, որը հիմնադրվել է Կարապետյանի՝ Հայաստան գալով:

— Ընդհանրապես ի՞նչ դերակատարում է նախատեսված Կարապետյանի համար քաղաքական այս գործընթացներում, խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Հայաստանում որոշ մարդիկ կարծում են, որ Մոսկվան, ի դեմս Կարապետյանի, այլընտրանք է պատրաստում Սերժ Սարգսյանի իշխանությանը Հայաստանում և խաղադրույք է անում Կարապետյանի վրա: Նա պայմանականորեն ասած՝ Մոսկվայի՞ խաղացողն է, թե՞ մտնում է իշխանությունը պահպանելու Սերժ Սարգսյանի ընդհանուր ծրագրի մեջ:

Կարծում եմ՝ Մոսկվան, իհարկե, մեծ հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ, Կարեն Կարապետյանը դա հասկանում է: Չէի ասի, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայից Երևան է գնացել գործուղման, համենայնդեպս՝ դա որոշակիորեն համաձայնեցված քայլ էր: Մոսկվան հոգնել էր նրանից, որ իր շահերը Հայաստանում ներկայացնում էին այլ բնույթի՝ բավական զավեշտալի դեմքեր: Իսկ Կարեն Կարապետյանը շատ ավելի հարգված ու լուրջ ֆիգուր է. նախ՝ ավելի մեծ վստահություն է ներշնչում, երկրորդը՝ Մոսկվայի համար հանդիսանում է համախմբող ֆիգուր: Այժմ արդեն կա լծակ, որի հետ կարելի է անմիջականորեն աշխատել, որովհետև այն ժամանակ, երբ Մոսկվան ստիպված էր աշխատել Ծառուկյանի, Քոչարյանի կամ Տիգրան Սարգսյանի հետ, անընդհատ առաջանում էին ավելորդ քաղաքական մտորումներ՝ ով է, ինչ է, ոնց է: Իսկ Կարեն Կարապետյանի պարագայում Մոսկվայի համար ամեն ինչ ավելի հստակ է, թե ով ով է: Ես չէի ասի, թե Կարապետյանը առաջնային ֆիգուր է դառնում Մոսկվայի համար, բայց նա դառնում է իր հասկանալի մարդը, որին չի կարելի առաջնորդ դարձնել, բայց նրա միջոցով կարելի է աշխատել երկրի հետ:

— Իսկ ի՞նչ կարելի է կանխատեսել այն հարցի վերաբերյալ, թե ինչ կլինի խորհրդարանական ընտրություններից և 2018-ից հետո: Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետի պաշտոնում 2018-ից հետո, թե՞ նա պահպանում է այդ պաշտոնը Սերժ Սարգսյանի համար, երբ ավարտվի նախագահի կառավարման ժամկետը:

— Ես, իհարկե, չեմ համարձակվի նմանատիպ կանխատեսումներ անել, և դժվար թե ինչ-որ մեկը փորձի այդպիսի կանխատեսում անել, որովհետև առայժմ պարզ չէ, թե ինչպե՞ս կզարգանան ինտրիգները՝ կապված Կարապետյանի՝ ընտրություններին մասնակցելու հարցի հետ: Օրինակ՝ ես այնքան էլ համոզված չեմ, որ Կարապետյանը շատ է ուզում գլխավորել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը: Պարզ է, որ դա շատ լավ բան է, բայց չեն երևում ինչ-որ սուպերբոնուսներ, որոնց համար արժեր կենաց-մահու պայքար մղել: Հետևաբար առայժմ անհասկանալի է, թե ինչպես կզարգանա այս ինտրիգը: Հնարավոր չէ պատասխանել հարցին՝ առանց այս հարցի պատասխանը ունենալու և առանց պատկերացնելու, թե ինչպես կանցնեն ընտրությունները, ինչ դեր կունենա, օրինակ, պարոն Ծառուկյանը, և ինչ հարաբերություններ նա կունենա մյուս ուժերի հետ: Անորոշ է նաև հարցը, թե ինչ է պատրաստվում գլխավորել Կարեն Կարապետյանը, նա պատրաստվում է գլխավորել հայ քաղաքականության հաղթական կուսակցությո՞ւնը, վրացական տերմինաբանությամբ ասած՝ «հայկական երազա՞նքը», թե՞ նա հետո ստիպված կլինի երջանկություն փնտրել ինչ-որ կոալիցիաների մեջ, որում, իհարկե, սարսափելի բան չկա, բայց դա արդեն այլ խաղ է:

— Մոսկվան կարո՞ղ է խաղադրույք անել այլընտրանքային ռուսամետ բևեռների վրա: Մասնավորապես, ձևավորվում է նոր դաշինք՝ Օսկանյանի «Համախմբում», Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների միջև, որի հետ են կապում նաև Սեյրան Օհանյանի անունը:

— Կարծում եմ՝ Ռուսաստանը ամեն դեպքում ինչ-որ հետաքրքրություն կցուցաբերի այդ ամենի հանդեպ, բայց չեմ կարծում, որ այդ հետաքրքրությունը ռազմավարական բնույթ կունենա: Այժմ կա պայմանականորեն ասած՝ ռուսամետ ուղղվածություն ունեցող երկու մոդել: Մեկը կարելի է պայմանականորեն կոչել պարոն Օսկանյանի անունով: Այդպիսի ռուսամետ գործիչ է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը և այլն, և այլն: Սա երեկվա մոդելն է: Եվ կա պարոն Կարապետյանի մոդելը, որը այսօր ավելի մոտ է Մոսկվային: Այդ մոդելը բավական պրագմատիկ է, ամենակարևորը՝ այն տեխնոկրատական է, չի հիմնվում եղբայրական դաշինք կազմելու մասին ֆանատիկ կոչերի վրա, այլ ելնում է Հայաստանի և Ռուսաստանի շահերի որոշակի համընկնումից և հանգստացնում է Հայաստանի արևմտամետ ուղղությանը, որը վերջին տարիներին սկսել էր զգալիորեն նշմարվել: Չեմ ասում՝ սա այդ գծի չեզոքացումն է, բայց ամեն դեպքում քաղաքակիրթ, ռուսամետ այլընտրանք է, որն այդքան շատ չի զայրացնի Հայաստանի ընդդիմությանը և արևմտամետ ուժերին, որոնք իրականում այնքան էլ ուժեղ չեն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *