Խորհրդարանը լեգիտիմ չէ. պետք է արագ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

timthumb

«Արտահերթ ընտրությունների անցկացման համար մինչև մեկ տարի ժամկետ սահմանելը մարդասիրական մոտեցում է նոր Կառավարության կողմից՝ ուղղված դեպի տապալված նախկին կոալիցիային, որովհետև կառավարության ղեկավարն ու մյուս անդամները գիտակցում են, որ եթե հիմա անցկացվի արտահերթ ընտրություն՝ նախկին կոալիցիոն խմբավորումները չեն կարողանալու հաղթահարել անցողիկ շեմը»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանն՝ անդադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետներին:

Քաղաքագետի համոզմամբ՝ ընտրությունների երկարաձգումը հումանիստական է, ինչը թավշյա հեղափոխության արժեհամակարգի մեջ է, բայց ստեղծված քաղաքական իրադրության պայմաններում ճիշտ չէ:

Այս պահին Հայաստանում գործում է լեգիտիմ կառավարություն և ոչ լեգիտիմ խորհրդարան, ուստի երկար սպասել ընտրություններին՝ անհրաժշետ չէ, իսկ Ընտրական օրենսգիրքը փոխելը  պարտադիր չէ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու համար. «Մի քանի ամիս Ընտրական օրենսգիրք կգրեն, մի քանի ամիս խորհրդարանում կքննարկեն, տապալված ուժերը կսկսեն «բազարներ» օրենսգրքի շուրջ՝ «այս ստորակետը, այս և-ը, այս նախադասությունը փոխեք», և կփորձեն տապալել գործընթացը, ինչը կիջեցնի ժողովրդական հեղափոխության  հմայքը: Խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն երկու կամ երեք ամսվա ընթացքում. պետությանը պետք է լեգիտիմ խորհրդարան: Պահը շատ հարմար է. տարածաշրջանում լարումներ և սրացումներ այս պահին չկան: Բայց մեկ տարի հետո մենք չգիտենք ինչ կլինի. Ադրբեջանն ինչ քայլերի կդիմի կամ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները մինչև ուր կհասնեն: Պատկերացնո՞ւմ եք՝ իրավիճակը լարվի, իսկ Հայաստանում դեռ ընտրական օրենսգիրք քննարկեն: Ժողովուրդը անվստահություն է հայտնել նախկին իշխանություններին՝ նախկին կառավարությանը և խորհրդարանին: Այս պահին, ըստ էության, մենք խորհրդարան չունենք. դա պարզապես մարդկանց մեխանիկական ներկայություն է, ուրիշ ոչինչ»,-ասաց Հայկ Սուքիասյանը:

Հարցին՝ արագ արտահերթ ընտրություն ինչպե՞ս կարելի է անցկացնել՝ առանց ռեյտինգային համակարգի վերացման, քաղաքագետը պատասխանեց.

«Գործող Ընտրական օրենսգրքում գրված չէ, որ ընտրակեղծիքով պետք է անցկացվեն ընտրությունները, իսկ քանի որ ռեյտինգային համակարգը ընտակեղծիքներով իրենց շահերին ծառայեցրած համակարգն այլևս չկա, ուստի ռեյտինգային համակարգը վնասակար չէ: Մենք պետք է գիտակցենք, որ գտնվում ենք կառավարման անցումային փուլում, երբ օլիգարխիկ համակարգն իր տեղը զիջում է դեմոկրատականին: Սա անցման պրոցես է՝ ավտոկրատիայից կամ օլիգարխիայից՝ դեմոկրատիայի: Այս գործընթացն անցել են աշխարհի շատ երկրներ, բայց որոշ երկրներ այս անցումը տապալել են ժողովրդավարական մշակույթի բացակայության, դեմոկրատական ինստիտուտների ձևավորման ձգձգման պատճառով: Քանի այս պահին թավշյա հեղափոխության ազդեցությունը և գրավչությունը մեծ է, քանի դեռ ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական արժեհամակարգ առկա է՝ հենց այս պահին պետք է հաստատել դեմոկրատական ինստիտուտները: Եթե պրոցեսը ձգձգվեց՝ կառաջանա հոգնածություն, այդ ընթացքում փորձեր կարվեն գործընթացը փչացնելու և այլն: Սեպտեմբերին պետք է ունենանք լեգիտիմ խորհրդարան և լեգիտիմ կառավարություն» — ասաց քաղաքագետը:

 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *