Գործուղումներ. օգտակար գործողության գործակցի որոնումներում

10421213_1377274265929775_6749502388917896148_n

«Ոզնի» երգիծական հանդեսի երբեմնի խմբագիր Արամայիս Սահակյանը մի երգիծապատում ուներ. «Հենց գնաց գործուղում, ոչխար պակասեց այդ գյուղում»: Սովետական շրջանի գործուղումների տիպիկ իրապատում է, երբ քաղաքից գործուղված փոքր և մեծ պաշտոնյաներին հյուրասիրում էին գործուղման նպատակի հետ կապ չունեցող «մի անմեղ գառնուկով»:

Հայաստանի անկախության սկզբնական շրջանում զարմանալիորեն հաճախ էին փոխվում կառավարությունները, արդյունքում՝ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները:Դրանցից յուրաքանչյուրը բավականին մեծ շքախմբով հարկ էր համարում գործուղվել մարզեր և համայնքներ՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին:

Ականատեսների վկայությամբ նման մասսայական այցելությունների օգտակար գործողության գործակիցը, մեղմ ասած, հակադարձ համեմատական էր երկուստեք ծախսվող գումարների և միջոցների հանդեպ՝ մի կողմից գործուղման, մյուս կողմից՝ բազմամարդ պատվիրակություններին հյուրընկալելու և «մի կտոր հաց» ուտելու ծախսերի տեսքով:

Վերջին տարիների ընթացքում կառավարության ձեռնարկած մի շարք որոշումների արդյունքում ներհանրապետական և արտասահմանյան գործուղումները որոշակիորեն կանոնակարգվել են, հստակեցվել են հաշվետվողականության, վերահսկողական մեխանիզմները, հաստատվել են որոշակի լիմիտներ, սահմանափակվել շռայլ և անիմաստ ծախսերը, գործընթացները դարձել են թափանցիկ և վերահսկելի:

Վերջերս այդ մասին կառավարության նիստերից մեկի ժամանակ խոսեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հորդորելով խնայողաբար ծախսել գործուղումների համար նախատեսված միջոցները: Դժվար չէ նկատել, որ վերջին շրջանում նախարարների, նույնիսկ կառավարության ղեկավարի ներհանրապետական այցերը աչքի չեն ընկնում ուղեկցող մեքենաների առատությամբ:

Փոխարենը, տեսանյութերում ու ֆոտոշարքերում կարելի է նկատել գործարարի ու տեղական իշխանիկների հետ աշխատանքային խորհրդակցություններ և քննարկումներ:

էլեկտրոնային և տպագիր մամուլում, սակայն, ավելի շատ քննարկվում և շահարկվում են արտասահմանյան գործուղումների և ուղևորությունների հետ կապված ծախսերը: Միանգամայն համաձայն լինելով, որ արտասահմանյան ուղևորություններն ու գործուղումները ևս անհրաժեշտ է կանոնակարգել, զերծ մնալով շռայլ ծախսերից և մեծաքանակ ուղևորություններից, այնուամենայնիվ հարկ եմ համարում նկատել, որ սա որոշակի առանձնահատկություններ պարունակող թեմա է:

Հայաստանը օտարերկրյա իր գործընկերներին պետք է և անհրաժեշտ է, որ ներկայանա արժանապատիվ կեցվածքով: Դա վերաբերում է թե օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների ընդունելությանը և թե Հայաստանը արտերկրում ներկայացնող բարձրաստիճան պատվիրակությունների այցերին և հանդիպումներին: Օդանավի, կեցավայրի ընտրության, արարողակարգային մի շարք միջոցառումների ծախսեր կատարելիս, բնականաբար, պետք է նկատի ունենալ, որ ինքնիշխան պետություն եք ներկայացնում:
Աղքատ բարեկամի կամ հարևանի կերպարը ոչ մեկի համար էլ ընդունելի չէ: Չեմ կարծում, որ երկրի արտաքին գործերի, կամ որևէ այլ նախարար պետք է արտասահման գործուղվելիս օգտվի ինքնաթիռի ընդհանուր սրահից, երբ բիզնես կարգի սրահում «բազմած» են հայրենի մեծ ու փոքր օլիգարխներ կամ գործարարներ:

Եվ ամենևին էլ երկրորդական չէ, թե արտասահմանում ինչ կարգի հյուրանոցի կեցավայրում եք ընդունում գործնական հանդիպման նպատակով գործընկերներին: Նմանատիպ մտածված ծախսերը չէ, որ ավելացնում կամ նվազեցնում են գործուղումների օգտակար գործողության գործակիցը:

Կարևորը, ինչի վրա հարկ է սևեռուն ուշադրություն դարձնել, արտասահմանյան գործուղման, ուղևորության, այցելության արդյունքն է՝ ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչ պայմանագրեր են ստորագրվել, հետագա համագործակցության ինչպիսի ծրագրեր են քննարկվել:
Հիշենք թեկուզ վարչապետի վերջին շրջանի մի քանի այցերը Վրաստան, Չեխիա, Ֆրանսիա և ՌԴ: Քննարկված հարցերն ու ստորագրված համաձայնագրերը, գործարար շրջանակաների ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունները, ապագա ծրագրերի իրականացման կայուն երաշխիք են:

Գործուղման ծախսերի փոխհատուցման մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետև դրանք բոլորովին համադրելի չեն, մանավանդ, որ հաճախ դրանք փոխհատուցվում են հրավիրող կողմից հաշվին: Կարծում եմ, որ արդյունքները, հատկապես ապագա սպասելիքները, զգալի են: Առաջին հայացքից տեսանելի մանրուքների շահարկումից խուսափելու և խորքային վերլուծություն կատարելու արդյունքում միայն կարելի է գնահատել գործուղումների, նաև բարձրաստիճան պատվիրակությունների այցերի և ուղևորությունների օգտակար գործողության գործակիցը: Չնայած՝ խնայելը անհրաժեշտ է, հատկապես բազմամարդ պատվիրակությունների միմյանց կրկնող այցերի դեպքում:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *