Անվտանգության կերտողն ու երաշխավորը՝ Հայոց անպարտ բանակը 24 տարեկան է

timthumb

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում’ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունն սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992թ․ հունիսից 1994թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։ Երրորդ փուլը սկսվել է 1994թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։

1990թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։ Հայկական Զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար: Հայաստանի Հանրապետությունը, 1992թ.-ի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը՝ դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

ՀՀ զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերը, և երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հայկական զինված ուժերի համագործակցությունը նույնպես տարեցտարի խորանում է և ընդլայնում համագործակցության ոլորտները:

Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարևորագույն դերակատարում ունեն հայ խաղաղապահները: Նաև նրանց շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինվորի տեսակը: Հայ խաղաղապահների մասին միշտ ամենայն հարգանքով է խոսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավաստիացնում է, որ միջազգային հանդիպումների ժամանակ միշտ գնահատանքի խոսքեր է լսում իր գործընկերներից՝ հայ խաղաղապահների կատարած աշխատանքի առնչությամբ: Մի շարք երկրներում խաղաղապահ առաքելությանը միանալով՝ Հայաստանն ապացուցեց, որ համաշխարհային անվտանգության պահպանման և երկարատև խաղաղության կողմնակիցն է: Սա գաղափարախոսություն է, որի կրողը չի կարող լինել ագրեսոր: Եվ այսպես, 2004 թվականից սկսած հայ խաղաղապահներն իրենց առաքելությունը փայլուն կերպով իրականացրել են հետևյալ պետություններում:

Կոսովո

2004թ․ Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայի սահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։

Իրաք

2005թ․ հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ․ հոկտեմբերին։

Աֆղանստան

Սկսած 2010թ․ փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր-ISAF) Հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցրել Գերմանիայում։ 2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։ Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում՝ հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար։

Լիբանան

2014 թվականի նոյեմբերի 26-ից հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաև Լիբանանում: Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնում ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Մալի

Եվս մեկ հայ զինծառայող 2015 թվականից խաղաղապահ դիտորդական առաքելություն է իրականացնում Մալիում:

Հայկական բանակը նաեւ տարածաշրջանում անվտանգության պահպանման երաշխավորն է: Հենց սահմանին կանգնած զինվորի քաջությամբ է, որ լարված իրավիճակը երբեք պայթյունավտանգ չի դառնում ու սահմանապահ հայորդին կարողանում է թշնամուն պարտադրել խաղաղություն: Պարտադրված խաղաղություն. սա հայտարարություն է, որ վերջին շրջանում՝ հրադադարի խախտումների հաճախակիացման պարագայում սկսեց կիրառվել ավելի հաճախ: Կողմնակից լինելով երկխոսության խնդիրները հարթելու տարբերակին’ հայկական զինված ուժերը նաև հայտարարում են. եթե քաղաքական ճանապարհով հնարավոր չլինի պարտադրել խաղաղություն, ռազմական ճանապարհով հաստատ արդյունքը շոշափելի կլինի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *