Երևանը «մայդան» չունի. փողոց, պողոտա, հրապարակ` ինչքան ասես

10520106_740707999322010_9028718842603859038_n
Էլէներգիայի սակագնի բարձրացումը բողոքի մեծ ալիք առաջացրեց Հանրապետության ողջ տարածքում: Սակայն հաշվի առնելով մայրաքաղաքի գործոնը, բնական է, որ հիմնական ալիքը պետք է կենտրոնացված լիներ Երևանում:
Հունիսի 19-ց սկիզբ առած «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նստացույցը երեկ շարունակվեց երթով` դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ զարգացան հիմնական իրադարձությունները: Առավոտյան լուսադեմին ոստիկանությունը դիմեց կտրուկ գործողությունների և ուժի կիրառմամբ ցրեց նստացույցը:
Անշուշտ, այս իրողությունը դեռ երկար կքննարկվի տարբեր հարթակներում: Բավական է նշել, որ արդեն ռուսական գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները, թուրքական, և այլ միջազգային հայտնի պարբերականներ, այդ թվում նաև BBC-ն, անդրադառնում են Երևանում տիրող իրավիճակին և շարունակում են տարբեր որակումներ տալ` ընդհուպ մինչև համեմատականներ անցկացնել Ուկրաինան փլուզող հայտնի «Մայդանի» հետ:
Նրանց կողմից նման մեկնաբանություններ և եզրահանգումներ անելու «իրավունքը» տրվում է ինչ-որ չափով մեր կողմից: Նմանօրինակ մի շարժառիթ էր երթի ընթացքում որոշ քաղաքական ուժերի կողմից «մայդանի» շունչ հաղորդող դրոշներ ծածանելը և ոստիկանության կողմից ուժի գործադրումը:
Այս ամենի թե ներքին, և թե արտաքին հրահրողները (այդ թվում` ռուսական մեդիան) հարկ է, որ ընկալեն` նման շունչ ստեղծելու բոլոր չարչարանքները միանշանակ դատապարտված են կործանման, քանի որ սա հայերի Հայաստանն է և նույն Հայ Երիտասարդն ի տարբերություն «մայդանիստների» ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ և առավել ևս ոչ էլ «կուլ գնացողամետ», նա բացառապես Հայամետ է և հենց սա էլ պայքարի իրողությունն է:
«Մայդան» նշանակում է ոչ այլ ինչ, քան սեփական ժողովրդի ձեռքով պետության կործանում: Բայց հայ իրականությունը պարոնայք «դրսամետներ», պետություն քանդելու հրապարակ` «մայդաններ», չունի: Ուրիշ բան, որ նորմալ ժողովրդավարական պետությանը վայել պետական կառավարման մարմինների կողմից ընդունած որոշումները չեղարկելու փողոցներ, պողոտաներ, հրապարակներ ունեի և կարողանում է ծառայեցնել իր գործին:
Պետք չէ շփոթել այս պարզ պատճառահետևանքային տրամադրությունները և Կիևյան սցենարներ փնտրել:

Աշոտ Ծորմուտյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *