«Քարֆուրի» պարզաբանումը. «Երեւան Սիթիի» հետ խնդիր չունենք

54544
«Քարֆուր» ընկերությունը ՏՄՊՊՀ-ին պարզաբանումներ է ներկայացրել շաքարավազի գների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ Ազգային ժողովում հնչեցին մի շարք հարցադրումներ, որոնք շարունակվում են ուսումնասիրվել ՏՄՊՊՀ-ի կողմից: Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանում «Քարֆուր» եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցերի միջեւ առկա հնարավոր հակամրցակցային գործողություններին, մասնավորապես շաքարավազի ներկրմանն ու վաճառքի գներին:

Բարձրացված հարցադրման հետ կապված Հանձնաժողովը գրությամբ դիմել է «Քարֆուր» սուպերմարկետի հայաստանյան ներկայացուցչությանը՝ վերջինիս կողմից պատրաստի շաքարավազ չներմուծելու եւ Վրաստանի համանուն ցանցում ավելի ցածր գնով շաքարավազի վաճառքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Ի պատասխան Հանձնաժողովի հարցմանը, «Քարֆուրի» ներկայացուցիչները նշել են, որ «Երեւան Սիթի» խանութների ցանցի հետ որեւէ խնդիր երբեւէ չեն ունեցել եւ այժմ էլ չունեն. «Մեր կողմից պատրաստի շաքարավազի ներմուծման ուղղությամբ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ ներմուծման դեպքում շաքարավազի ինքնարժեքը կլինի ավելի բարձր, քան այն դեպքում, եթե այդ ապրանքատեսակը ձեռքբերվի տեղում: Այդ իսկ պատճառով ընկերության համար առավել շահավետ է շաքարավազը մեծածախ կերպով ձեռքբերել Հայաստանում եւ այն վերավաճառել: Մեր ընկերությունը անկախ է իր գնային քաղաքականության հարցում»,- ասվում է ընկերության գրության մեջ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վրաստանում գտնվող «Քարֆուր» անվանումով սուպերմարկետներում շաքարավազը իրացվում է ավելի ցածր գնով քան Հայաստանում, ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը նշել է, որ խոսքը որակապես տարբեր ապրանքատեսակների մասին է. «ՀՀ-ում վաճառվող շաքարավազը ավելի բարձր որակական հատկանիշներ ունի, քան Վրաստանում իրացվող շաքարավազը»: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված՝ Վրաստանում համեմատաբար ցածր գին է սահմանվել:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաեւ ՀՀ-ում շաքարավազի հիմնական արտադրող հանդիսացող «Ալեքս գրիգ» ընկերության փաստաթղթերը` պարզելու ընկերության մանրածախ եւ մեծածախ գների միջեւ առկա տարբերությունը: Պարզվել է, որ դիտարկված ամիսներին ընկերության մանրածախ վաճաքի եւ մեծածախ իրացման գների միջեւ առկա է մինչեւ 20 դրամի տարբերություն, ինչը նշանակում է, որ շաքարավազի վերավաճառքով զբաղվող ընկերությունները 1 կգ շաքարավազի իրացումից կարող են մինչեւ 20 դրամի եկամուտ ստանալ:

Վրաստանում վաճառվող շաքարավազի գների վերաբերյալ ՀՀ ՏՄՊՊՀ-ը պաշտոնական տեղեկատվություն է ստացել նաեւ Վրաստանի մրցակցային մարմնից: Ըստ այդմ, 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին շաքարավազի միջին մանրածախ գինը կազմել է 1.54-1.58 լարի, որը, ըստ ՀՀ ԿԲ պաշտոնական փոխարժեքի, կազմում է 350-360 դրամ: Ճիշտ նույն ժամանակահատվածում, Երեւան քաղաքի մի շարք խոշոր վաճառակետերում շաքարավազի մանրածախ գինը կազմել է 350-369 դրամ: Այսինքն Վրաստանում վերոնշյալ գնից համեմատաբար ցածր գնով իրացում առկա է միայն «Քարֆուր» ցանցում, ինչն ընկերության պարզաբանման համաձայն, պայմանավորված է որակական տարբերությամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *