Որբերը՝ Ասատրյանի հոգածության տակ…

timthumb

Այն, որ մեր երկիրը երբեք էլ առանձնապես աչքի չի ընկել հասարակության կարիքավոր ու խոցելի խմբերի նկատմամբ ունեցած հոգածությամբ, հայտնի է վաղուց: Իհարկե, սրա պատճառը համարել բացառապես մերոնց սառնասրտությունն ու ուրիշի հոգսերի նկատմամբ ունեցած անտարբերությունը, միակողմանի մոտեցում կլիներ, սակայն այն, ինչ արվում է, համարել բավարար, ևս ոչ մի կերպ չի կարելի:

Ինչպես գիտեք, հասարակության՝ սոցիալապես ամենախոցելի խմբերից մեկը մանկատան շրջանավարտներն են համարվում՝ որբերը, որոնք, լքված հասարակությունից ու սեփական ծնողներից, ստիպված են լինում դեռևս վաղ տարիքից սովորել ինքնուրույնաբար հոգալ սեփական խնդիրները: Հայաստանում բոլոր նմանատիպ խնդիրներով զբաղվող հիմնական պետական կառույցն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որի անմիջական հովանու ներքո են գործում բոլոր այն պետական և ոչ պետական ծրագրերը, որ կոչված են՝ հոգ տանելու մանկատան սաների մասին, հոգալ նրանց մասին, ովքեր չափահաս դառնալու հետևանքով ստիպված են լինում դուրս գալ մանկատներից ու մտնել մեծ կյանք:

Շատերդ եք, հավանաբար, լսել այն մասին, որ Հայաստանում պարբերաբար սոցիալական բնակարանաշինության շրջանակներում բնակարաններ են տրամադրվում մանկատան շրջանավարտներին՝ իրենց մի փոքր անկյունն ունենալու համար: Քչերը, սակայն, գիտեն, որ իրականում այդ բնակարանները տրվում են որբերին, ոչ թե սեփականության բացարձակ իրավունքով, այլ որոշակի պայմաններով. պայմանները հետևյալն են՝ բնակարանը տրվում է 10 տարով՝ ընձեռելով շահառուին այդ ընթացքում կատարելով համապատասխան մուծումներ՝ դառնալ լիիրավ սեփականատեր իրենց բնակարանների:

Այսինքն՝ ստացվում է, որ պետությունը յուրօրինակ բիզնես է անում այս ճանապարհով՝ դիտարկելով անապահովներին որպես պոտենցիալ գնորդներ, այլ ոչ թե բարեգործություն է անում, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից և ինչպես սովորաբար ներկայացվում է: Քիչ չեն դեպքերը, երբ ժամկետների սպառման հետևանքով շատ ընտանիքներ ստիպված են լինում լքել իրենց երբեմնի տները՝ վերածվելով անտունների, ինչ է թե, բա չեք ասի, օրենքն է այդպես պահանջում: Տեսնես Արտեմ Ասատրյանն անձնապես նման իրավիճակն արդարացի համարո՞ւմ է, համարո՞ւմ է, արդյոք, որ հանգիստ խղճով մարդկանց անտուն թողնելը միանգամայն արդարացի է: Այն պարագայում, երբ պետությունը չի զբաղվում մանկատան շրջանավարտների աշխատանքի հարցերով, գործնականում ոչնչով չի օգնում՝ հաղթահարելու կյանքի դժվարությունները (մանկատան շրջանավարտների բացարձակ մեծամասնությունը հաճախ շահագործվում է սեփական գոծատուների կողմից՝ հաճախ աշխատելով անօրինական սկզբունքներով՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ), արդյոք ճի՞շտ է նրանց, կոպիտ ասած, հույսով անել, իսկ հետո հանել ու վտարել իրենց տներից: Ի դեպ, հատկացվող բնակարանների մասին. դրանք շատ հաճախ այնքան սահմանափակ մակերեսներ ունեն, որ մարդ չի կարողանում, ինչպես ասում են, նույնիսկ ճուտ հանել…

Ակնհայտ է մեկ բան. պետական կառույցները, որոնց թվում նաև Արտեմ Ասատրյանի կողմից ղեկավարվող նախարարությունը, իրենց գործունեության մեջ շատ հաճախ ղեկավարվում են ձևական ու արհեստական սկզբունքներով: Ամեն անգամ մի փոքր բան անելիս արածին այնպիսի հնչեղություն են տալիս, որ թվում է՝ ուր որևէ վերածվելու ենք Սինգապուրի, այնինչ իրականում խնդիրները, լուծվելու փոխարեն, ավելանում են միայն…

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *