Իսկական պատուհաս՝ հայաստանցիներիս գլխին

timthumb

Հիշո՞ւմ եք՝ մի քանի տարի առաջ ինչ եռուզեռ էր տիրում Հայաստանում Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի (ԱՊՊԱ) ներդրման օրերին: Ինչպիսի՜ քարոզչական ալիք էր բարձրացել ողջ երկրով մեկ, ինչպե՜ս էին մեզ համոզում, որ հայ վարորդներիս միակ փրկությունն այդ «ԱՊՊԱ» կոչեցյալի մեջ է միայն, և որ դրա ներդրմամբ մեր կյանքը մեկ ակնթարթում այնպիսի փոփոխությունների կենթարկվի, որ մեզ կզգանք հեքիաթների աշխարհում:

Ի հակադրություն այս ամենի՝ 5 տարի անց հանկարծ պարզում ենք, որ ԱՊՊԱ-ն, բացի վարորդների կյանքը բարդացնելուց, ուրիշ ոչ մի նշանակություն չի ունեցել ժողովրդի համար: Եվ այսպես, ի՞նչ էին խոստանում մեզ համակարգը երկիր ներմուծելիս, բայց ի՞նչ ստացանք փոխարենը:

Եթե հիշում եք, գլխավոր խոստումը, որ այն ժամանակ հնչում էր, վարորդների կյանքում ծագած խնդիրներին արագ արձագանքման ու դրանց լուծման կայուն համակարգի ստեղծումն էր,համակարգ, որը կօգներ մարդկանց խուսափել ավելորդ քաշքշուկներից, անախորժ զրույցներից, աստղաբաշխական ծախսերից և հայաստանյան երթևեկությունը կդարձներ շատ ավելի քաղաքակիրթ ու ապահով:

Բայց ստացվեց այնպես, որ ԱՊՊԱ համակարգի ներդրումը փաստացի ի զորու չեղավ մեր երկիր ներմուծել ո՛չ երթևեկության առավել քաղաքակիրթ վարքականոններ, ո՛չ էլ օգնեց մարդկանց թեթևացնել ծախսերը՝ հավանական ավտովթարների դեպքում: Այս ամենի փոխարեն՝ պատճառ դարձավ նոր, ավելորդ գլխացավանքների, քաշքշուկների և այլն:

Որ վարորդի բերանն էլ բացես, բացի բողոքից, այլ բան չես լսի: Վերջիններս շարունակում են պնդել՝ԱՊՊԱ աշխատակիցները րոպեների ընթացքում դեպքի վայր հասնելու փոխարեն՝ ժամանում են ժամեր անց, տուժած վարորդների գումարները վճարում են մասնակի և ուշացումներով, ու եթե այս համակարգը կարողացել է ԱՊՊԱ սեփականատերերի համար ապահովել իրական գերշահույթներ, ապա դա տեղի է ունեցել բացառապես հասարակ ժողովրդի գրպանի հաշվին:

Ասվածն ավելի շոշափելի դարձնելու համար պարզապես մեջբերենք որոշ վիճակագրական տվյալներ.2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանում ապահովագրվել է 457.898 ավտոտրանսպորտային միջոց, որոնց ընդհանուր ապահովագրական վճարը կազմել է 17.7 միլիարդ դրամ: Մոտավորապես 460.000 ապահովագրված մեքենաներից վնասի փոխհատուցում ստացել է41.203-ը՝ միջինը 212.000 հազար դրամով: Ստացվում է՝ 17.7 մլրդ ԱՊՊԱ վճարից փոխհատուցման ծախսերը ծածկվել են մոտ 8.5 միլիարդով՝ 9.2 միլիարդը թողնելով ապահովագրական ընկերություններին, ու եթե զարգացած երկրներում ապահովագրական ընկերությունների շահույթը չի գերազանցում 10%-ը, ապա Հայաստանում նույն այդ ապահովագրական ընկերություններն ստանում են ոչ պակաս, քան 50%-ի շահույթ:

Ինչ-ինչ, բայց համաձայնե՛ք, որ այնքան էլ բիզնեսի վատ տեսակ չէ. մեր երկրում դժվար կարող ես հիմնել մի գործ, որը քեզ մի ամբողջ 50%-ի մաքուր շահույթ կապահովի: Ասում են, թե որոշ ԱՊՊԱ ընկերություններ երբեմն նույնիսկ չեն էլ վճարում վարորդներին՝ կապված ավտովթարների հետ, և մարդիկ դատարանների միջոցով են միայն ի վիճակի լինում մի կերպ պարտադրել ընկերություներին՝ հոգալու առաջացած ծախսերը:

Այլևս ակնհայտ է, որ մեր երկրում ԱՊՊԱ-ն, այն տեսքով, որով հիմա մեզ հայտնի է, վաղուց սպառել է իրեն: Հարկավոր է, եթե ոչ ամբողջովին վերացնել, ապա գոնե ինչ-որ թարմ շունչ հաղորդել համակարգին՝ ներմուծելով դրանում այնպիսի էլեմենտներ, որոնք ոչ թե է՛լ ավելի կբարդացնեն վարորդների վիճակը, այլ կնպաստեն Հայաստանում երթևեկության միանգամայն նոր մշակույթի ձևավորմանը:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *