Ո՞վ է, վերջապես, այս հարցին լուծում տալու

timthumb

Ձեզ երբևիցե հետաքրքրե՞լ է՝ ի՞նչ ենք մենք ուտում:

Չէ՛, պարզ է, որ քար չենք ուտում, պարզ է, որ սնվում ենք նույն պարենային ապրանքներով, ինչ աշխարհի բոլոր մարդիկ, պարզապես բանն այն է, որ ամեն անգամ, երբ մենք՝ ձեզ հետ միասին, նստում ենք հացի սեղանի շուրջ և փորձում հագեցնել սեփական քաղցը, պարզվում է՝ ճիշտ այդ պահին ակամա վտանգի ենք ենթարկում այն ամենաթանկը, որ ունի մարդ արարածը՝առողջությունը:

Համենայն դեպս, այս է վկայում համապատասխան ոլորտում կատարած վերջին հետազոտությունը, որ ձեռնարկել էր Հայաստանի սպառողների ասոցիացիան՝ Համազգային վստահության խորհրդի հետ համատեղ: Վերջին 5 ամսում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով այցելելով մոտ 20 սնունդ արտադրող կազմակերպություններ՝ պարզել են, որ թեպետ սարքավորումների հագեցվածության և տեխնոլոգիական առումներով շատ ընկերություններում իրական առաջընթաց, այնուամենայնիվ, առկա է, սակայն հիգիենայի կանոնների պահպանման մասով թերություններն ահռելի են ու ճչացող. շատ դեպքերում արտադրական սարքերը կեղտոտ են, արտադրական տարածքը՝ հակասանիտարային:

Չխորանալով սույն ուսումնասիրությունների մանրամասնությունների մեջ, որոնք, ինչպես արդեն կռահում եք, կարող են էապես փչացնել ձեր տրամադրությունը, կցանկանայինք բարձրացնել հետևյալ հարցը. կա՞ արդյոք մեկը, ով պատասխանատվություն է կրում Հայաստանի արտադրամասերում տիրող այս խայտառակ իրավիճակի համար, ո՞վ է զբաղվում սննդի անվտանգության վերահսկմամբ, ինչպե՞ս է կոչվում այդ մարմինը, մի՞թե, այնուամենայնիվ, «ՍԱՊԾ», եթե այո, ապա ՍԱՊԾ-ին ենք հարց ուղղում՝ ո՞ւր եք դուք և ինչո՞վ եք հատկապես զբաղված ճիշտ այն պահին, երբ, օրինակ, ինչ-որ փուռում ինչ-որ գործակատար, կեղտոտ ձեռքերով ու հակահիգիենիկ միջավայրով շրջապատված, հաց է շղլղորում՝ անտեսելով սննդի անվտանգության տարրական կանոնները, վտանգի ենթարկելով պոտենցյալ գնորդներին:

Հետո էլ խոսում են առողջապահությունից, ասենք՝ գրիպով չվարակվելուց և այլնի մասին. մոռացե՞լ եք, որ ամեն բան սկսվում է անձնական հիգիենայից,իսկ այս պարագայում՝ արտադրողի… Մարազմը հասել է այն աստիճանի, որ պարզվում է՝ շատ տաքսիստներ, որպես «լևի» գործ, իրականացնում են հացամթերքի տեղափոխում՝ արտադրամասերից վաճառակետեր: Թե ինչ վտանգներով դա կարող է հղի լինել, թողնում եմ յուրաքանչյուրիդ երևակայությանը: Լա՛վ, ի՞նչ էինք անելու մենք, եթե Հայաստանում հասարակական կազմակերպություններ չլինեին, ո՞վ էր պետության ուշադրությունը հրավիրելու նմանատիպ խնդիրների վրա: Ենթադրում եմ՝ ոչ ոք: Պարզ է, չէ՞, որ եթե ունակ չենք անգամ այնպիսի պարզագույն հարց լուծել, ինչպիսին սննդի անվտանգության խնդիրն է, էլ ինչպե՞ս ենք լուծում տալու ավելի գլոբալ հարցերին, որոնք ծառացած են մեր առջև. սթափվել է պետք, սթափվել…

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *