Բարդ երկընտրանքի առաջ…

timthumb

Հավանաբար, շատերդ կկիսեք տարածված այն կարծիքը, համաձայն որի՝ Հայաստանի քաղաքական դաշտը միշտ էլ աչքի է ընկել իր խճճվածությամբ, բացառապես իրեն բնորոշ նրբերանգներով: Չնայած դժվար կարելի կլինի գտնել աշխարհի որևէ երկիր, որի ներքաղաքական դաշտը զերծ լինի մի շարք անհասկանալի անհարթություններից, իսկ քաղաքական գործիչներն էլ արցունքի պես պարզ մարդիկ լինեն, բայց դե համաձայնե՛ք, որ մերն ուրիշ է…

Տևական ժամանակ է, ինչ ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, ընդ որում՝ այդ թվում և բավական ազդեցիկ դեմքերի շուրթերով, որ ոչ վաղ ապագայում շատ հնարավոր է՝ հայաստանյան հանրությունն ականատես դառնա երկրում նոր կոալիցիայի ձևավորմանը. որպես ամենահավանական տարբերակ դիտարկվում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը:

Ով ինչ ուզում է ասել, բայց համաձայնե՛ք, որ Դաշնակցությունն այն բացառիկ կուսակցություններից մեկն է մեր երկրում, որը, չնայած իր անցած բարդ ու հակասական ուղուն, ժողովրդի մոտ ավելի շատ դրական ասոցիացիաներ է առաջացնում, քան բացասական: Ոմանք դա պայմանավորում են այս կուսակցությունը միֆականացնելով, ոմանք էլ դաշնակցականների կողմից ցուցաբերվող համեստ վարքով. դժվար կարող ենք գտնել այդ կուսակցության շարքերում մարդկանց, ովքեր աչքի են ընկել կամ ընկնում իրենց ցոփ ու շվայտ կյանքով, անհասկանալի ծագմամբ միլիոններով կամ, որ ոչ պակաս կարևոր է, տգիտությամբ:

Ներկայումս սահմանադրական բարեփոխումներից հետո փորձ է արվում երկրում ստեղծել քաղաքական այնպիսի մթնոլորտ, որը մի շարք պարամետրերով կտարբերվի նախահանրաքվեական (եթե կարելի է այսպես արտահայտվել) քաղաքական իրավիճակից.կոալիցիա կազմելը ամենալավ ճանապարհն է՝ նոր շունչ հաղորդելու երկրի քաղաքական կյանքին: Չնայած սկզբնական շրջանում Դաշնակցությունը կարծես խիստ շահագրգիռ վարքագիծ էր ցուցաբերում՝ հանրապետականների հետ կոալիցիա կազմելու հարցում, սակայն հատկապես վերջին շրջանում մի փոքր կամուկացի մեջ է հայտնվել՝ «արժի արդյոք» հարցը մտքին:

Ակնհայտ է, որ այս կուսակցության ղեկավարության, ինչու չէ՝ նաև ավելի ցածր էշելոներում գտնվողների շրջանում մի տեսակ պառակտում է հասունանում, իսկ պատճառը, ամենայն հավանականությամբ, այն վճարվելիք գինն է, որ Հանրապետականը պահանջում է դաշնակցականներից: Պետք չէ մոռանալ, որ Դաշնակցությունը, այսպես ասած, ամենևին էլ թիթեռնիկ-կուսակցություն չէ, և ցանկացած քայլ կատարելիս կուսակցությունն այն դիտարկում է նախևառաջ ժամանակի մեջ, թե որքանով ընկալելի կարող է լինել իր այս կամ այն քայլը ժողովրդի կողմից, կարո՞ղ է, արդյոք, բռնել ժամանակի քննությունը և այլն. ցավոք, երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատ կուսակցությունների համար, գոնե սեփական իմիջի տեսանկյունից, բավական ռիսկային է դարձել իշխող կուսակցության հետ միևնույն հարթակում գտնվելը:

Դատելով ՀՅԴ առաջին դեմքերի վերջին հայտարարություններից՝ հասկանում ես, որ կոալիցիա կազմել-չկազմելու խնդիրը կուսակցությունը, որը հայտնի է նաև դրսի իր կառույցներով, մտադիր է լրջագույն քննարկումների առարկա դարձնել նաև դրսում՝ իր ամբողջականությունը հարվածի տակ չդնելու նկատառումով: Կուսակցությունն այս, մտնելով հավանական կոալիցիայի մեջ, կամա թե ակամա, ունենալու է նաև սեփական ծրագրերը համապատասխան ոլորտներում առաջ տանելու խնդիր, որպեսզի գոնե այս կամ այն կերպ կարողանա արդարացնել դաշնակցումը մի քաղաքական ուժի հետ, որի թիվ մեկ քննադատներից է հանդիսացել հենց ինքը: Որքան էլ, ասենք, ապագա դաշնակցական նախարարները (հավանաբար նրանց ներքին ցուցակն արդեն իսկ հրապարակվել է), ելնելով բացառապես սեփական կարիերայի շահերից, անձնական շահագրգռվածություն ցուցաբերեն կոալիցիայի հարցում, ակնհայտ է, որ նրանց տապալման ծանր բեռը ստիպված են լինելու իրենց հետ քարշ տալ բոլորը՝ անկախ կուսակցությունում գրաված դիրքից: Ի դեպ, ասել, թե հանրապետականները առանձնապես ոգևորություն են ապրում դաշնակցականների հետ պաշտոններ կիսելու հեռանկարից, սխալ կլիներ. բոլորս ենք հիշում այս կուսակցությունը ներկայացնող որոշ դեմքերի կողմից այդ առիթով հնչեցրած որոշ մտքերը:

Եթե մեկ խոսքով ամփոփելու լինենք մեր ասելիքը, ապա կասենք, որ, ամենայն հավանականությամբ,ամենամեծ հարցը, որն այսօր կանգնած է Դաշնակցության առաջ, այն վճարվելիք գինն է, որ պահանջում են նրանից հանրապետականները. պետք է պահպանել սեփական հեղինակությունը՝ հնարավորինս կարողանալով օգտվել կյանքի բարիքներից. լինել նախարար, բայց չլինել վարկաբեկված համակարգի մի մասը, վարկաբեկվածների հետ հավասար աջ ու ձախ թուքումուր չուտել, այլ կարողանալ բոլորիս ապացուցել, որ վերցնում են նախարարական պորտֆելները՝ բացառապես սեփական ծրագրերը կյանքի կոչելու ազնիվ նկատառումներից ելնելով, այլ ոչ թե շոյելու սեփական սնափառությունը…

Թե որքան համոզիչ կլինեն դաշնակցականների հավաստիացումները, պարզ կդառնա ոչ հեռու ապագայում, իսկ մեզ մնում է հուսալ միայն, որ նախարարական պորտֆելներ ստանձնելուց հետո ևս այս կուսակցությունը կփորձի չկորցնել իրականությանը սթափ գնահատականներ տալու այն ունակությունը, որով աչքի է ընկնում ներկայումս, երբ հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *