Մեր հանցավոր անտարբերությունը

timthumbՀամեմատական խաղաղության այս օրերին, երբ ավելի շատ ժամանակ ունենք կշռադատելու, ինչպես ասում են, ծանրութեթև անելու, վերլուծելու արցախյան խնդիրն առհասարակ, կամա, թե ակամա ստիպված ենք նկատել, որ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, մենք չենք արել այն ամենը, ինչ մեզանից իրականում պահանջվում էր, որպեսզի այժմ կարողանայինք հանգիստ խղճով նայել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Օրինակ՝ մեկը մեզ կարո՞ղ է ասել, թե ինչու այս երկարուձիգ տարիների ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք, ինչպես ասում են, չբաշարեցինք ազատագրված տարածքները՝ հենց այդ նույն 7 շրջանները, բնակեցնել հայերով: Ի՞նչը մեզ խանգարեց կիրառել մի պրակտիկա, որը բավական ընդունված է աշխարհում, երբ այն տարածքներում, որոնք փաստացի քեզ են պատկանում, դու անում ես այն, ինչ ուզում ես. վերաբնակեցնում ես, կառուցում, շենացնում, ի վերջո անդառնալիորեն յուրացնում ես:

Շատերն են, թերևս, այս օրերին տեղի ու անտեղի զուգահեռներ անցկացնում Իսրայելի ու Հայաստանի միջև, նշում երկու երկրների ունեցած ընդհանրությունները և այլն: Ընդհանրությունները թողնելով մի կողմ՝ հիմա ավելի կգերադասեինք խոսել, օրինակ, մի շատ կոնկրետ տարբերության մասին. Իսրայելը, ի տարբերություն նույն Հայաստանի, շատ երկար տարիներ է, ինչ վարում է համապատասխան վերաբնակեցման քաղաքականություն այն տարածքներում, որոնք գրավել է Պաղեստինից. հրեական պետությունը, փաստացի, յուրացնում է այն հողերը, որոնք, զուտ իրավական տեսանկյունից, իրեն չեն պատկանում, բայց որոնք ինքը կարողացել է գրավել: Իսկ մենք ի՞նչ ենք արել այդ ուղղությամբ մեր պապենական հողերի հետ, գրեթե ոչինչ: Այս անգործությունը, թերևս, կարելի է բացատրել երկու հանգամանքով՝ քաղաքական-դիվանագիտական ու ներքին անկազմակերպվածության: 

Առաջին հանգամանքի պարագայում պետք է ասենք, որ երբ խոսքն այդ տարածքների վերաբնակեցման անհրաժեշտության մասին էր, ապա, որպես կանոն, կառավարական որոշ շրջանակներից հնչում էին կարծիքներ, թե որևիցե իմաստ չունի վերաբնակեցնել այն տարածքները, որոնք, նույն այդ շրջանակների տրամաբանությամբ, իբր ապագայում պետք է դառնային փոխզիջման կարևորագույն տարր՝ հայ-ադրբեջանական բանակցություններում. ակտիվորեն շրջանառվում է այն տեսակետը, որ դրանք կարող են դառնալ առևտրի առարկա և հանձնվեն ազերիներին՝ վերջիններիս կողմից Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց: 

Համաձայնե՛ք, որ այս մոտեցումը ոչ մի քննադատության չի դիմանում. պարզից էլ պարզ է, որ եթե մենք գնանք նման քայլի, ապա կդատապարտենք ոչ միայն Արցախը կործանման, այլև՝ Հայաստանը, քանի որ Ադրբեջանը ձեռք կբերի հսկայական ռազմաաշխարհագրական առավելություն, իսկ նոր սանձազերծվելիք պատերազմով թշնամու համար Ղարաբաղը գրավելն էլ կդառնա չափազանց դյուրին: Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքին՝ ներքին անկազմակերպվածությանը, ապա այստեղ ևս մենք արդարանալու տեղ չունենք. եթե խոստովանում ենք, որ այս ռազմավարական նշանակության քայլից՝ գրավյալ տարածքները հայերով վերաբնակեցնելուց, մեզ հետ է պահել սեփական ծուլությունն ու անտարբերությունը, ապա հարց է ծագում՝ էլ ո՞ւմ են պետք մեր դեկլարատիվ հայտարարություններն այն մասին, որ տերերն ենք մեր պապենական հողերի ու մինչև վերջ չենք հրաժարվելու ոչ միայն Արցախից, այև Արևմտյան Հայաստանից: Եթե չենք կարողանում արդեն իսկ ազատագրած հողերը, որոնք պատմականորեն մեր սեփականությունն են հանդիսանում, ինչպես հարկն է, վերայուրացնենք, ինչպե՞ս ենք պատրաստվում մի ողջ Արևմտյան Հայաստան ազատագրել ու վերաբնակեցնել, մեկը կարո՞ղ է այս հարցի պատասխանը տալ…

Ի՞նչ խոսք, ստեղծված իրավիճակում մեղքը և՛ բնակչությանն է, և՛ իշխանությանը։ Բնակչության մեղքն այն է, որ լինելով նստակյաց ազգ՝ մենք խիստ դժվար ենք տեղաշարժվում, եթե տեղաշարժվում ենք էլ, ապա դա անում ենք՝ բացառապես լավ կյանք փնտրելու մղումից ելնելով։ Մյուս կողմից, անխոս, կա նաև իշխանության մեղքը. Եթե հարցին լուրջ մոտեցում ցուցաբերվեր, և միջոցներ հայթայթվեին համապատասխան ծրագրերի իրականացման համար, ապա այդ տարածքներում ապրել ցանկացող մարդիկ, այնուամենայնիվ, կգտնվեին։ Այժմ, սակայն, ունենք այն, ինչ ունենք՝ ազատագրված, բայց ժողովրդի բնակեցման համար նորմալ պայմաններ չունեցող տարածքներ. մինչդեռ դա հայրենիք է, որտեղ պետք է հայ գյուղացին հող մշակեր, հիմներ իր տունն ու ընտանիք ստեղծեր…

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *