Կրկին մի փոքր վիճակագրություն

timthumb

Դատելով ամենայնից՝ մոտ ապագայումՀայաստանի տնտեսությանը հեշտ օրեր չեն սպասվում: Նման եզրահանգման ես գալիս, երբ սկսում ես աչքի անցկացնել հատկապես վերջին շրջանում հանրամատչելի դարձած մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք օգնում են մեզ պես հասարակ ընթերցողներին ավելի առարկայական պատկերացում կազմել տնտեսական այն ծանր վիճակի մասին, որ տիրում է մեր երկրում: Մասնավորապես՝ ծանոթանալով Հայաստանի 2015-ի առևտրաշրջանառության մասին խոսող տվյալներին՝ համոզվում ես, որ, ցավոք, ժամանակն ամենևին էլ մեր օգտին չէ, որ աշխատում է.

Ըստ նույն ԱՎԾ-ի, որը, ինչպես գիտեք, Հայաստանում վիճակագրական տվյալներ հրապարակող թիվ մեկ կառույցն է՝ 2015-ին մեր երկրում առևտրաշրջանառությունը կազմել է 2 տրլն 282 մլրդ 262 մլն դրամ՝ 2014-ի 2 տրլն 402 մլրդ 820 մլն դրամի դիմաց։

Եթե փորձենք պարզ մաթեմատիկական գործողություն կատարել, ապա կպարզենք, որ ստացվում է՝ առևտրի շրջանառությունը մեր երկրում նվազել է 120 մլրդ 558 մլն դրամով, կամ նույնն է թե՝ 8%-ով։Ավելին՝ պարզվում է՝ 2014-ին Հայաստանում առևտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 776 մլն դոլար։ Իսկ 2015-ին մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է 4 մլրդ 774 մլն 600 հազար դոլար։ Այսինքն՝ անցած տարի նախորդ՝ 2014 թվականի համեմատ, Հայաստանում առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան մեկ միլիարդ դոլարով:

Դա նշանակում է, որ վերջին շրջանում մենք՝ ձեզ հետ միասին, կրել ենք վերոհիշյալ գումարի չափով կորուստներ: Միգուցե ամեն մեկս այդ կորուստն անձնապես այնքան էլ չենք զգում, բայց հավաքական առումով սա իրոք զգալի գումար է կազմում, որը, կոպիտ ասած, մեր ջանից է դուրս գալու:

1 մլրդ դոլարը կազմում է Հայաստանի ներկայիս պետական բյուջեի մոտ 1/3-ը, ինչը, համաձայնե՛ք, բավական զգալի գումար է մեզ պես երկրի համար՝ չնայած նրան, որ աշխարհի չափանիշներով այն այնքան էլ մեծ փող չէ (մտաբերե՛ք եվրոպական ֆուտբոլային ակումբների բյուջեները):

Իսկ ո՞րն է այս ամենի արդյունքը: Այս հարցի պատասխանը շատ ակներև է դառնում ճիշտ այն ժամանակ, երբ որոշում ես ոտքով մի փոքր շրջել մայրաքաղաքի փողոցներով. ամենուրեք չգործող խանութներ, վարձով տրվող տարածքներ, որոնք նախկինում եղել են, ասենք, ծաղկուն առևտրային կենտրոններ կամ հանրային սննդի օբյեկտներ…

Հիմա շատերի մոտ մարդու ինքնապաշտպանական բնազդից բխող մի պարզ հարց կարող է առաջանալ՝ ո՞րն է այս՝ անելանելի թվացող վիճակից իրական ելքը: Իսկ պատասխանն այնքան պարզ է ու հանրահայտ. իշխանությունների կողմից ճիշտ տնտեսական քաղաքականության վարումը, իհարկե. վերացնել մենաշնորհը, վերջ տալ հովանավորչությանը, գործարար մարդկանց համար, անկախ նրանց ունեցած կարևոր կապերից, բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծել և էլի նման՝ մեզ համար անիրական թվացող բաներ:

Գիտեք՝ ի՞նչն է ցավալին, այն, որ մինչ մենք արդեն 20 տարի է՝ քննարկում ենք վերոհիշյալ խնդիրները,աշխարհն աներևակայելի քայլերով առաջ է ընթանում, ու, ինչպես վերջերս պարզ դարձավ, ոմանք նույնիսկ Մարսում կարտոֆիլ աճեցնելու լուրջ պլաններ ունեն արդեն…

Իսկ այս ընթացքում մերոնք զբաղված են մի բանով, որը, խոշոր հաշվով, չի տարբերվում անիվի վրա վազող խամյակի վարքից. իբր տքնաջան աշխատում ենք, բայց տասնամյակներ շարունակ դոփում ենք նույն տեղում: Թե մինչև երբ ենք ինքներս մեզ խամյակի տեղ դնելու, ցավոք, մնում է այդպես էլ անհասկանալի, բայց որ այդ ընթացքում երկիրը դատարկվում է ու ամայանում, այլևս գիտականորեն փաստարկված ու անհերքելի իրողություն է:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *