Մահացու վտա՞նգ, թե՞ կեղծ պատճառաբանություն

timthumb

Ինչպես, հավանաբար, շատերդ տեղեկացել եք, «Россельхознадзор»-ի’ հունվարի 20-ի որոշմամբ’ժամանակավորապես արգելվել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Արգելքը, պարզվում է, պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Բանը նրանում է, որ մեծ ռիսկեր են առաջացել, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է ներթափանցել Ռուսաստան, ինչի հետևանքով էլ ռուսները որոշել են միառժամանակ կասեցնել մսամթերքի ներմուծումը Հայաստանից: Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով նույնիսկ ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել էր Հայաստան:

Այս ամենից հետևում է, որ մեր բարեկամ երկրում բավական լուրջ ուշադրություն են դարձնում սննդի անվտանգության խնդրին, ինչը, համաձայնե՛ք, միայն դրական օրինակ կարող է հանդիսանալ մերոնց համար, ովքեր, եթե անկեղծորեն ինքներս մեզ խոստովանենք, երբեք էլ առանձնապես չեն փայլել այդ առումով: Իհարկե, իդեալականացնել Ռուսաստանում սննդի անվտանգությունը վերահսկող մարմնի ողջ գործունեությունը ոչ ոք չի պատրաստվում, բայց, որ այստեղ այդ առումով մի քանի անգամ մեզանից առաջ են անցել, փաստ է: Դաբաղի հետ կապված խնդրին առավել խորն անդրադարձավ Հայաստանում լայն մասսայականություն վայելող հեռուստաընկերություններից մեկը, որն իր տաղավար էր հրավիրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին, ինչպես ասում են,առաջին ձեռքից մանրամասները ճշտելու: Սույն պաշտոնյան, չնայած ակնառու փաստերին, շարունակում էր պնդել իր այն թեզը, թե Հանրապետությունում գրանցվել է ընդամենը մեկ դեպք’ փորձելով արդարացնել իր կողմից վերահսկվող մարմնի ակնհայտ բացթողումը: Իրականում ի՞նչ է կատարվում Հայաստանում կամ որքանո՞վ է անվտանգ այն միսը, որ երկար-բարակ ճանապարհ կտրելուց հետո հայտնվում է մեր սեղաններին: Ենթադրել, թե ռուսները դաբաղի միայն մեկ դեպքի պատճառով մինչև գարնան կեսեր կարգելափակեին Հայաստանից մսամթերքի արտահանումը ՌԴ, վիճելի է տեսակետ է: Կարծում ենք’ սխալ չէր լինի ենթադրելը, որ իրականում դեպքերը բավական շատ են, պարզապես մերոնք, ելնելով ինչ-ինչ նկատառումներից, նախընտրում են թաքցնել իրական պատկերը մեզանից: Պատճառը, ըստ մեզ, որոշ արտադրողների բիզնեսին չվնասելու ցանկությունն է. սա այն դեպքերից է, երբ պետությունը,փորձելով խրախուսել արտադրողներին, այդ անում է հասարակ ժողովրդի առողջության հաշվին: Թե որքանով է այդ ամենն արդարացված, կարծում ենք’ նույնիսկ քննարկման արժանի էլ չէ, քանի որ դժվար թե գտնվի մեկը, ով սեփական առողջությունը կարող է ստորադասել փողին:
Այն, որ Հայաստանում սննդի անվտանգության վերահսկման առումով խնդիրները անսպառ են, հայտնի ու անհերքելի իրողություն է: Մենք, մի տեսակ, վարժվել ենք նրան, որ զանազան սուպերմարկետներում կամ այլ խոշոր խանությերում, մեզ կարող են առաջարկել ժամկետանց ու նույնիսկ հոտած ապրանքներ, որոնց ո՛չ ծագումն է հայտնի, ո՛չ էլ’ բաղադրությունը:Սա խնդիր է, որը, չնայած երկար տարիներ է, ինչ քննարկվում է զանազան հարթակներում, բարձրաձայնվում այս կամ այն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ոչ մի կերպ իր լուծումը չի գտնում: Ինձ հետաքրքրում է, եթե Ռուսաստանում դաբաղ բռնկվեր, արդյոք մեր պետական մարմնները միջոցներ կձեռնարկեի՞ն’ արգելելու համար ՌԴ-ից համապատասխան մթերքի ներկրումը, թե՞ աչք կփակեին դրա վրա’ ռուսների աչքն է՛լ ավելի խորը մտնելու ակնկալիքով:

Համաձայնե՛ք, որ որևէ մեկը չի կարող ռուսներին նախատել’ սեփական ժողովրդի մասին հոգ տանելու հետ կապված. մարդիկ գործում են չափազանց գրագետ ու օպերատիվ’ հետամուտ լինելով նախևառաջ սեփական քաղաքացիների առողջությանը: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Մենք, ինչպես միշտ, ամեն ինչում ցանկանում ենք մեր դեմ նյութած դավադրություն տեսնել. հնչում են կարծիքներ, թե ռուսների նմանօրինակ պահվածքը տեղին չէ, և նրանք «լուն ուխտ» են դարձնում’ օգտվելու առիթից և խրախուսելու իրենց տեղական գյուղացուն ու արտադրողին: Թեկուզ եթե մի պահ ենթադրենք, որ այդպես է, ապա, հետաքրքիր է, ի՞նչ վատ բան կա դրանում: Մարդիկ պարզապես հետամուտ են սեփական շահերին ու դրանք զոհ չեն դարձնում ինչ-որ անհասկանալի բաների. նրանք պարզապես աշխաում են Ռուսաստանը դարձնել ինքնաբավ երկիր, իսկ ներկրված ապրանքը, ուզես թե չուզես, դառնում է մրցակից տեղականին: Սա այն դեպքն է, երբ պետք է օրինակ վերցնել սրանից ու խստացնել ոչ միայն ներքին շուկայում կատարվող վերահսկողությունը, այլև, որ ոչ պակաս կարևոր է, ներկրվող ապրանքների նկատմամբ լրջագույն վերահսկողություն սահմանել‘ բացառելու համար պետական որոշ մարմինների անգործության արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները: Բարի՛ լինենք, հոգա՛նք սեփական ժողովրդի առողջության մասին, որովհետև ուրիշ ոչ ոք մեր փոխարեն դա երբեք չի անելու…

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *