Նրանք գայթակղիչ են, բայց վտանգավոր…

timthumb

Պարզվում է՝ Հայաստանում լայն ժողովրդականություն վայելող արտագնա աշխատանքի մեկնումը ոչ միայն դրական, այլև բավական բացասական կողմեր ունի. այն էապեսխաթարում է հայ մարդու արժեհամակարգը, որով հայերս աշխարհին հայտնի ենք դեռ հնուց:

Քիչ չեն դեպքերը, երբ հայ տղամարդիկ, թեկուզ միառժամանակ բնակություն հաստատելով Ռուսաստանում, ստիպված են լինում պատահական սեռական կապերի մեջ մտնել տարբեր կանանց հետ՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ:

Առողջապահության ոլորտում կատարած վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ սեռավարակներով վարակված տղամարդկանց ու կանանց թիվը հատկապես մեծ է Հայաստանի այն բնակավայրերում, որոնցում շատ են արտագնա աշխատանքի մեկնողները:

Մասնագետների հավաստմամբ՝ այս առումով հատկապես անբարենպաստ իրավիճակ է տիրում մարզերում, ուր, ինչպես գիտենք, բնակչության մի ահռելի մասն իր օրվա ապրուստի հարցը լուծում է՝ մեկնելով Ռուսաստանի Դաշնություն աշխատելու: Խնդիրը բարդանում է հատկապես այն պարագայում, երբ արդեն վարակակիր ամուսինը, չիմանալով սեփական հիվանդության մասին, հարաբերվում է իր կնոջ հետ՝ ցավալիորեն վերածվելով վարակի աղբյուրի՝ արդեն իսկ սեփական սիրելիի համար:

Մասնագետները նկատել են, որ սեռավարակների հետ կապված հարցը հետզհետե սկսել է կրել նույնիսկ սեզոնային բնույթ, ինչը գործնականում է ապացուցում վերն ասվածի ճշմարտացիությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ, որպես կանոն, բժշկի դիմում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ. մեր տղամարդկանց շրջանում դեռևս տարածված չէ սեքսուալ խնդիրերով համապատասխան մասնագետին դիմելու կուլտուրան (խոսքը մանավանդ մարզաբնակների մասին է), ինչը ծնում է հավելյալ խնդիրներ: Կանանց շրջանում տարածված սեռական հիվանդություններն ունեն նաև մեկ այլ բացասական կողմ. դրանց պատճառով էական թիվ են սկսել կազմել նաև վիժումները, որը, համաձայնե՛ք, արդեն դուրս է մարդու նեղանձնային խնդիրների ծիրից. մենք բնակչության ավելացման խնդիր ունենք, և տարեկան գրանցվող 3000-3500 վիժումն այն թիվն է, որի առթիվ կարելի է ու պետք է տագնապ հնչեցնել:

Փաստ է՝ առողջ սերունդ տալու համար առողջ սեռական կյանքը պարտադիր պայման է յուրաքանչյուր զույգի համար, իսկ առողջ սեռական կյանք ունենալու համար հարկավոր է ոչ միայն հետևողական գտնվել սեփական առողջության նկատմամբ ու հաճախ դիմել բժշկի, այլև առհասարակ, խուսափել պատահական ծանոթություններ հաստատելուց. ինչպես ասում են, փորձանքը մեկ անգամ է լինում, և կարող է պատահել այնպես, որ նույնիսկ բժիշկներն ի վիճակի չլինեն օգնել հաճախորդին. ՁԻԱՀ-ը դեռևս անհաղթահարելի է մնում ողջ աշխարհում:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *