Ալեքսանյան vs Մարուքյան

timthumb

Մեր երկրում կան մարդիկ, գործիչներ, հասարակությանը հայտնի դեմքեր, որոնք մշտապես հայտնվում են լրագրողներիս ուշադրության կենտրոնում. նրանց մասին գրում ենք, քննարկում, խոսում: Որպես կանոն, նման մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր հիմնականում հիշատակվում են դրական լույսի ներքո, և նրանք, որոնց մասին խոսում են հիմնականում նրանց գործունեության մեջ հաճախ տեղ գտնող բացասական դրսևորումների պատճառով: Ցավոք, ստացվել է այնպես, որ հատկապես վերջին ժամանակներում հայտնի գործարար ու պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունն սկսել է շոշափվել ավելի շատ բացասական շեշտադրումներով, քան դրական:

Հերթական անգամ հայկական ԶԼՄ-ներում տարածվեցին ոչ անհիմն լուրեր այն մասին, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Vega» խանութների ցանցը խաբում է սպառողներին՝ մոլորության մեջ գցելով նրանց:

Այս անգամ, պարզվում է, խարդավանքների կիզակետում է հայտնվել ոչ այլ ոք, քան նույն ինքը՝ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում նախօրեին խանութը հասցեագրված հաղորդագրություն է ուղարկել ապրանքներն ինքնարժեքով վաճառելու ակցիայի վերաբերյալ, ինչը, հետագայում պարզվել է, որ այնքան էլ այդպես չէ՝ չնայած ամենուրեք հնչող գովազդներին ու հայտարարություններին:

Իհարկե, համարել, թե Ալեքսանյանին պատկանող «Vega»-ն միակն է Հայաստանում, որը գործածում էմարկետինգային նման «խորամանկություններ», սխալ կլիներ. մեր խանութներում դա յուրօրինակ ավանդույթի է վերածվել, ու, ասենք, ամեն անգամ, երբ այս կամ այն խանութը հայտարարում է աստղաբաշխական զեղչերի մասին, մի լավ խորանալուց հետո պարզում ես, որ իրականում, մինչ այդ, նույն այդ ապրանքի գները խանութի կողմից հասցված են եղել իրենց պատմական մաքսիմումին, որից հետո միայն նույն խանութը, սեփական գովազդն առավել գայթակղիչ դարձնելու համար, սկսել է իբր զեղչեր հայտարարել:

Ո՞ր պետական մարմինն է մեր երկրում զբաղվում նմանատիպ խնդիրներով, ո՞վ կարող է ասել: Այո՛,Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ Շաբոյանի գլխավորությամբ: Թե ինչո՞ւ են Հայաստանում որոշ տնտեսվարողներ ազատորեն աճպարարությունների դիմում, իսկ մյուսները տուգանվում, այնքան էլ պարզ չէ, քանի որ, ըստ տրամաբանության, վերոհիշյալ ՏՄՊՊՀ-ն պարտավոր էր վերահսկողություն սահմանել բոլորի նկատմամբ՝ անխտիր, ինչը, դատելով նմանատիպ դեպքերից, չի արվում. ընտրողաբար են մոտենում հարցին ու համապատասխան որոշումներ կայացնելիս հաշվի առնում ոմանց կապերը: Ենթադրում ենք, որ այս երևույթը կարելի է բացատրել՝ ելնելով բացառապես հայաստանյան իրականությունից, ուր տնտեսվարողների հավասարության մասին օրենքները, եթե ֆորմալ առումով կան էլ, ապա դրանք փաստացի չեն գործում, ու դեռ հայտնի էլ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի, որ մեր երկրումձևավորվի այնպիսի իրավական մթնոլորտ, որի պարագայում կապահովվի բոլորի հավասարությունն օրենքի առաջ՝ անկախ նրանից՝ գործարարը հայտնի դեմք է, թե՝ հանրությանը միանգամայն անհայտ:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *