Կասկածանքների կիզակետում…

timthumb

Պարզվում է` լոլիկների հետ կապված պատմությունները մեր երկրում վերջ չունեն: Եթե ուշադիր հետևում եք մամուլին, ընթերցած կլինեք բոլորովին վերջերս ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարակումը, որում խոսվում էր այն մասին, թե ինչպես է մեր երկիրը հետզհետե սկսում վերածվել թուրքական լոլիկների կանտրաբանդային շուկայի: Ավելին՝ խոսվում էր, որ թուրքերը, շրջանցելու համար ռուսական արգելքները՝ կապված այդ երկիր թուրքական գյուղմթերքի ներմուծման էմբարգոյի հետ, իրենց աճեցրած լոլիկները զարտուղի ճանապարհներով նույն ռուսական սև շուկա մտցնելու համար որպես տարանցիկ ուղի ընտրել են Հայաստանը:

Ասում են, թե այստեղ թուրքական լոլիկները վերապիտակավորում են ու ուղարկում Ռուսաստան՝ դրանք ներկայացնելով՝ հայկական գյուղմթերք: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, իհարկե, համապատասխան վերահսկողական մարմինների քննելիք հարցն է, բայց որ Հայաստանում թուրքական գյուղմթերքի, մասնավորապես’ լոլիկների վաճառքն այդպես էլ չի հաջողվում առնել վերահսկողության տակ, փաստ է:

Օրերս հայտնի ԶԼՄ-ներից մեկը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում են Թուրքիայից ապօրինաբար ներկրած լոլիկներ: Որպես այդ փաստի ապացույց՝ թերթընյութին կից ներկայացրել էր նաև սեփական թղթակցի կողմից արված համապատասխան լուսանկարը, որից պարզ էր դառնում, որ լոլիկների արկղերն ունեն թուրքական ծագում, իսկ լոլիկներն էլ վաճառվում են տեղական արտադրանքից գրեթե կիսով չափ էժան գներով. ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

Պարզ է, սակայն, որ այս դեպքում խոսել ինչ-որ միստիկ երևույթի մասին’ գիտությանը միանգամայն անհայտ, անտրամաբանական կլիներ, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, ուր ապօրինություններն ու զեղծարարությունները վաղուց դարձել են սովորական բան, իսկ ամեն գնով փող «քերելու» մոլուցքով տառապողներն էլ օրեցօր է՛լ ավելի են կատարելագործում սեփական տեխնոլոգիաները:

Թուրքերը, վտարվելով ռուսական շուկայից, սեփական գյուղմթերքն ավելի գրավիչ դարձնելու համար սկսել են վարել ավելի ճկուն գնային քաղաքականություն ու լծվել են նորանոր շուկաներ հայթայթելու դժվար գործին՝ իրենց աչքի տակ առնելով նաև հայկական շուկան:

Այս ամենի ֆոնին մտաբերում ես բարձրաստիճանների հայտարարություններն այն մասին, որ պետությունն անելու է ամեն բան՝ տեղական արտադրողին ու բերքուբարիք տվող գյուղացուն արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար: Այս ամենի ֆոնին մտաբերում ես հայ ջերմոցատերերի օրհասական դրությունը, որոնք, ելնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, չեն կարողանում հավուր պատշաճի իրացնել սեփական բերքը սեփական հայրենիքում՝ ստիպված լինելով լուռումունջ հետևել, թե ինչպես է թշնամական Թուրքիայի լոլիկը, հայկականի փոխարեն, հաջողությամբ վաճառվում Հայաստանում: Այս է մեր իրականությունը, որքան էլ ոմանք փորձեն այն ներկայացնել գունագեղ երանգներով, իրականություն, որից ոչ մի տեղ չես փախչի:

 Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *