Ալիևյան պատերազմի դրդապատճառները

timthumbՀայտնի է, որ ցանկացած պատերազմի հիմքում, սովորաբար, ընկած են լինում շատ կոնկրետ նախադրյալներ ու դրդապատճառներ, որոնց ազդեցության տակ էլ, խոշոր հաշվով, բռնկվում է պատերազմի առաջին կայծը: Հիմա կփորձենք հասկանալ, թե որոնք էին այն գլխավոր նախադրյալները, որ ստիպեցին Ադրբեջանին գնալ ռազմական գործողությունների վերսկսման ճանապահով ու անգամ բլից-կրիգի փորձ ձեռնարկել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի:

Այն, որ հատկապես վերջին ժամանակներս Ադրբեջանի ու դրա ղեկավարի գլխին կուտակված խնդիրները ժամանակի հետ միայն աճման միտումներ էին դրսևորում, հայտնի իրողություն է: Ալիևին շարունակ հասկանալ էին տալիս, որ ինքը մնացել է բացարձակապես միայնակ իր աշխարհընկալումներում, ու աշխարհում հետզհետե պակասում է այն երկրների թիվը, որոնք, սովորաբար, կիսում էին նրա տեսակետները: Իսկ վերջերս ԱՄՆ նահանգներից մեկի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարծես սառը ջուր լիներ՝ լցված Ալիևի գլխին՝ անեկբայորեն ակնարկելու նրան, որ քաղաքակիրթ մարդկությունն այլևս մտադիր չէ գերի գնալ ադրբեջանական նավթադոլարներին ու «աչք փակել» ճշմարտության վրա:

Բայց սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հարցում ոչինչ այնքան վճռական նշանակություն չունեցավ, որքան Վաշինգտոնում Ալիևի կրած դիվանագիտական պարտությունը. այստեղ Իլհամը համոզվեց, որ իր երկրի տևական ջանքերը՝ աշխարհին մատուցելու ԼՂ հակամարտության էության մասին սեփական վարկածը, այլևս տապալվել են:

Ալիևի համար, թերևս, վաղուց էր հասկանալի դարձել, որ ԵԱՀԿ ՄԽ-ը, որը, ինչպես գիտեք, այն հիմնական միջազգային կառույցն է, որ զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ, այլևս հավասարության նշան չի դնում հակամարտող կողմերի միջև, իսկ Բաքվի միակողմանի սադրանքներն այսուհետ արժանանալու են ամենևին էլ ոչ լղոզված գնահատականների. միջազգային հանրությունն իրերը կոչելու է իրենց անուններով և վերջապես մատնացույց է անելու Բաքվին իր տեղը:

Ըստ մեզ՝ պակաս կարևոր գործոն չէ նաև տնտեսականը, որը ևս չի կարելի հաշվի չառնել: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի համար բառացիորեն կենսական նշանակություն ունեցող նավթն այլևս դադարում է հզորագույն գործոն լինելուց միջազգային քաղաքականությունում՝ գոնե Բաքվի պարագայում. նավթի համաշխարհային գներն իջնում են, ինչի հետևանքով նվազում է նաև Բաքվի եկամուտները, որն էլ, իր հերթին, ուղղակիորեն ազդում է Ադրբեջանի միջազգային կշռի վրա, քանի որ հայտնի է՝ հատկապես Արևմուտքի համակրանքն իր կողմը թեքելու համար Բաքուն նավթադոլարներով պարբերաբար ու բավական առատաձեռնորեն «մաղարիչներ» էր անում համապատասխան արևմտյան չինովնիկներին, որոնք էլ պարտավորվում էին անել իրենցից կախված ամեն բան՝ միջազգային հարթակներում Բաքվի համար կաևորագույն հարցերում Ադրբեջանի շահերը չանտեսելու ուղղությամբ:

Բացի արտաքին ու տնտեսկան գործոններից, ինչ խոսք, որոշիչ դերակատարություն է ունեցել նաև ներքին գործոնը՝ ներադրբեջանականը: Ինչպես, հավանաբար, գիտեք, Ադրբեջանի ներկայիսֆինանսատնտեսական վիճակն այնքան է վատթարացել, որ շատ միջազգային հեղինակավոր փորձագետների կարծիքով՝ համեմատելի է միայն այդ երկրի՝ 90-ականներին ունեցած տնտեսական մակարդակի հետ. այլ խոսքով՝ ամենևին էլ չի բացառվում, որ իր ու իր կլանի կաշին փրկելու, համաժողովրդական հնարավոր ապստամբությունից խույս տալու համար է նաև, որ Ալիևը գնում է նման արկածախնդրության՝ արտաքին ռիսկի ենթարկելով ամեն ինչ, այն ամենը, ինչ տասնամյակներով կուտակել է Ալիևների կլանը:

Ինչպիսի դրդապատճառներ էլ ունենա ալիևյան նոր արկածախնդրությունը, պարզ է մեկ բան. նա բացարձակապես ոչ մի շանս չունի՝ որևիցե հաջողություն գրանցելու սեփական ակտիվում. հաջողության համար անհրաժեշտ որևիցե նախապայման ազերիներն այժմ չունեն, չունեն անգամ իրենց մեծ եղբայրների՝ թուրքերի հաստատ աջակցությունը, քանի որ ներկայիս ռուս-թուրքական լարված հարաբերությունների կրակին «յուղ լցնել» ցանկացող ոչ մի կենդանի շունչ Անկարայում պարզապես գոյություն չունի. այնտեղ լավ են հասկանում, որ ցանկացած ոտնձգություն՝ ուղղված ՀՀ-ի դեմ, Մոսկվայում ընկալվելու է որպես հարված Անդրկովկասում ռուսական շահերին, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն անձամբ Էրդողանի, այլև ողջ թուրքական պետականության համար:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *