Սիրո՞ւմ եք բուլկի, ինքը որ` հաստատ…

timthumbԱսում են` ուրիշի փողերը հաշվելը բարեկրթության նշան չէ:

Ինչ խոսք, ասույթն այս զուրկ չէ ճշմարտությունից` պայմանով, սակայն, որ այդ անձը ոչ թե պետական չինովնիկի է, այլ` հասարակ քաղաքացի և նրա գործունեությունը չի անդրադառնում հանրության կյանքի որակի վրա:

Մարդը, ում մասին հիմա կխոսենք ու կփորձենք հաշվել նրա միլիոնները, ինչպես կռահում եք, չի պատկանում սովորականներիս շարքին և պետական պաշտոնյա է. նա ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն է, մեկը, ում անունը, ժողովրդի շրջանում բուռն կերպով ասոցացվում է հացամթերքի որոշակի տեսակի հետ, և ով, ըստ ակտիվորեն շրջանառվող շշուկների, իր նյութական կարողությամբ մի փոքր է միայն հետ մնում հայաստանյան օլիգարխներից: Մասնավորապես, պարզվում է` Հարությունյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 923 հազար 324 դոլար և 2 հազար 244 եվրո։ Նա հայտարարագրել է երեք ձեռնարկությունում մոտ 13 մլն դրամ արժողությամբ բաժնետոմս։ Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացված 2 մլն 300 հազար դրամ, 2 մլն 225 հազար դրամ էլ` իբրև շահաբաժին, 5 մլն 533 հազար դրամ էլ` տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար։

Հարցը, թե իրականում որքա՞ն է կազմում Հարությունյանի ունեցվածքը, կամ արդյոք պաշտոնական հայտարարգրում նշված թվերը իրակա՞ն են, թե՞ ընդամենը մի չնչին մասն են նրա նյութական կարողությունների, կթողնենք յուրաքանչյուրիդ դատողությանը`չմոռանալով, սակայն, նշել մի շատ կարևոր ու սույն պաշտոնյայի համար ամոթալի փաստ. չնայած իր կուտակած հսկայական կարողությանը` Արցախի պաշտպանական բանակին փոխանցել է ընդամենը 417 հազար 941 դրամ, կամ նույնն է, թե 870 դոլար, որը նրա մեկ ամսվա պաշտոնական աշխատավարձն է կազմում:

Իհարկե, ասել, թե նա Հայաստանում միակ բարձրաստիճան չինովնիկն է, ով, չնայած իր ունեցած հսկայական եկամուտներին, Արցախին է փոխանցել նման ծիծաղելի գումար, անարդարացի կլիներ.երբ ուսումնասիրում ես համապատասխան տվյալներն ու փորձում հասկանալ, թե որ չինովնիկը որքանով է օգնել հայրենիքին, հասկանում ես, որ Հարությունյանը դեռ մի բան էլ «մարդ» է դուրս եկել ու նույնիսկ հպարտանալու տեղ ունի, քանի որ այն գումարների չափը, որոնք անվանապես փոխանցվել են Արցախին` հայաստանյան մի շարք բարձաստիճանների կողմից, միայն տարակուսանք կարող են առաջացնել նորմալ մարդու մոտ:

Խոսելիս, բաժակաճառեր ասելիս շատերը թունդ հայրենասերներ են ձևանում, իսկ երբ բանը հասնում է  գործով փաստելուն, սկսում են ժլատություն ցուցաբերել ու առանձնապես աչքի չընկնել` կարծես վախենալով սեփական ունեցվածքի չափը հանրահռչակելուց:

Սիրելի՛ միլիոնատեր չինովնիկներ, Հայաստանը, ի գիտություն Ձեզ, խիստ փոքր երկիր է, ու հասարակության գրեթե ամեն մի անդամ շատ լավ տեղյակ է, թե ձեր շաբաթական կամ ամսական ու անգամ օրական եկամուտը որքան է կազմում:Այնպես որ, մի մեծ խնդրանք` բոլորիդ. ավելորդ համեստություն մի՛ արեք ու եթե կարող եք մի փոքր ավելի առատաձեռն գտնվեք Արցախի պաշտպանության հարցում, ու միշտ հիշեք`բոլորս միևնույն նավի մեջ ենք` ռամիկից մինչև բարձրագույն ղեկավարություն, ու Հայաստանի ճակատագիրը կիսելու ենք բոլորս` անկախ մեր ունեցած սոցիալական կամ հասարակական դիրքից:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *