Է՜խ, Շաբոյա՛ն, Շաբոյա՛ն…

timthumb

Արտակ Գևորգի Շաբոյան: Երբ ընթերցում եք այս անուն-ազգանունը, ասե՛ք ինձ, ինչպիսի՞ զգացմունքներ են համակում ձեզ, հատկապես ինչի՞ հետ է ասոցացվում այս անունը ձեր գլուխներում: Ըստ տրամաբանության՝ բոլորիս մոտ պետք է որ այս մարդու անունն ասոցացվի երկրումտնտեսական արդարության հաստատման, ազատ մրցակցային մթնոլորտի ստեղծման, պահպանման ու էլի շատ ու շատ դրական բաների հետ: Պետք է որ…

Բայց իրականում այն ոչ մի բանի հետ էլ չի ասոցացվում, նույնիսկ ընդհակառակը՝ բավական իրարամերժ մտքեր են քեզ պատում ճիշտ այն պահին, երբ խոսքը նրա ու իր կողմից գլխավորած կառույցի մասին: Երևի շատերդ կհիշեք՝ կար մի ժամանակ, երբ այս մարդը բավական հաճախ էր երևում հեռուստատեսությամբ, այնքան հաճախ, որ տպավորություն էր ստեղծվում, թե որոշ հեռուստաալիքներ, շատ կոնրկրետ կերպով հրահանգվելով վերևներից, զբաղված էին Շաբոյանի անձը փիառ անելով: Մարդն էլ, օգտվելով զբաղեցրած հասարակական դիրքից, սկսել էր մի տեսակ հրամայական տոնով ու մի բան էլ մուննաթով վերաբերվել այն տնտեսվարողներին, որոնք, գործի բերումով, հասել էին իր դուռն ու ընկել ՏՄՊՊՀ-ի «մուննաթին»: Փառահեղ ժամանակներ էին, այնպես չէ՞… Բայց ինչպես ամեն մի բան այս աշխարհում, այնպես էլ Շաբոյանի փառքի ֆենոմենը, երևում է, հետզհետե գտնում է իր դժնդալից վախճանը: Պարզապես, եթե մուտքն ասպարեզ համեմատաբար շռնդալից ստացվեց, ապա նույնը չես կարող ասել ավարտի մասին. այն մռայլ է ու անփառունակ:

Հիմա, ինչո՞ւ եմ այսքան երկար-բարակ բարբառում սույն չինովնիկի մասին: Վրդովմունքիս պատճառն այն է, որ այդպես էլ անբացատրելի է մնում մեր երկրում մի շարք ապրանքների, հատկապես ներմուծվող ապրանքների գնագոյացման մեխանիզմն ու այն ակնհայտ չարաշահումները, որ առկա են այս ոլորտում: Ի՞նչ կապ ունի Շաբոյանն այս ամենի հետ: Շատ ուղղակի. հենց նրա կողմից գլխավորած պետական մարմինն է պարտավոր ջրի երես դուրս բերել ապօրինություններն ու պատժել չարաշահում թույլ տվածներին: Փոխարենը պատժելու, սակայն, այս պաշտոնյան զբաղված է որոշ ներկրողների նեղ անձնական շահերի պաշտպանությամբ, ինչը, մեղմ ասած, չի կարող տարակուսանք չառաջացնել: Վերջին շրջանում մեր բնակչությանը հուզող առաջնային խնդիրներից մեկը դարձել է երկրում բենզինի գների հարցը: Մարդիկ, պարզապես, ուզում են հասկանալ, թե ինչու Հայաստանում վաճառվող նավթամթերքի գները նավթի համաշխարհային գների միտումներին համարժեք չեն արձագանքում: Ըստ նույն Շաբոյանի, օրինակ, դրա պատճառը երկրում վաճառվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռն է. այստեղ այն կազմում է մոտավորապես 7%: Դե հիմա ասե՛ք՝ մահկանացուներիցս էլ ո՞վ կարող էր այդքան անհեթեթ պատճառաբանություն բերել՝ արդարացնելու համար իր անգործությունը, իր կողմից ղեկավարվող կառույցի մարգինալացումը…

Չցանկանալով շատ խորանալ տնտեսագիտական վերլուծությունների մեջ՝ փաստելու համար սույն չինովնիկի կողմից հնչեցրած փաստարկի կատարյալ սնանկությունը (ցանկության դեպքում դուք այդ վերլուծությունները կարող եք գտնել համացանցում)՝ կցանկանայինք պարզապես մեր հիասթափությունը հայտնել ոչ միայն ՏՄՊՊՀ կոչվող կառույցի, այլև Հայաստանի մի շարք այլ պետական գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների հետ կապված: Եկե՛ք ֆիքսենք մի տխուր, բայց արդեն անհերքելի դարձած փաստ՝ այս երկրում պետական վերահսկողական մեխանիզմները պարզապես չեն գործում, իսկ եթե, այնուամենայնիվ, կենդանության նշաններ էլ ցույց են տալիս, ապա անում են այդ բավական ընտրողաբար, անում են այնպես, որ «մեծ շնաձկներին» հանկարծ չկատաղեցնեն, հանկարծ չխախտեն նրանց անվրդով անդորրը՝ վախենալով զրկվել թխվածքի այն քաղցր կտորից, որ նույն այդ շնաձկները խոստացել են իրենց՝ լռություն պահպանելու դեպքում. Շաբոյանը, ասում են, քաղցրի մեծ սիրահար է…

Ցավալի է, իհարկե, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում մեր երկրին այդպես էլ չի հաջողվել ստեղծել այնպիսի պետական համակարգ, որի վերահսկողական մեխանիզմները կգործեին հնարավորինս անաչառ սկզբունքներով՝ օբյեկտիվ վերաբերմունքի արժանացնելով ինչպես խոշոր տնտեսվարողներին, այնպես էլ նրանց, ովքեր պարզապես փորձում են այս երկրում ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալել, ինչ-որ նյութական բարիք ստեղծել բոլորիս համար՝ հարստացնելով ինչպես իրենք իրենց, այնպես էլ, երկիրը, այլ ոչ թե աչքաթող անելով հիմնականներին՝ փորձեին ինքնահաստատվել թույլերի հաշվին:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *