Նույնիսկ երեխաներին չեն խնայում…

timthumb

Չափից շատ երկար տևած ձմեռային արձակուրդներն այլևս անցյալում են, և Հայաստանի հանրակրթական օջախները հետզհետե սկսում են վերադառնալ իրենց նորմալ աշխատանքային գրաֆիկին: Ինչպես գիտենք, ձմեռային արձակուրդների ժամկետների նման երկարաձգումը պայմանավորված էր երկրում մանավանդ երեխաների շրջանում խոզագրիպի տարածումը կանխելու ձգտմամբ, ինչն էլ, ըստ էության հաջողվեց անել. H1N1-ը նահանջել է:

Բայց արի ու տես, ինչպես որոշ փորձագետներ են հավաստիացնում, չնայած փետրվարի 1-ից դպրոցները դասերը սկսել են, սակայն որոշ կրթօջախներում հիմա էլ խնդիր է ծագել՝ կապված դասասենյակներում համապատասխան ջերմաստիճան ապահովելու հետ: Չնայած բոլորս ենք հիշում առողջապահության նախարարի և տարբեր պաշտոնյաների կողմից տրված համապատասխան հանձնարարականներն այն մասին, որ դպրոցներում պարտադիր կերպով պետք է ապահովվի 18-20 աստիճան ջերմաստիճան, սակայն, բանից պարզվում է, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս եղել են խախտումներ, ու Հանրապետության որոշ դպրոցներում, ի հեճուկս պաշտոնյաների հանձնարարականների, չի ապահովվել պատշաճ ջեռուցում:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարզային որոշ դպրոցների, ուր, համաձայն կատարած ուսումնասիրությունների, տեղի են ունեցել էական չարաշահումներ ու ապօրինություններ: Ասում են՝ կոնկրետ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 4-րդ դպրոցում դասերի առաջին և երկրորդ օրերին օդի ջերմաստիճանն ընդամենը 6 աստիճան է եղել, սանիտարական վիճակը՝ ահավոր: Շիրակի մարզի աշխատակազմի կրթության վարչությունից դպրոց է գնացել մասնագետ, չափել ջերմաստիճանն ուդասարաններում արձանագրել է 8, իսկ միջանցքներում՝ 6 աստիճան:

Ի լրումն այս ամենի՝ պարզվում է նաև, որ առանձնապես գովելի չէ նաև Երևանի որոշ դպրոցների վիճակը: Այսպես. որոշ ԶԼՄ-ներում տեղ են գտել հաղորդագրություններ այն մասին, որ, օրինակ,Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում փետրվարի 1-ին և 2-ին երեխաները դասերին նստել ենվերարկուներով, և սա այն պարագայում, երբ վերոնշյալ դպրոցը 2015թ. ֆինանսական տարին փակել է 60 մլն ազատ դրամական մնացորդով: Այսքանից հետո բնական հարց է ծագում՝ էլ ո՞ւմ են պետք այդ միլիոնները, երբ երեխաները ստիպված են եղել 6 աստիճանի պայմաններում պարապմունքներ անցկացնել: Մի՞թե երեխաներին հասանելիքն էլ են փոշիացրել, անհասկանալի է…

Ցավալի է, բայց ստիպված ենք արձանագրել, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց հիմնավորապես լուծել Հանրապետության կրթօջախների ջեռուցման հարցը: Քիչ չեն դպրոցները, ուր դասասենյակները դեռևս ջեռուցվում են պապենական մեթոդներով՝վառարաններով: Նման պատկեր առկա է հիմնականում մարզային կրթօջախներում, իսկ ահա երևանյան դպրոցների հարցը կարծես լուծվել է. հիմնականում ջեռուցվում են գազով: Կարծում ենք՝ համապատասխան պետական մարմինների համար վերոհիշյալ դեպքերի մասին հաղորդագրությունները պետք է տագնապի ազդակ հանդիսանան, ու փորձ արվի լուծել առաջացած խնդիրները, քանի որ եթե որոշել են դպրոցները բացել փետրվարի 1-ից, ապա պարտավոր են դրա հետ մեկտեղ հոգ տանել նաև դրանցում երեխաների համար պատշաճ պայմաններ ստեղծելու մասին:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *