Աշխարհով մեկ խայտառակ եղանք

timthumb

Մի քանի օր է, ինչ հայկական գրեթե բոլոր ԶԼՄ-ները չեն դադարում խոսելուց Գյումրիի կենդանաբանական այգում տիրող խայտառակ ու ողբերգական վիճակի մասին: Համաձայնե՛ք, որ ներկայացվող կադրերն իրոք սարսափելի են. սոված ու գզգզված մորթով արջեր, վերքոտ ու մի քիչ խելագար առյուծներ, ինչ-որ անհասկանալի ծովախոզուկներ…

Գիտեք, հավանաբար, որ այստեղ ստեղծվածանբարեհույս վիճակի մասին նույնիսկ աշխարհահռչակ DailyMail-ը գրեց՝ գազանանոցի մասին պատմող նյութը վերնագրելով բնորոշ բառերով՝ «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին»: Ինձ, պարզապես, մի հարց է հետաքրքրում՝ մարդ ես, ու, ասենք, անգլիացիները չորոշեին գալ, ծանոթանալ Գյումրիի կենդանաբանական այգու տխուր իրականությանը, ի՞նչ էր լինելու այդ դեպքում,մի՞թե այդ խեղճ կենդանիները շարունակելու էին լռելյայն տառապել, ու ոչ ոք այդպես էլ ուշադրություն չէր դարձնելու նրանց վրա: Իհարկե, ասել, թե նման աղետալի վիճակում հայտնվել են միայն այդ կենդանաբանական այգու գազանները, հիմարության աստիճան լավատեսություն կլիներ. գյումրեցիներից շատերի վիճակը մի՞թե այդ կենդանիների վիճակից լավն է, եկե՛ք անկեղծ լինենք: Քաղաքում ստեղծված սոցիալական մթնոլորտը լավագույնս բնութագրող կարելի է համարելկենդանիներին խնամողի աղետալի վիճակը, որի մասին, ի դեպ, նույն այդ անգլիական պարբերականը ևս գրել էր. նա և իր կինը, չունենալով տուն, բնակվում էին ինչ-որ թիթեղյա «դոմիկում»՝անմարդկային պայմաններում: Լա՛վ, մեկը, մի կոմպետենտ չինովնիկ կամ էլի եսիմ ով, կարող է մեզ ասել, բացատրել, ինչ-որ կերպ պատճառաբանել, թե ինչու է մեր Գյումրին դարձել այսքան անտեր, լքված, արհամարհված, ուր նույնիսկ վայրի կենդանիներն են խելագարվում այն պայմաններից, որոնցում ապրում են:

Բարեբախտաբար, ասում են՝ արջերի հետ կապված խնդիրը լուծվել է. Գյումրիի գազանանոցի երկու արջերը հունվարի 22-ի գիշերը հասցվել են Երևանի կենդանաբանական այգի՝ բուժզննման, կենսունակության բարձրացման և կարճ ժամանակ հետո կենդանիների եվրոպական վերականգնողական կենտրոն տեղափոխման համար: Մնացին 3 առյուծները՝ մայրը՝ Մերին, երկու ձագուկների՝ Զիտայի ու Գիտայի հետ: Ըստ հավաստի լուրերի՝ նրանց ճակատագիրը նույնպես որոշված է, և շուտով նրանք ևս Հայաստանից արտագաղթելու են:

Հավանաբար, ոմանք, հիմա ընթերցելով այս տողերը, կհառաչեն ու կասեն՝ երանի՜ էդ հայվաններին: Ուր էր թե՝ մեզ էլ մի հրաշքով եվրոպացիները գային ու տանեին՝ թեկուզ ինչ-որ անհայտ ուղղությամբ, բայց գոնե գլուխներս կազատեինք այս՝ շատերի համար սոցիալական դժոխք դարձած երկրից: Ցավալի է, անչափ ցավալի, երբ մարդու համար սեփական հայրենիքում ստեղծվում են ապրելու այնպիսի պայմաններ, երբ նա սկսում է երանի տալ անգամ արտագաղթող անասուններին. օրինակ՝ նույն այդ դժբախտ գազանների խնամակալը, որը տարիքն առած մարդ էր, ասում են՝ խնդրում էր անգլիացիներին, որ իրեն էլ վերցնեն հետներն ու տանեն այդտեղից, հեռու այդ սարսափից, որում երկար տարիներ ապրում է՝ կնոջ հետ միասին:

Իշխանությունների վրա էլ կարելի է զարմանալ, գիտե՞ք: Լա՛վ, անպայմա՞ն էր աշխարհով մեկ խայտառակվեինք, որ բարեհաճեիք բարձրաձայնել իրականությունը: Հետո էլ ոմանք խոսում են Հայաստանի՝ միջազգային ասպարեզում ունեցած իմիջի՝ ամեն կերպ բարձրացման անհրաժեշտության, զանազան էքսպոներում, ցուցահանդեսներում, միջազգային տոնավաճառներում ներկայանալի դեմքով հանդես գալու կարևորության մասին: Հիմա հասկանո՞ւմ եք, որ այդ մեկ հոդվածով մենք փաստացի ջուրն ենք նետում այն ողջ աշխատանքը, որ այսքան տարի, թեկուզ ոչ բավարար չափով, արել ենք: Ասում են՝DailyMail-ի այդ հոդվածի տակ ավելի քան 6000 մեկնաբանություն է արվել, իսկ թե ինչ տոնայնությամբ կամ երանգներով, թողնում եմ ամեն մեկիդ մտքի թռիչքին:

Դե ինչ, մնում է պարզապես հուսալ, որ նրանք, ովքեր հանձն են առել Գյումրիի կենդանաբանական այգու վերջին բնակիչների հետագա ապագան ավելի բարեկեցիկ կազմակերպելու նվիրական գործը, մինչև վերջ իրենց խոսքի տերը կլինեն ու ինչպես հարկն է կհոգան խեղճ կենդանիների մասին, ու նրանք այլևս ստիպված չեն լինի իրենց պատեպատ տալ, անկանոն մռնչալ՝ շրջապատին լսելի դարձնելով իրենց ցավն ու կարիքները:

Դավիթ Բաբանով 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *