Եվ դուք խոսում եք հայ մշակույթի մասի՞ն…

timthumb

Հետաքրքիր է՝ եթե ձեզ խնդրեն հնարավորինս հակիրճ նկարագրել Հայաստանի մշակույթի ոլորտը, ի՞նչ կասեք, ի՞նչ բառերի օգնությամբ կհայտնեք ձեր կարծիքը դրա վերաբերյալ: Մենք, օրինակ, կասենք՝ ոլորտում կատարյալ բարձիթողի վիճակ է, տոտալ անտարբերություն՝ հավատարիմ Հայաստանում իշխող ընդհանուր մթնոլորտի ոգուն: Համաձայն չե՞ք, ձեզանից ոմանք խորապես հիացա՞ծ են արդեն ահա 10 տարի մշակույթի՝ ոմանց համար այդքան բաղձալի, բայց այդպես էլ անհասանելի նախարարի աթոռը փաստացի օկուպացրած տիկնոջ մասնագիտական ու աշխատանքային որակներով, այդ դեպքում, ձեզ կցանկանայինք մի հարց ուղղել՝ ինչո՞վ կբացատրեք Հայաստանի մշակույթի ոլորտում վարվող ներկայիս խայտառակ քաղաքականությունը՝ սկսած մշակույթի համընդհանուր կոմերցիալիզացիայից մինչև մարդկային կապիտալի լիակատար վատնում: Ի դեպ, կցանկանայինք մի փոքր խոսել հատկապես վերջին հանգամանքի մասին՝ ցանկանալով, պարզապես, հասկանալ՝ ինչո՞ւ:

Հայերս վաղուց ապացուցել ենք, որ պատկանում ենք աշխարհի այն սակավ ժողովուրդների թվին, որ ունակ են աշխարհին տալ հավերժական արժեքներ, մարդկությանը պարգևել անհատներ, որոնց գործունեությունը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ մարդկության կյանքում: Ասվածս վերաբերում է նաև մշակույթի հայ գործիչներին, որոնց՝ աշխարհի մշակութային գանձարանում ունեցած անգնահատելի ներդրուման մասին խոսել կարելի է անվերջ: Սովորաբար, մենք սովոր ենք պարծենալ անցյալի մեր փառապանծ զավակներով, նրանց կատարած գործերով: Բայց պետք չէ մոռանալ, որ, միգուցե ի զարմանս շատերի, մեր ներկան ևս լի է տաղանդաշատ անհատներով, որոնք, սակայն, ներկայումս անտեսված են, իսկ նրանցից ոմանք՝ փաստացի վտարված:

Հետաքրքիր է՝ ձեզանից ո՞վ է այժմ հիշում, ասենք, Լորիս Ճգնավորյանին, մի տաղանդաշատ մարդու, ով ահա երկարատև ժամանակ է, ինչ ստեղծագործական գործունեություն է ծավալում արտերկրում. 2010 թվականից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Ասում են՝ օրերս Ճգնավորյանը, ղեկավարելով Իրանի ազգային նվագախումբը, համերգ է տվել Թեհրանի «Վահդաթ» սրահում՝ հանդիսատեսին թողնելով զմայլված: Հիմա հարց եմ ուղղում տիկին Հասմիկ Պողոսյանին՝ հայ մշակույթի զարգացման առումով ավելի լավ չէ՞ր լինի, արդյոք, եթե նույն Ճգնավորյանը ստեղծագործական գործունեություն ծավալել սեփական հայրենիքում:

Ցավոք, Ճգնավորյանի օրինակը եզակի չէ, և բոլորս էլ գիտենք՝ շատ մշակութային գործիչներ, որոնք իրենց գործունեությամբ կարող էին նոր մակարդակի հասցնել հայաստանյան մշակութային կյանքը, այժմ ստիպված են ապրել արտերկրում՝ ինքնադրսևորվելով այնտեղ: Ինչո՞ւ է այդպես: Իհարկե, Պողոսյանը կարող է ասել՝ ես այլոց պահակը չեմ, ու ամեն մեկն ազատ է՝ ընտրելու մշտական բնակատեղի իր համար: Ընդունեցինք: Բայց այդ դեպքում էլ ո՞րն է նրա բանուգործի անունը, եթե ոչ տաղանդավոր մարդկանց երկրում համախմբելն ու նրանց համար բարենպաստ ստեղծագործական միջավայր ապահովելը՝ զարկ տալու հայրենական մշակույթի զարգացմանը: Չի արվում ոչինչ, բացի սրան-նրան անհարկի կոչումներ շնորհելուց: Ինչո՞ւ, հարցը թողնում եմ անպատասխան՝ ձեզ տալով խորհելու առիթ, իսկ Հասմիկ Պողոսյանին էլ՝ ինչ-որ կերպ արդարանալու:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *