Կուսակցական ինտրիգների կիզակետում

timthumb

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ Հայաստանն այն երկրներից մեկն է, ուր, սովորաբար ներքաղաքական անցուդարձերն ու իրադարձություններն այնքան էլ աչքի չեն ընկնում իրենց սրընթացությամբ: Սովորաբար, իշխող կուսակցությունը նման իրավիճակը պատճառաբանում է նրանով, թե իբր ժողովուրդը, չտեսնելով այլընտրանք ներկաներին, նախընտրում է կտրուկ շարժումներ չանել ու, ասենք, զերծ է մնում փողոցներ դուրս գալուց: Բայց նրանք, ովքեր մտածում են, թե երկրի քաղաքական բուռն անցուդարձերն սկսվում և ավարտվում են դրա փողոցային դրսևորումներով, չարաչար սխալվում են. իրականում քաղաքականությունը շատ ավելի խորքային երևույթ է, քան երբեմն ընդունված է կարծել:

Վերջին շրջանում Հայաստանի խորհրդարանական ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի կյանքում, իրապես, գրանցվում են այնպիսի ցնցումներ ու խժդժություններ, ինչպիսիք, կարելի է ասել, այս կուսակցությունը չէր տեսել իր ստեղծման բուն օրվանից: Իսկ այս ամենի կենտրոնական ֆիգուրը, պարզվում է, ոչ այլ ոք է, քան «Բարգավաճ Հայաստանի» ղեկը ստանձնած բոլորին հայտնի տիկինը՝ Նաիրա Զոհրաբյանը, ով, եթե անկեղծ լինենք, երբեք էլ աչքի չի ընկել ներկուսակցական կամ հանրային հեղինակությամբ և սեփական քաղաքական կարիերան հիմնականում փորձել է կազմակերպել’ շատ ավելի ծանրակշիռ մարդկանց ստվերի տակ անցնելով, քանի որ հիմնականում հայտնի է եղել իր ինտրիգային խառնվածքով ու գործելաոճով, իսկ հայտնի է, որ նմանները երբեք էլ ընդունված չեն լինում շրջապատի կողմից. իրերի բերումով հենց նա է հայտնվել այն բոլոր դավադրությունների ու ինտրիգների կիզակետում, որոնք բնութագրական են դարձել այս կուսակցությանը հատկապես վերջին մի քանի ամսում:

Որպեսզի հասկանանք, թե որտեղից են գալիս այս կուսակցության բոլոր պրոբլեմները, հարկավոր է հասկանալ, թե հատկապես ում հովանու տակ է այն գործում ներկայումս. Հովիկ Աբրահամյանի, ում՝ կուսակցության՝ չհայտարարված հովանավորի դերում հանդես գալու ողջ նպատակը նախագահի դիրքերը թուլացնելն էր եղել ի սկզբանե: Սակայն այժմ ստացվել է այնպես, որ կատարելապես հօդս են սկսում ցնդել բոլոր նրանց պլանները, որոնք ինքնատիպ դավադրություններ էին հյուսում ընդդեմ նախագահի՝ առերևույթ, սակայն, ձևացնելով, թե յուրային են, հավատարիմ: Այլևս ակնհայտ է, որ բազում սկանդալային պատմությունների մեջ մխրճված տիկինը տապալել է այն կարևորագույն միսիան, որ նրա ուսերին էր դրել Աբրահամյանը. կուսակցությունը հայտնվել է բառացիորեն ցայտնոտային իրավիճակում՝ մեկը մյուսի հետևից կորցնելով կարևորագույն իր անդամներին.Զոհրաբյանը ոչ մի կերպ, կարելի է ասել, չի տիրապետում սեփական կուսակցությունում տիրող իրավիճակին և զբաղված է սրան-նրան անհիմն մեղադրանքներ ներկայացնելով:

Ասում են՝ տիկինն այնպես է գազազել, որ վերածվել է կատարյալ բռնապետի՝ շատ հաճախ թքած ունենալով, թե իր թիմակիցներն այս կամ այն թեմայի շուրջ ինչպիսի տեսակետի կրողներ են: Իսկ նման անհեթեթ իրավիճակի բուն պատճառն այն է, որ Զոհրաբյանն աստիճանաբար սկսում է գիտակցել՝ իր կուսակցության շանսերը տեղ գտնելու ապագայի խորհրդարանում ոչ թե օրեցօր,այլ ժամ առ ժամ են նվազում, ինչից էլ շփոթված՝ նա իր բոլոր ձախողումներում սկսում է մեղադրել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են սեփական կարծիքը հնչեցնել այս կամ այն տեսակետի շուրջ: Այն, որ կուսակցության ներսում Զոհրաբյանն ունի շատ հստակ հակառակորդներ, ևս փաստ է. Աբրահամ Մանուկյան — Նաիրա Զոհրաբյան հակամարտությունը, որը, ժողովրդական լեզվով ասած, վերածվել է կատարյալ թամաշայի, միայն երևացող կողմն է այն ողջ խառնաշփոթի, որ հասունացել է կուսակցությունում:

Բոլորին էլ, իրականում, պարզ էր, որ ճիշտ այն պահից սկսած, երբ ԲՀԿ ղեկը ստանձնեց Զոհրաբյանը, կուսակցությունն ստորագրեց իր դատավճիռն ու թևակոխեց սահուն անկման փուլ: Բայց որ այդ ամենը տեղի կունենար նման արագ տեմպերով, անգամ փորձառու քաղաքագետները չէին կարող կանխատեսել. իրադարձությունները զարգանում են շատ ավելի արագ տեմպերով, քան ոմանք ակնկալում էին ի սկզբանե:

Իսկ ճշմարտությունն այն է, որ այն օրվանից, երբ ԲՀԿ-ի շարքերը լքեց կուսակցության ոգին ու իմաստը հանդիսացող միակ անձը՝ Գագիկ Ծառուկյանը, այս կուսակցությունը հիմնավորապես զրկվեց այն գլխավոր հիմնասյունից, որի վրա էլ հենց խարսխված էր ի սկզբանե: Չունենալով այլևս ժողովրդական լայն զանգվածների աջակցությունն ու նրանց շրջանում համապատասխան հեղինակություն՝ Զոհրաբյանն ակամա վերածվեց առանձին անհատների ձեռքին հարմարեցված մի խամաճիկի՝ դեպի կործանում առաջնորդելով իր թիմակիցներին. պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ի հետագա դանդաղ կազմաքանդումը անխուսափելի պրոցես է այլևս:

 Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *