Միլսը ձեռնոց է նետում Պուտինին…

timthumbԻնչպես, հավանաբար, ձեզանից ոմանք գիտեն, Հայաստանում մեկնարկել է Ամերիկյան ազգային գրադարանի շաբաթը, որի շրջանակներում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այց է կատարել Ավ. Իսահակյան անվան կենտրոնական գրադարան: Այս օրերին, երբ տարածաշրջանում ընթանում են գործընթացներ, որոնք տասնամյակներ շարունակ, կարելի է ասել, սառեցված էին, նման մակարդակի պաշտոնյայի կողմից արված ամեն մի ակնարկ, արտահայտություն ու հնչեցրած միտք հարկավոր է դիտարկել նախևառաջ աշխարհաքաղաքական համատեքստում՝ որոնելով հստակ ազդանշաններ՝ ուղղված հայերիս կամ հայաստանյանիշխանություններին:

Այսպես. պարզվում է՝ Միլսն իր խոսքում հնչեցրել է մի միտք, որը, մեղմ ասած, շատ ավելի խորքային ու մեսիջային է, քան կարող է առաջին հայացքից թվալ: Նա, մասնավորապես, ասել է. «Վիլյամ Սարոյանը լավատես էր, հավատում էր բարությանը և նրան, որ կյանքը կարող է փոխվել դեպի լավը: Կարծում եմ՝ նրա ստեղծագործությունները հատկապես արդիական են այս օրերի ողբերգական իրադարձությունների ընթացքում: Սարոյանը, ծնված լինելով և մեծանալով Կալիֆորնիայում, իր սրտում կրում էր հայկական արժեքներ, որոնք մարմնավորված են նրա ստեղծագործություններում: Դրանք լավ սկզբունքներ և արժեքներ են, որոնք մենք բոլորս պետք է հիշենք: Բացի այս, Վիլյամ Սարոյանը մեծ կամուրջ էր Հայաստանի և Միացյալ նահանգների ժողովուրդների միջև: Ուրախ եմ այստեղ լինելու և Սարոյանի «Մարդկային կատակերգության» ընթերցանությանը մասնակցելու համար»:

Առաջին հայացքից մեծ պաթոսով ներշնչված այս խոսքերը կարող են թվալ ոչ ավելին, քան ընթերցասերի սրտից բխած ուղերձ, որի նպատակը բացառապես Սարոյանի՝ մեծ գրող լինելու հանգամանքը շեշտելն է, նրա տաղանդին արժանի տուրք մատուցելը: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իսկ իրականությունն այն է, որ Միլսը, բնականաբար, ուղղորդվելով Վաշինգտոնից, փաստացի հանդես է գալիս առաջարկությամբ, որը, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ամենևին էլ ոչ երկրորդական նշանակություն կարող է ունենալ. դեսպանը, ըստ էության, բարեկամության ձեռք է պարզում ՀՀ իշխանություններին՝ հստակորեն ակնարկելով, որ ԱՄՆ-ն, ինչ-որ պահի, Հայաստանի համար կարող է իրական այլընտրանք դառնալ Ռուսաստանին:

Այն, որ վերջին տասնամյակներին ռուս-ամերիկյան հարաբերությունները ունեցել են ավելի շատ մրցակցային, քան գործընկերային բնույթ, անվիճելի է: Չնայած ԽՍՀՄ փլուզումը խոստանում էր երկու երկրների հարաբերություններում դառնալ նոր սկզբնակետ, բայց կյանքը ցույց տվեց՝ նման ակնկալիքները սին էին ու չափից դուրս լավատեսական. երկուսն էլ գերտերություններ են, որոնք ունեն աշխարհակալական նկրտումներ, հետևաբար՝ միմյանց ավելի շատ դիտարկում են որպես մրցակիցներ, քան՝ բարեկամներ:

Աշխարհի մի շարք տարածաշրջաններում հարաբերություններ պարզելուց հետո տերություններն իրենց բախման թատերաբեմը հետզհետե տեղափոխում են մեր տարածաշրջան, որի հետևանքով այնպիսի սառեցված հակամարտություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, կամա, թե ակամա ենթակվում է բռնկման ռիսկի. ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանին զրկել Անդրկովկասում նրա ունեցած լծակներից, որոնցից մեկն էլ ԼՂ խնդիրն է:

Օգտվելով Ռուսաստանի՝ այս հակամարտությունում որդեգրած կրավորական դիրքից՝ ԱՄՆ-ն, ըստ էության, բավական վճռական առաջարկով է հանդես գալիս՝ ուղղված հայաստանյան իշխանություններին՝ հստակ ուղերձ հղելով նրանց այն մասին, որ «սուրբ տեղը երբեք թափուր չի կարող մնալ», և եթե Ռուսաստանը, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, վարանի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գործընկերային պարտավորությունները, ապա մենք կարող ենք հույսներս դնել ԱՄՆ-ի վրա, որը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը հայտնվի անելանելի վիճակում:

Ինչ խոսք, այս հայտարարությունը բխում է բացառապես հայկական կողմի շահերից, քանի որ մեսիջ է՝ ուղղված ոչ այնքան Հայաստանին, որքան՝ Ռուսաստանին, որ նպատակ ունի Կրեմլին լսել տալու, որ վերջինիս տարածաշրջանային քաղաքականության ձախողման դեպքում ԱՄՆ-ն ոչ մի վայրկյան չի հապաղի ու իր ձեռքը կառնի այն լծակները, որ ներկայումս պատկանում են Մոսկվային. Մոսկվան կկորցնի իր՝ տարածաշրջանում միակ դաշնակցին՝ Հայաստանին՝ այդ կերպ դուրս մղվելով Անդրկովկասից ընդհանրապես: Թե ինչ արձագանք կստանա ԱՄՆ-ի կողմից կատարած այս քայլը, ցույց կտա ժամանակը, բայց որ Մոսկվան անհանգստանալու առիթ արդեն իսկ ունի, անվիճելի է…

Դավիթ Բաբանով 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *