Սելֆիների գինը…

timthumbԱրցախյան քառօրյա պատերազմը, որ, արդարև, կարելի է դասել մեր վարած պաշտպանական մարտերի գոհարների շարքին, թերևս, յուրատեսակ առիթ դարձավ, որպեսզի հայ հասարակության բոլոր խավերը՝ անկախ ունեցած սոցիալական ու հասարակական դիրքից, համախմբվեն, մեկ բռունցք դառնան ու միահամուռ ջանքերով հետ շպրտեն թշնամուն իր որջը: Այս ընթացքում ով ինչպես կարողանում էր, օգնում էր բանակին՝ առաջնագիծ ուղարկելով այն ամեն անհրաժեշտը, ինչը, սովորաբար, պետք է լինում պատերազմական օրերին:

Հայրենի մեծահարուստներից շատերը ևս, ինչպես գիտեք, իրենց մասնակցությունը բերեցին այս նվիրական գործին, ու ով որքան կարող էր և ինչպես կարող էր, իր օժանդակությունը ցուցաբերեց առաջնագծին. նրանց թվում էր և ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, ով, հիշեցնենք, մի քանի ֆուռ օգնություն էր ուղարկել առաջնագիծ ու ձեռքի հետ էլ հասցրել էր մի քանի ինքնատիպ սելֆիներ ու լուսանկարներ անել հենց առաջնագծում: Բայց պարզվում է՝ Ալեքսանյանի պարագայում ամեն բան իր գինն ունի, ու եթե նա ստիպված է լինում որևէ մեկին կամ անգամ հայկական բանակին ինչ-որ չափով օգնություն ցույց տալ, ապա դրա մասին երբեք չի մոռանում, ու երբ հասունանում է հարմար պահը, այն ձեռքից բաց չի թողնում՝ կատարված ծախսերը հետ բերելու համար. պարզվում է՝ Հայաստանում մայիսի 2-ից մեկ պարկ ալյուրի գինը թանկացել է մոտ 500 դրամով: Նշենք, որ Բաղրամյանի ալրաղաց գործարանը, որը, ինչպես գիտեք, Ալեքսանյանինն է ու գերիշխող դիրք ունի շուկայում, ներկայումս 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում է 23 դոլարով՝ նախկին 22-ի փոխարեն:

Թե հատկապես ինչու և կամ ներքին ու արտաքին որ բացասական ազդակների հետևանքով է, որ Ալեքսանյանի գործարանը որոշել է մայիսից թանկացնել ալյուրը, իհարկե, այդպես էլ մնում է առեղծված: Նորմալ երկրներում, երբ այս կամ այն խոշոր արտադրողը որոշում է ինչ-որ ապրանքատեսակի կամ առավել ևս ողջ ազգաբնակչության համար պարտադիր սպառման ենթակա մթերքների գինը բարձրացնել, նախ՝ ստիպված է լինում մանրամասն հաշվետվություն ներկայացնել ու կոնկրետ թվերով հիմնավորել իր այդ մտադրությունն ու պետությանն ապացուցել, որ գների բարձրացմանը գնում է ոչ թե միայն սեփական ժլատությունից դրդված, այլ՝ մի շարք օբյեկտիվ պատճառներից, ու իր այդ քայլը միանգամայնորեն բխում է տնտեսագիտության օրենքներից:

Հիմա հարց է առաջանում՝ արդյոք Ալեքսանյանն իրեն նեղություն տվե՞լ է ու փորձե՞լ է տնտեսագիտորեն փաստարկել, թե հատկապես ինչով է պայմանավորված նրա՝ ալյուրը մեկ դոլարով թանկացնելու որոշումը, թե՞ չունենալով հիմնավոր պատճառներ՝ այդ անելու, նախընտրել է այդ ամենն անել «ծիխարի»՝ հույսով, որ մարդ չի իմանա, ու ինքն էլ «մանրից» հետ կբերի այն ծախսերը, որ ստիպված է եղել անել՝ ի փառս հայրենյաց:

Ցավով պետք է ամրագրենք, որ  մեր երկրում «բարեգործություն» կոչվածը վաղուց վերածվել է մասսայական շոուի, ու ով ցանկանում է մարդկանց «աչքերին մի փոքր թոզ փչել» ու մոռացության տալ իր գործած ապօրինությունները, բարեգործ է ձևանում ու ձեռքի հետ էլ գովազդվում՝ մոռանալով, սակայն, որ բարեգործ ձևանալուց առաջ, նախ պետք է սեփական տնտեսական գործունեությունը ինչպես հարկն է կանոնակարգել ու այն դնել միանգամայն օրինական հիմքերի վրա և միայն դրանից հետո անել այն, ինչ կոչվում է «բարեգործություն». առանց մաքրագործվելու, որևիցե բան իմաստ չի կարող ունենալ…

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *