«Որքան հուր կա իմ սրտում, բոլորը՝ ձեզ»

timthumb

Ամեն անգամ, երբ մամուլում ակտիվորեն սկսվում է շրջանառվել ընտրությունների թեման, մեզ մոտ մի շատ բնական հարց է ծագում. տեսնես հասարակությունն ի՞նչ կարծիք ունի ընտրությունների՝ որպես իշխանությունների ձևավորման գլխավոր գործիքի մասին: Դատելով ամենայնից՝ կարելի է ենթադրել, որ հայ հասարակությունը կատարյալ անվստահությամբ ու ծաղրանքով է վերաբերվում Հայաստանում անցկացրված ու անցկացվելիք բոլոր տեսակի ընտրություններին՝ համարելով դրանք երկրում ժողովրդավարության քող ստեղծելու անհույս փորձ: Բայց մինչ ձեզանից ոմանք կշտապեն դատապարտել այս կարծիքը, կցանկանայինք մի ուշագրավ անդրադարձ կատարել ներհայաստանյան գործիչներից մեկին՝ փաստելու ասվածի ճշմարտացիությունը:

Եվ այսպես պարզվում է, որ «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը բավական հաջողությամբ ծառայել է որպես ընտրակաշառք բաժանելու անփոխարինելու գործիք: Նման եզրահանգման կարելի է գալ, մասնավորապես, երբ ուսումնասիրում ես Գյումրիի ներկայիս քաղաքապետ Բալասանյան Սամվելին պատկանող այս հիմնադարամի գործունեությունը՝ հատկապես նախորդ ընտրությունների ընթացքում. նախորդ ընտրությունների ժամանակ ընտրական տարում «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը մոտ 3 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան ոչ ընտրական տարիներին: Մասնավորապես՝ օրինակ՝ 2012 թվականի ընտրությունների ժամանակ «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը, որը, տարօրինակ զուգադիպությամբ, ստեղծվել է Գյումրիի ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ, ծախսել է 31 մլն 909 հազար 472 դրամ, իսկ արդեն 2015 թվականին՝ ընդամենը 11 մլն 850 հազար դրամ:

Պարզվում է՝ նախորդ ընտրական տարում հիմնադրամն այս 10 միլիոն դրամի հակակարկտային կայաններ է տեղադրել և շինարարություն իրականացրել Շիրակի մարզի համայնքներում: Այնուհետև «Բալասանյան» բարեգործական հիմնադրամի հաշվետվությունից պարզ է դառնում, որ հիմնադրամն ընտրական տարում 11.5 մլն դրամի արբանյակային ալեհավաքներ է անվճար տեղադրել Շիրակի մարզի որոշ համայնքների ազգաբնակչության բնակարաններում: Բացի այդ, բարեգործական հիմնադրամը Շիրակի մարզի որոշ համայնքների ազգաբնակչությանը գարու անվճար սերմացու է տրամադրել՝ 5 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Դե հիմա կանգնեք ու ասեք, որ այս ամենը՝ 2012-ին կատարած «բարեգործությունները», ոչ այլ ինչ են, քան Բալասանյանի անարատ սրտից բխած բարի ցանկությունների նյութական արտահայտում, որի նպատակն էր ձեռք մեկնել, օգնել հասարակության այն տարրերին, որոնք ապրում են կատարյալ աղքատության մեջ: Հետո էլ կանգնում ու փնովում եք մարդուն՝ մոռանալով, որ հանուն սեփական կարիերայի նա պատրաստ է անգամ բարեգործություն անել՝ անհայտ ծագմամբ փողերը շռայլելով ի սպաս հայ ժողովրդի սոցիալական կարիքների…

Չցանկանալով առանձնապես կենտրոնանալ այս մարդու անձի վրա՝ կցանկանայինք, այնուամենայնիվ, փաստել, որ մեր իրականության մեջ մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն անհատներին, որոնց բարեգործությունը կատարելապես զերծ է հետին մտքերից:

Ցավոք, արդեն վաղուց բարեգործական գործունեությունը շատերի համար վերածվել է սեփական PR-ի համար անփոխարինելի գործիքի, իսկ «ընտրակաշառք» կոչվածն էլ ներկայացվում է որպես սրտաբուխ բարիք՝ հանուն հայ ժողովրդի. այսպիսին է մեր գորշ իրականությունը՝ ուզած-չուզած:

Դավիթ Բաբանով 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *