«Արդարության» ջատագովը…

timthumb

Հավանաբար, տեղյակ եք, որ կոալիցիոն կառավարության շրջանակներում որոշում էր ընդունվել այն մասին, որ բացի որոշ նախարարությունների՝ դաշնակցության հովանու ներքո անցնելը, այս կուսակցությանն էին հանձնվելու նաև մի քանի մարզերի կառավարումը, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ. հանրապետական որոշ մարզպետներ փոխարինվեցին դաշնակցական կադրերով:

Հայտնի է, որ փոխարինվածներից մեկը Արագածոտնի նախկին մարզպետ, Դաշնակցության հետ կոալիցիայի պատճառով պաշտոնաթող եղած ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն է, ով, ըստ համառորեն շրջանառվող լուրերի, իր պաշտոնանկությամբ ոչ թե ընկել է ընկճախտի մեջ կամ ներկայումս փորձում է մի փոքր հանգիստ պարգևել սեփական բազմազբաղ մտքին, այլ լծվել է ոչ միայն ՏԻՄ ընտրություններին և հատկապես Թալինի գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի հաղթանակի ապահովման գործին, այլև իր անձնական կարիերային միտված հստակ քայլեր է ձեռնարկում։ Ասում են՝ նույնիսկ Սահակյանը գաղտնի ժողովներ է գումարում ու սկսում վարկաբեկել մարզի պատգամավորներին՝ նրանց մեղադրելով մարզի բոլոր խնդիրների մեջ՝ նման վարքագծով փորձելով համոզել իր համախոհներին, որ մարզից որպես պատգամավորի թեկնածու ինքը որևէ այլընտրանք չունի, իսկ եթե ստացվի այնպես, որ 2017-ին դառնա ԱԺ պատգամավոր, ապա կանի ամեն բան՝ իր հարազատ մարզի հետագա ծաղկումն ու բարեկեցությունը ապահովելու համար. համաձայնե՛ք՝ կատարյալ դեմագոգիա:

Մի ասացվածք կա այն մասին, թե ինչպես են որոշ մարդիկ, թողած իրենց աչքի գերանը, հապճեպորեն սկսում նշմարել այլոց աչքի չոփը՝ փորձելով իբր վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր իրենց պոտենցիալ հակառակորդներն են. հիմա իսկը այս պատմությունն է: Այլոց գործելաոճում ինչ-ինչ խութեր ու թերություններ նշմարելու փոխարեն՝ Սահակյանին խորհուրդ կտայինք մի փոքր ինտենսիվորեն զբաղվել ինքնադատափետմամբ. ասում են օգնում է… Հետաքրքիր է՝ որքանո՞վ ենք մենք ճանաչում այն մարդկանց, ովքեր ղեկավարում են Հայաստանի մարզերն ու շրջանները: Օրինակ՝ դուք, որպես հասարակ քաղաքացիներ, ի՞նչ գիտեք նախկին մարզպետ Սահակյանի մասին: Եթե ձեր շարքերում կան այնպիսիք, ովքեր չէին հրաժարվի հավելյալ տեղեկություններ ստանալ, թույլ տվեք մի քանի բառով ներկայացնել մեր այսօրվա հերոսին: Նախ՝ նշենք, որ Սարգիս Սահակյանը կրթությամբ անասնաբույծ-անասնաբույժ է: Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է անգամ կուտակել մանկավարժական աշխատանքի փորձ՝ աշխատելով որպես ուսուցիչ: 1996-ից մտել է Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի շարքերն ու անցնելով տարբեր փուլերով՝ հասել է մինչև մարզպետի աստիճանի՝ այս տարվա փետրվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Հիմա հարց՝ սույն պարոնին. երկար տարիներ լինելով Արագածոտնի մարզպետ՝ ինչո՞ւ չի կարողացել վերացնել բոլոր այն խնդիրները, որոնց մասին այդքան սիրում է բարձրաձայնել: Հետաքրքիր է՝ քանի՞ անգամ է սեփական երեսը «պադոշ» դարձնելով՝ միջնորդել կառավարությանը՝ հարազատ մարզի խնդիրների համար բյուջեից գումարներ ստանալու: Իսկ միգուցե նա այն բացառիկներից է, ում հովանու ներքո գտնվող պետական կառույցն այն միակն է, որ զերծ է եղել «ատկատներից»: Վերջերս մամուլով բավական ակտիվորեն անդրադառնում են պետական գնումների շրջանակներում զանազան պետական կառույցների կողմից իրականացրած գնումների թեմային՝ թվերով փաստելով տեղի ունեցած «ատկատները»: Հետաքրքիր է՝ Սահակյանի օրոք ատկատների ծավալներն ի՞նչ չափերի են հասել Արագածոտնում, ասենք բենզին գնելու պատրվակով քանի միլիոն դրամ է գրպանվել պետական բյուջեից, տվյալներ կա՞ն…
Ամենևին էլ չցանկանալով սրբագործել նրանց գործունեությունը, ում մասին Սահակյանը հաճախ է խոսում բացասական տոնով, կցանկանայինք համոզմունք հայտնել, որ քննադատելու իրավունք կարող է ունենալ միայն նա, ով ամբասիր է, ով ներքաշված չէ զանազան մութ պատմություների մեջ. սա է բնության օրենքը, համաձայն չե՞ք …

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *