Նախարարը՝ խժդժությունների կիզակետում

timthumb

Եթե հետևում եք օրվա լրահոսին, ապա նկատած կլինեք այն հաղորդագրությունը, որով տեղեկացվում էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Հնդկաստան՝ բանակցություններ վարելու: Խոսք չկա՝ օգտակար նախաձեռնություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մեր երկիրն ունի սեփական գյուղատնտեսական արտադրանքը ողջ ծավալով իրացնելու խնդիր, որի լուծման համար թիվ մեկ նախապայմանը, անշո՛ւշտ, արտահանման համար նորանոր շուկաներ հայտնաբերելն է. Հնդկաստանը հսկայական շուկա է, ու վատ չէր լինի, եթե այն մեզ համար հասանելի լիներ:

Հնդկաստանը՝ Հնդկաստան, բայց որ Հայաստանում չեն դադարում իսկական կրքեր եռալ՝ կապված 2015-ին խաղողի մթերման շուրջ առաջացած խնդիրների հետ, փաստ է: Այսպես. պարզվում է՝ փետրվարի 16-ին Արարատի մարզի Լուսառատ գյուղում մի խումբ հուսահատված և խաբված խաղողագործներ իսկական բողոքի ալիք էին բարձրացրել՝ իրենց համար որպես թիրախ ունենալով գյուղնախարարին: Ասում են՝ բանը հասել է նրան, որ այդ մարդիկ անգամ սպառնացել են փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհը՝ իրենց պահանջները լսելի դարձնելու հույսով: Պատճառը,ինչպես պարզվում է, նրանց՝ գործնականում անելանելի վիճակում հայտնվելն է. նախ՝ տոննաներովխաղողը ժամանակին չէին կարողանում մթերել, իսկ էժան գներով մի կերպ մթերելուց հետո էլ, ինչպես իրենք են պնդել, մինչև հիմա չեն կարողանում գումարները ստանալ:

Ինձ մի հարց է հետաքրքրում՝ Սերգո Կարապետյանին, ով, ինչպես հիշում եք, գործնական այցով Հնդկաստանում է հանգրվանել, զեկուցե՞լ են այն ամենի մասին, ինչ կատարվում է նրա իսկ հայրենիքում: Գիտի՞, արդյոք, սույն պաշտոնյան, որ հայ գյուղացիները չվճարված գումարների համարհենց իրեն են համարում գլխավոր պատասխանատու, քանի որ, նրանց իսկ խոսքերով ասած,գյուղնախարարը «ճոռոմ-ճոռոմ» խոստումներ էր տալիս, թե գյուղմթերքը կհանձնեն գործարաններին և վճարները կանոնավոր կստանան, մինչդեռ արդեն 6-7 ամիս է՝ գումարը տալու համար «սաղ» գյուղի հետ «շուն ու կատու» են խաղում:

Իհարկե, սխալ կլիներ, եթե ասեինք, որ նման իրավիճակը Հայաստանում բնորոշ է բացառապես գյուղատնտեսության ոլորտին. բոլորս էլ այս երկրի բնակիչներ ենք ու շատ լավ ծանոթ ենք այն իրականությանը, որում ապրում ենք. չվճարված աշխատավարձեր ու վերջնահաշվարկներ, 5 ամիսը մեկ, ասենք, առաջին 2 ամսվա աշխատավարձերի վճարում ու էլի նմանատիպ անբարեխիղճ բաներ… Բայց այն, ինչ կատարվում է հայ գյուղացիների պարագայում, իսկական աղետ կարելի է համարել. նրանցից շատերը վարկերի տոկոսների տակ են, ու ամեն մի չվճարված լումա մի ամբողջ ունեցվածքի գին կարող է ունենալ: Բայց ո՞ւմ է, գրո՛ղը տանի, այս ամենը հուզում. մարդիկ շատ ավելի կարևոր գործեր ունեն, քան հասարակ գյուղացիների չավարտվող խնդիրներներն են՝ մոռանալով, սակայն, որ իրենց բանուգործի բուն էությունը նույն այդ հասարակ գյուղացիների խնդիրներին լուծում տալն է:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *