Տաք-տաք աշխատատեղերն սպասում են ձեզ…

timthumb

Սիրելի՛ ընթերցողներ, մի հարց տամ ձեզ՝ դուք, ընդհանրապես, հետևո՞ւմ եք մեր նախարարների կողմից տրվող հարցազրույցներին:

Միգուցե շատերդ հիմա մտածեցիք՝ իսկ ո՞րն է, առհասարակ, դրա իմաստը: Գուցե և դուք ճիշտ եք. ի՞նչ իմաստ ունի անել մի բան, որը ոչ մի իմաստ, ըստ էության, չի կարող ունենալ: Ասածիս մեջ համոզվելու համար խորհուրդ եմ տալիս ձեզ ծանոթանալ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի տված վերջին հարցազրույցին, երբ նա մի շարք լրագրողների ներկայությամբ հանդես եկավ ցնցող հայտարարությամբ՝ իր խոսքում հնչեցնելով բավական վիճելի տեսակետ, համաձայն որի՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները հիմա արդեն կարող են միանգամայն նպատակահարմար համարել Հայաստանում աշխատելը, քանի որ, նրա խորին համոզմամբ, ՀՀ-ում ևս կան համապատասխան աշխատատեղեր, պարզապես ամբողջ հարցն այն է, թե ինչքան են վճարում դրսում և ինչքան՝ այստեղ:

Համաձայնե՛ք, որ ինչում-ինչում, բայց Գաբրիելյանին մեղադրել ավելորդ հոռետեսության մեջ, որևէ մեկը ոչ մի կերպ չի կարող. ամեն բան հրաշալի է, աննման՝ մանավանդ հայրենի խոպանչիների կյանքում, որոնք, եթե չեք մոռացել, կապված Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակի, ռուբլու անկմամբ պայմանավորված ֆինանսական ճգնաժամի հետ՝ ներկայումս հայտնվել են անելանելի վիճակում. չգիտեն ի՞նչ անել, ինչպե՞ս շարժվել, գնա՞լ արտագնա աշխատանքի, թե՞ մատնվել այստեղ սովամահության, քանի որ ներկայիս պայմաններում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելն անիմաստ է դարձել:

Բայց այս ամենի մասին, պարզվում է, գիտենք միայն մենք, իսկ ահա նրանք, որոնք ի պաշտոնե պարտավոր էին օր առաջ իմանալ ու կանխատեսել երկրում ստեղծված տագնապալի իրավիճակը, զբաղված են ինքնախաբեությամբ ու հանրությանը խաբելով: Եթե հետևենք Գաբրիելյանի տրամաբանությանը ու փորձենք ըմբռնել ասածի բուն իմաստը, կհանգենք այն եզրակացությանը, որ Հայաստանում աշխատատեղերի ավելցուկ է գոյացել. գործը կա, աշխատող չկա, ծույլ ենք ու ագահ, չենք բավարարվում հայրենիքում վաստակածով:

Ամեն տարի Հայաստանից Ռուսաստան է մեկնում աշխատանքի մոտավորապես 500 000 հայորդի, որոնց՝ կյանքի համար վաստակելու միակ ճանապարհը, ցավոք, օտարի համար բանվորություն անելն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, սպասե՛ք, մի շտապե՛ք մեկնել արտերկիր, Վաչե Գաբրիելյանը ձեզ համար հատուկ առաջարկ ունի. ուղիղ կես միլիոն աշխատատեղ Հայաստանում ձեզ է սպասում, 500 000 աշխատատեղ: Թո՛ւյլ տվեք պարզապես մի փոքրիկ նկատառում անել. առաջարկվող աշխատանքների դիմաց դուք կարող է, կրկնում եմ՝ կարող է (ասածս 100%-անոց չէ) վարձատրվեք ամսական, ասենք, 40 000 դրամով: Իսկ ի՞նչ է, մի՞թե 40 000-ը փող չէ, օրինակ վերցրեք Վաչե Գաբրիելյանից, ում համար նույնիսկ ամսական 10 000 դրամը զգալի գումար է կազմում, չէ՞ որ նա պետական պաշտոնյա է, ում աշխատավարձն առանձնապես «աչքի չի ընկնում» իր ծավալներով:

Այսքանից հետո կցանկանայինք մի անհարմար հարց ուղղել պարոն պաշտոնյային՝ դեռ մի կողմ թողնելով նրա կողմից հնչեցրած 500 000 թվի ծագումնաբանության հարցը: Դուք՝ ինքներդ, կարո՞ղ եք ամսական 40,50,60 հազար դրամով ապրել, ընտանիք կերակրել, ինչ-որ կերպ կենսավարել: Ո՞չ, իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ հասարակ ժողովուրդը սնվում է բացառապես օդով ու միանգամայն ընդունակ է նշված գումարով հոգալ սեփական կարիքները: Հարց, որը, համաձայնե՛ք, ավելի շատ հռետորական ժանրից է, քան իրական կյանքից բխող, որովհետև նախ՝ նման քանակի աշխատատեղեր չկան Հայաստանում, իսկ եթե ինչ-որ կերպ ենթադրենք, որ առկա էլ են, ապա դրանց դիմաց առաջարկվող աշխատավարձերն այնքան չնչին են, որ պարզապես աշխատելն է դառնում անիմաստ, ինչից էլ բխում է, որ Հայաստանում, որքան էլ ոմանք փորձեն իրավիճակը նկարագրել վարդագույն երանգներով, աշխատանք չկա, չկա և վերջ: Բայց մի՞թե այս ամենը Վաչե Գաբրիելյանին հուզում է, բա իրան սա պե՞տք է. ուզում է լինել, ուզում է՝ ոչ: Ինչպես ուզում են, թո՛ղ հասարակները պահեն սեփական գլուխները, պարոնին ի՞նչ դրանից: Ինքը շատ ավելի կարևոր գործեր ու հոգսեր ունի, օրինակ՝ ինչպես պլանավորել օրը, որ մի փոքր էլ կյանքի հաճույքներից օգտվելու ժամանակ գտնի. բա էլ ինչո՞ւ է աշխատավարձ ստանում, կյանքի հաճույքները վայելել է, չէ՞, պետք, չէ՞ որ ասում են՝ կյանքը կարճ է…

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *