Աղետալի իրավիճակ՝ Ախթալայում

timthumb

Եթե հիշում եք, օրերս էինք անդրադարձել Հայաստանում ծայր առած կրճատումներին, որոնք, պարզվում է, է՛լ ավելի խորանալու միտումներ են դրսևորում: Այսպես. մամուլում սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ այդ առումով հատկապես օրհասական իրավիճակ է տիրում Ախթալայում, ուր տեղի լեռնահարստացուցիչ կոմբինատում ընթանում են կրճատումներ’ տեղի բնակչությանը կանգնեցնելով փաստի առաջ. մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակում, ևշատերը չեն կարողանում նույնիսկ մթերային խանութներից «նիսիայով» վերցրած ապրանքի դիմաց կատարել համապատասխան մուծումներ, ինչը, իր հերթին, խանութների տերերին կանգնեցրել է փաստի առաջ, ու նրանցից շատերը պարզապես ստիպված են լինում փակել իրենց ապրուստի միակ աղբյուր հանդիսացող այդ վաճառակետերը: Իսկ վերոհիշյալ կրճատումները, գործարանի ղեկավարության հավաստիացմամբ, հիմնականում պայմանավորված են պղնձի միջազգային գների անկմամբ: Բանը հասել է նրան, որ գործարանը հասցրել է կուտակել նաև պարտքեր, որոնց պարտատերն իր իսկ նախկին աշխատակիցներն են. մարդկանց չեն վճարել իրենց հասանելիք վերջնահաշվարկը:

Համարել Ախթալայի բնակչության վիճակը եզակի՝ հայկական իրականության պայմաններում, իհարկե, ոչ մի կերպ չես կարող: Սխալված չենք լինի, եթե ասենք՝ երկար տարիներ է, ինչ գործնականում նույնատիպ իրավիճակ է տիրում գրեթե բոլոր մարզերում ու շրջաններում, ուր տեղի ազգաբնակչության համար սովորական է դարձել պարտքով հաց գնելու ոչ երանելի պրակտիկան: Սոցիալ-տնտեսական պայմանների վատթար լինելը հիմնականում պայմանավորված է մարզերում աշխատատեղերի բացակայությամբ. տեղի գործարանները չեն աշխատում, աշխատողներն էլ, որոնց թիվը, ինչպես գիտեք, խիստ սահմանափակ է, իրենց ողջ հզորությամբ չէ, որ գործում են: Բայց եթե նախկինում՝ նախքան ռուսաստանյան տնտեսության ճգնաժամն ու ռուբլու արժեզրկումը, մարզաբնակներից շատերն իրենց ողջ հույսը արդարացիորեն կապում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու հետ՝ հույս ունենալով գոնե այդ կերպ, ասենք, կարողանալ փակել վարկերի տոկոսադրույքները, ապա այժմ ՌԴ գնալը պարզապես ձեռնտու չէ. ռուբլին, ինչպես ասում են, ջուր է դարձել:

Այս ամենի ֆոնին՝ ինչպե՞ս չմտաբերես Զախարյան Երվանդի երբեմնի ամպագոռգոռ խոստումներնառ այն, որ պետությունը կկիրառի համապատասխան գործիքակազմ՝ կանխելու նմանատիպ գործարանների վաղաժամ կործանումը: Ահա և ձեզ խոստացած սուբսիդիաները, չե՞ք տեսնում՝ինչպես են մարդիկ «դոշ տված» պաշտպանում հայրենական արտադրողին: Համաձայնե՛ք, որ հայաստանյան իրականությունը շատ երկրներում տիրող պատկերից տարբերվում է նաև նրանով, որ եթե որոշ տեղերում կառավարությունն աշխատում է լռելյայն, բայց արդյունավետորեն ու հետո միայն խոսում, ապա մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ շռայլ խոստումներ են տալիս, ոգևորված բարբառում, բայց արդյունքում՝ ոչինչ էլ չի փոխվում ու «սայլը տեղից այդպես էլ անշարժ է մնում»:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *